«Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալը շատ վատ է անդրադարձել նախ՝ ԼՂ հասարակության վրա: Ղարաբաղը հայտնվեց աղքատ բարեկամի կարգավիճակում` հույս դնելով, թե մեր տղան Երեւանում է, մի բան կանի, ու նստած սպասում են»,- երեկվա ասուլիսում` պատասխանելով հարցին, թե ինչպես է ԼՂՀ բանակցային գործընթացի վրա անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելը, հայտարարել է «Կովկաս» կենտրոնի փորձագետ, ղարաբաղցի Մանվել Սարգսյանը` հավելելով, թե վաղն էլ կարող է ԼՂՀ ներկայիս նախագահ Արկադի Ղուկասյանը «գործուղվել» Հայաստան, հետն էլ 50 հոգի բերել, բայց եթե հասարակությանը դուր չեն գալիս նման երեւույթները, ապա նա իր դիրքորոշումներով պետք է կասեցնի նման զարգացումները: Մ. Սարգսյանը նաեւ նշել է, թե Հայաստանից էլ են ԼՂՀ պաշտոնյաներ «գործուղվում», սակայն այդ փաստը ԼՂՀ-ում նույնքան ցավալի չի ընդունվում, որքան այստեղ:
Ըստ Մ. Սարգսյանի, Ղարաբաղի չինովնիկները ավելի որակով չեն, քան Հայաստանի չինովնիկները. «Ոմանք նույնիսկ անորակ են, սակայն Ղարաբաղի չճանաչվածությունը զսպող դեր է խաղում: Չինովնիկն իր վրա պատասխանատվություն չի վերցնի, որ հետո ասեն` քո պատճառով մեր երկիրը տապալվեց կամ պատերազմ կսկսվի»: Մանվել Սարգսյանի հավաստմամբ, ճիշտ է` Ղարաբաղում Հայաստանի նման չկա իշխանություն-հասարակություն ջրբաժան, բայց այնտեղի իշխանություններն էլ պատրաստ չեն այլընտրանքով ընտրությունների: Ավելին` նրանք հիացած չեն, որ Բակո Սահակյանին որպես այլընտրանք՝ հանդես է գալիս ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը. «1991թ. շարժումը ԼՂՀ-ում մոտ մեկ տասնյակ լիդերներ էր ծնել, սակայն շատ էական էր, որ նրանք բոլորը համաձայնության եկան, եւ ժողովրդի կողմից ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ես ուզում եմ, որ ընտրություն լինի, ով կընտրվի` կընտրվի: Ընտրված իշխանության հզորությունը շատ մեծ է: Արթուր Մկրտչյանն ընտրված էր եւ չճանաչված երկրի նախագահին անմիջապես այցելեցին աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Արկադի Ղուկասյանին դարձրեցին նախագահ, եւ նրա անունը երկու տարի ոչ ոք չգիտեր»,- վստահեցնում է Մ. Սարգսյանը` ավելացնելով, թե 1994 թվականից առայսօր ոչ մի բան չի փոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինչ վերաբերում է ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններին, թե Ղարաբաղը պետք է մասնակից դառնա բանակցային գործընթացներին, ապա, ըստ Մ. Սարգսյանի, դրանք հուսահատության դրսեւորումներ են: «Ղարաբաղը բանակցություններին չի մասնակցում, որովհետեւ ոչ ոք չի ուզում, որ նա մասնակցի: Ղարաբաղը պետք է քաղաքական խնդիրների տեր լինի, բայց այդ խնդիրները դու պետք է զիջես իրեն, եթե Հայաստանը չի զիջում եւ վերցնում է իր վրա, Ադրբեջանը ուրախությամբ գալիս քեզ հետ է բանակցում: Մի խնդիր է՝ Հայաստանի հետ տարածքային վեճը, այլ` Ղարաբաղի: Հայաստանի հետ տարածքային վեճում նա անմիջապես սիմետրիկ խնդիր է դնում. դու այսքան ես վերցրել, ես՝ այսքան»,- վստահ է Մ.Սարգսյանը: Նա գտնում է, որ մինչեւ բանակցությունների անմիջական մասնակից դառնալը ԼՂ-ն պետք է ներկայացնի, թե ինչ նոր բան կարող է տալ գործընթացին. «Առաջարկներ կային Հայաստանին, որ ԼՂ-ն ինքը պետք է որոշի՝ տարածքների, փախստականների խնդիրը քննարկե՞լ, թե՞ ոչ: ՀՀ-ն կարող է միայն զինված ուժերի խնդիրը քննարկել եւ վերջ: Եթե կողմերը սա չեն ընդունելու, ապա անիմաստ է, որ ԼՂՀ-ից ինչ-որ մեկը գա եւ վիզը ծռած նստի»,- նկատում է Մ.Սարգսյանը: Անդրադառնալով ԼՂՀ նախագահական ընտրություններին՝ Մ. Սարգսյանն ասաց, թե դա միայն ԼՂՀ «գործը» չէ. դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է: «Հայաստանը չպետք է միջամտի Ղարաբաղի նախագահի ընտրություններին, բայց նաեւ չպետք է կողքից նայի, պետք է ակտիվ հետաքրքրություն ցուցաբերեն ՀՀ բոլոր 3 միլիոն քաղաքացիները»,- ասում է «Կովկաս» կենտրոնի փորձագետ Մ. Սարգսյանը: Նրա հավաստմամբ՝ ԼՂՀ նախագահական ընտրություններում պայքարն ընթանալու է հիմնականում երկու թեկնածուների` ԼՂՀ ԱԱԾ պետ Բակո Սահակյանի եւ ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանի միջեւ: Ըստ նրա, Մ. Մայիլյանի առաջադրմամբ ԼՂՀ իշխանություններն առանձնապես ոգեւորված չեն, եւ հենց դա է պատճառը, որ ԼՂՀ խորհրդարանական բոլոր ուժերը պաշտպանում են ԱԱԾ պետ Բակո Սահակյանի թեկնածությունը: