Օրերս «Կուլտուրա» հեռուստաընկերությունը ցուցադրում էր, թե ինչպես իտալական մի փոքրիկ քաղաքում, կենտրոնի ամենամեծ դահլիճում, օրը ցերեկով հավաքվել էին հազարավոր մարդիկ: Դա հանդիպում չէր «Եվրատեսիլում», ասենք, 7-րդ տեղը զբաղեցրած իտալացի մասնակցի կամ շոու-բիզնեսի ինչ-որ մի աստղի հետ: Մարդիկ տոմսեր էին գնել եւ գնում էին դասախոսություն լսելու: Դասախոսության թեման բնավ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմները եւ ոչ էլ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու ձեւերը չէին, այլ, ինչպես կազմակերպիչ աբբահայրն ասաց` «կյանքի իմաստը»: Մեր ժամանակների համար մի տեսակ անախրոնիկ ու նաիվ է հնչում` գնալ դասախոսություն լսել կյանքի իմաստի մասին: Նույնիսկ անհարմար է արտաբերելը: Անհարմար չէ ժամերով դետալային քննության առնել` որ աստղն ում հետ քնեց կամ ինչ կարճության փեշ հագավ այսինչ կինոփառատոնին, սակայն կյանքի, իմաստավորված կյանքի մասին խոսելիս անգամ ամոթ ես զգում, ուզում ես ասել` ներեցեք անհարկի պաթոսի համար, այլեւս չեմ անի: Աբբահոր դասախոսության փոքրիկ ցիտատը, որը մեջբերվեց հաղորդման ընթացքում, քրիստոնեական արժեքները կյանքում կիրառելու ու երեխաների մասին էր: Սրանք են, ըստ նրա, կյանքի իմաստի հիմնական առանցքը: Երեխային, ասում էր քահանան, ոչ այնքան պետք են ձեր ֆինանսական ներդրումները նրա կենցաղային կարիքների համար, որքան բարձր, հոգեւոր արժեքների փոխանցումը ձեր իսկ անձնական օրինակի միջոցով: Իսկ առջեւում հունիսի 1-ն է, եւ թեեւ օրացույցում հունիսի 1-ը կարմիր գույնով չէ, որ նշված է, սակայն բոլորս գիտենք, որ հենց այդ օրն է առաջադեմ մարդկությունը նշում Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն, թե որպիսին է երեխաների հանդեպ մեր հասարակության վերաբերմունքը, պարզ երեւում է հատկապես այդ օրը: Հայաստանում հունիսի 1-ին գրանտ սիրող մի քանի հասարակական կազմակերպություններ սեմինարներ են անցկացնում, հեռուստաընկերությունները ցուցադրում են, թե ինչպես են մեր մանուկներն Օպերայի բակում կավիճով նկարում: Վստահ ենք՝ հունիսի 1-ին բարձրաստիճան չինովնիկների կանայք կայցելեն մանկատներ, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների դիսպանսերներ, կբաժանվեն փափուկ խաղալիքներ: Շեշտը, ինչպես միշտ, կդրվի արտաքին էֆեկտի վրա: Եվ ոչ մի «կյանքի իմաստ»:
Սակայն, այնուամենայնիվ, հիշենք` մենք բոլորս գալիս ենք մանկությունից: Անգամ նրանք, ովքեր այսօր ղեկավարում են մեր երկիրը, բոլոր նրանք, ովքեր զբաղեցնում են քիչ թե շատ պատասխանատու պաշտոններ: Նրանք բոլորն էլ իրենց մանկությունն անց են կացրել խորհրդային տարիներին, դիտել են Դովժենկոյի կամ Օդեսայի կինոընկերությունների նկարահանած ֆիլմերը, դիտել են «Ոզնին` մշուշում» ու շատ այլ մուլտֆիլմեր, որոնք քարոզում էին ամենեւին ոչ փարիսեցիություն, գավառամտություն, կեղծարարություն, ստրկամտություն: Հետեւաբար, ինչպես մեր մուլտիպլիկատորներից մեկն էր տարակուսում` նրանք պետք է մեծանային գոնե ոչ այսպիսին, որպիսին մենք ենք տեսնում նրանց:
Ժամանակին, երբ երեխաներին սերտել էին տալիս «Լենին պապիկն էլ մանուկ է եղել, Մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ» ոտանավորը, ծիծաղելի էր հնչում, սակայն բանն այն է, որ դաժան, բանականությանը հակասող գործողություններ կատարող հասուն մարդուն հասարակությանն ընկալելի, ընդունելի դարձնելու համար ստիպված էին հիշեցնել, որ նա էլ է մանուկ եղել, այսինքն` նա անդառնալիորեն կորած մեկը չէ, գուցե թե սրիկա է, սակայն ունի գոնե մի արժանիք` նա էլ է մանուկ եղել: Ու վերաբերմունքը դեպի նա արդեն ինչ-որ չափով մեղմանում է, գոնե ենթագիտակցական մակարդակում:
Երեխաների ու մանկության մասին ասված մտքերն ու աֆորիզմները շատ են եւ, որպես կանոն, իրարամերժ: Մեր հասարակությունն առավել գնահատում է հատկապես այս երկուսը` «Երեխաները մեր ապագան են», «Ամեն ինչ` երեխաների համար»: Սրանք ամենահաճախն են ցիտվում, քանի որ արդեն ինչ-որ տեղ տպագրված, պատրաստի մտքեր են, որոնք արտաբերելու համար չի պահանջվում, ասենք, Էքզյուպերիի ու Սարոյանի իմացություն: Սակայն երբ հարցնեք տարիքն առած մի մամիկի, թե նրա կարծիքով՝ աշխարհում ամենաէժան բանն ինչն է, նա կպատասխանի` ուրիշի երեխան: Եվ դա այդպես է հատկապես ցածր գիտակցություն ունեցող եւ քաղքենիական այնպիսի հասարակություններում, որպիսին է նաեւ մերը: Հայկական ընտանեկան արժեհամակարգում երեխան հիմնական տեղում է, նրան է վերապահված ստանալ ծնողների, մերձավորների ուշադրության ու խնամքի դոմինանտ մասը: Մեր ընտանիքներում երեխայի հանդեպ վերաբերմունքը հաճախ ծիսական-պաշտամունքային երանգներ է ստանում: Այն, ինչ մենք մեզ պարտավորված ենք զգում տալ երեխային՝ վիտամիններով հարուստ սնունդն է, մաքուր եւ ժամանակակից հագուկապը, միջնակարգ ու բարձրագույն կրթությունը: Նրան հոգեւոր, բարոյական արժեքներին մոտեցնելու միակ ճանապարհն էլ, մեր պատկերացմամբ, բաց տեսարաններով ֆիլմի ամենաթեժ տեղում հայացքը հեռուստաէկրանից չկտրելով` նրան մի բաժակ ջրի ուղարկելն է: Ավելին անելու ձգտումը, կրթությունն ու գիտակցությունը մեր հասարակությունը չի խրախուսում:
Երբ կիրակի օրը Գյումրիում կատարված փոխհրաձգությունից հետո անհետացավ 12 տարեկան մի երեխա, լրատվամիջոցները վարկած առաջադրեցին, որը, ցավոք, ամենահավանականներից մեկն է. որ երեխան թերեւս ստացած հրազենային վնասվածքից մահացել է, եւ նրան թաքցրել են: Թե ինչ վիճակում են նրա ծնողներն, արդեն ենթադրելի է: Սակայն անհետացած երեխայի ծնողներն իրենց ծնողական սերն ի վիճակի չեն ծառայեցնել երեխային հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն ծնողական հոգածության մեկ այլ, արդեն գործուն դրսեւորում է այս պատմության մեջ այն, որ նույն այդ փոխհրաձգության կազմակերպիչներից մեկին` Գյումրիի քաղաքապետի որդուն, դեռեւս կալանավորել չի հաջողվում, քանի որ Վարդան Ղուկասյանի հայրական սերն ամեն գնով փորձում է որդուն ազատել իրավապահների հետ հանդիպումից: Շուտով Հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության օրը: Սակայն ո՞րն է այն սահմանագիծը, երբ մարդը դադարում է երեխա լինելուց, հետեւաբար՝ դադարում է նաեւ պաշտպանության կարիք զգալուց: Անպտուղ զգացմունքայնությունից, անելանելիության զգացումից խուսափելու ելքը թերեւս կյանքի իմաստի մասին դասախոսության տոմսեր ձեռք բերելն է: