Երեկ Երեւանի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար հնչել է հերթական ավարտական վերջին զանգը: Այդ առթիվ Երեւանի քաղաքապետարանը նախատեսել էր համաքաղաքային շքեղ հանդիսություն: Դպրոցներում միջոցառումները մեկնարկել էին ժամը 12:00-ից:
Իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, միջոցառումները պետք է անցկացվեին մշակութային տարբեր օջախներում, օրինակ, Հ. Պարոնյանի, Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնների շենքերում: Ըստ Քաղաքապետարանի Կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի, այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, «Վերջին զանգի» միջոցառումը Հանրապետության հրապարակից տեղափոխվել է Ազատության հրապարակ` այնտեղ տեղի ունեցող «երգող» շատրվանների հիմնավերանորոգման աշխատանքների պատճառով: Չգիտես ինչու, Հանրապետության հրապարակում վերջերս տեղի ունեցած «Երեւան-Մոսկվա-Տրանզիտ» համերգային նախագծին շինարարական աշխատանքները խոչընդոտ չէին հանդիսացել, իսկ «Վերջին զանգի» արարողությանը խոչընդոտում է: Կարծում ենք, որ դպրոցականները շատրվանների ավազանի տարածքում այդ օրը բացարձակ անելիք չունեին: Ամենայն հավանականությամբ, «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունների համատեղ հավաքը, որը նախատեսված էր անցկացնել Ազատության հրապարակում, կասեցնելու համար է, որ շրջանավարտների տոնական միջոցառման ավանդական վայրի փոփոխություն է տեղի ունեցել: Ինչեւէ, ըստ Քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանի, այս տարի ավարտական տոնական միջոցառման ձեւաչափն էլ է փոփոխված, քանի որ քաղաքային իշխանությունը որոշել է այն վերածել դիսկոտեկային անմոռանալի երեկոյի` հաշվի առնելով երիտասարդների փոփային եւ ռեփային նախատրամադրվածությունները: Քաղաքապետարանի ներկայացուցիչների խոսքով` միջոցառման ժամանակ օգտագործվելու են հզոր լուսային, ձայնային, նույնիսկ լազերային էֆեկտներ:
Նախապես արված այն հայտարարություններին, թե միջոցառումները պետք է կրեն ներդպրոցական բովանդակություն` զերծ մնալով կենցաղային եւ խնջույքային արարողություններից, այնուամենայնիվ տասներորդցիներն իրենց երեկոն, ինչպես միշտ, կշարունակեն Երեւանի վաղօրոք «բրոնյա արված» որեւէ դիսկոտեկային եւ ռեստորանային համալիրում: Իսկ այն տասներորդցիները, որոնք ազատ փակ տարածք չեն գտել, իրենց երեկոն կանցկացնեն Հրազդանի կիրճում կամ որեւէ այլ ձորում, եթե, իհարկե, անձրեւները չխանգարեն: Ամենավտանգավորն այն է, որ շրջանավարտներն առանց մեծահասակների` ուսուցիչների եւ ծնողների ուղեկցության են կազմակերպում իրենց խնջույքները, քանի որ ուսուցիչներին արգելված է մասնակցել, իսկ ծնողների ներկայությունը ցանկալի չէ: ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն էլ զգուշացրել է ծնողներին` այդ օրն անչափահասներին ավտոմեքենաներ չտրամադրել, քանի որ նախորդ տարիների վիճակագրությունը վկայում է, որ տոնակատարության օրերին ճանապարհատրանսպորտային պատահարների աճ է արձանագրվել: Այն խոսակցություններին, թե պարտադիր կերպով բոլոր տասներորդցիները խնջույքներ են կազմակերպում, Ս. Աչոյանը համաձայն չէ, քանի որ հակված է այն մտքին, որ խոսակցությունները չափազանցված են: Նա կարծում է նաեւ, որ հասարակությունն էլ պետք է պահանջկոտ լինի: Ուսումնական տարին ավարտվեց, բայց առջեւում ավարտական քննություններն են ու կառնավալային խնջույքը: Պաշտոնապես 2006-07թ. ուստարվա ավարտ է հայտարարված հունիսի 20-ը: Հարկ է նշել, որ ավարտական երեկոյի համար աշակերտներն ու ծնողները նախապատրաստվում են դեռ սեպտեմբերից` ուսումնական տարվա սկզբից: Լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, օրինակ, Պուշկինի անվան դպրոցի շրջանավարտներն այդ կապակցությամբ հավաքում են 70-80 հազար դրամ` յուրաքանչյուր ամիս ավարտական տարվա բյուջեին փոխանցելով 10-15 հազար դրամ: «Պուշկինցիները» նախապատվությունը տալիս են «Բելաջիո» ռեստորանային համալիրին: Պատճառն այն է, որ «Բելաջիոյի» սեփականատիրոջ երեխան այդտեղ է սովորում: Մի քանի տարի առաջ այդ դպրոցի սաներն իրենց ավարտական խնջույքը նշել էին «Շանթ» ռեստորանային համալիրում, հնարավոր է, որ առաջիկայում այդ ավանդույթը վերականգնվի, քանի որ հիշատակված դպրոցի 7-րդ դասարանում է սովորում համալիրի տերերից մեկի որդին:
Դպրոցների տնօրենները գերադասում են եվրոն
Հանրակրթական օջախներում դրամահավաքությունը կանխելու պաշտոնական հայտարարությունները «հոնքը սարքելու տեղը՝ աչքն էլ են հանում»: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների պատմությունները, անկախ կրթօջախի համայնքային պատկանելությունից, «անհավանականն` ակնհայտ» շարքից են: Ավարտական քննություն ունեցող դասարաններից (դրանք 3-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններն են)՝ բարձր դասարանցիներից յուրաքանչյուրը դպրոցի տնօրենին իր «երախտագիտությունն» է հայտնում 100 եվրոյով (նկատել են, որ դոլարն արժեզրկվում է, անցել են եվրոյին), 3-րդ դասարանցիների համար, որոնք քննություն են հանձնում հայերեն եւ մաթեմատիկա առարկաներից, ավելի մեղմ սակագին է գործում` 50 եվրո: Դրամահավաքության ներքին կազմակերպչական հարցերը լուծում են դպրոցների ծնողական կոմիտեները` աշակերտներից հավաքագրելով 8-10 հազար դրամ: Մայրաքաղաքի թիվ 76` հայ-արգենտինական (նախկինում` Կամոյի անվան) դպրոցի աշակերտներից մեկի ծնողը, որը խուսափեց նշել անունը, գանգատվում էր՝ «ամեն տարի վերանորոգման համար գումարներ են հավաքում, բայց այդպես էլ ոչ մի փոփոխություն չենք տեսնում: Ջեռուցման համար էլ ամեն ամիս տալիս ենք 500-2000 դրամ: Դրամահավաքության դեմը ոչ մի կերպ չենք կարողանում առնել»: Զրույցին մասնակցող Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցներից մեկից մի ծնող էլ պատմում էր, որ ծնողական ժողովների ժամանակ դասղեկների մոտ շրջանառվում է ցուցակ, որտեղ լրացվում են աշակերտների ծնողների, մանավանդ՝ հայրերի աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, եկամտի չափը: Ծնողի ասելով՝ ուսուցիչներն ամեն կերպ փորձում են նվաստացնել տնային տնտեսուհի մայրերին` ամբողջական ինֆորմացիա ստանալով նրանց նյութական վիճակի մասին: Նա ասում էր նաեւ, որ ծնողները սովորություն են դարձրել ծնողական ժողովի ներկայանալ շոկոլադե տուփերով: Իսկ Երեւանի Աջափնյակ համայնքի դպրոցներից մեկի տնօրենի մասին պատմությունները զավեշտի են հասնում: Ծնողը պնդում էր (իր երեխայի անվտանգությունն ապահովելու համար չներկայացավ), որ դպրոցի տնօրենն աշակերտներից բացակայությունների եւ դասից փախչելու դիմաց «տուգանում» է X մետր վարագույրի կտորով: Ծնողներն այդ կապակցությամբ դիմել են վերադաս օղակին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել: Ընդ որում, վարագույրի կտորի բիզնեսով զբաղվող եւ «թիկունք» ունեցող տնօրենն այս տարի արհեստականորեն ուռճացրել է նաեւ 10-րդ դասարանների թիվը` հասցնելով 5-ի, որպեսզի եվրոն կրկնապատկվի: Անօգնական վիճակում են հայտնվել նաեւ այս տարվա կրտսեր առաջին դասարանցիների ծնողները, որոնք ստիպված են եղել պարբերաբար գումարներ տրամադրել դպրոցին: Ա. Մայակովսկու անվան դպրոցի ծնող Ն.-ն, չմեղադրելով դպրոցի ղեկավարությանը, նշեց, որ 6 տարին չբոլորած երեխաների համար, որոնք 4 ժամ շարունակ դասի են (45 րոպե` դասաժամ, 5 րոպե՝ ընդմիջում), անհրաժեշտ բոլոր պարագաները` սկսած սեղան-աթոռներից, վերջացրած երաժշտական կենտրոնով, ծնողները սեփական նախաձեռնությամբ են հոգացել: Աշակերտներն արդեն գրաճանաչության վկայականներ են ստացել: «Տղայիս դասարանի 12 երեխաների ծնողներն էլ գանգատվում են, որ երեխաները նյարդային, լացկան, անկառավարելի վարքագիծ են ձեռք բերել: Ծրագիրը գերծանրաբեռնված էր: 36 տառերը երեխաները 3 ամսում սովորեցին: Ուսումնական տարվա նախօրեին Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի եւ հոգեբանի հեռուստատեսային բանավեճի ժամանակ նախարարության ներկայացուցիչը պնդում էր, թե կրտսեր առաջին դասարանցիներն ապահովված են անհրաժեշտ դասասենյակներով եւ խաղասենյակներով, իրականությունից հեռու են: Նախաճաշի, նախավարժանքի, երեխաների հանգստի եւ ուսման համար ամեն մանրուքը դպրոցի եւ հայ կնոջ ուսերին էր դրված»,- ասում էր կրտսեր առաջին դասարանցու մայրը: