Ուտելը մարդու կենսական պահանջներից մեկն է: Եվ ինչպես ամեն ինչ, այս պահանջը եւս ունի ազգային առանձնահատկություններ: Բնականաբար իտալական, ֆրանսիական, մեքսիկական, ռուսական եւ այլ խոհանոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում նաեւ հայկական խոհանոցը:
Փորձենք թվարկել այսօրվա հայկական խոհանոցում ընդունված ամենաճանաչված ուտեստները՝ տոլմա, խաշ, խորոված, բոզբաշ, քյուֆթա, ղավուրմա, խաշլամա, չխրթմա, հարիսա: Մի քիչ ավելի ուշադիր ուսումնասիրելով, հասկանում ենք, որ վերոնշյալ բոլոր ճաշատեսակների հիմքում ընկած է միսը: Ստացվում է, որ իրոք մարդը ամենագիշատիչ կենդանին է: Մենք, իհարկե, այլ ուտեստներ էլ ունենք, կամ, ավելի ճիշտ, ունեցել ենք, օրինակ, ավելուկով ապուր, սպանաղ, սիբեխ, Գորիսի լոբի, հումուս: Սակայն դրանք կամ մոռացված են, կամ այնքան քիչ են օգտագործվում, որ մոռացվածի հաշիվ են:
Ըստ քծնանքի դասական օրենքների, վերջին տարիներին շատ-շատերի կերակրացանկում պետք է տեղ գտներ ժենգյալով հացը: Բայց անգամ կարիերիզմը չկարողացավ հաղթահարել մեր սերը դեպի տապակած հավը: Այստեղից կարելի է եզրակացություն անել, որ ավանդական խաշն ու խորովածը պաշտոնից թանկ են:
Մենք` հայերս, շատ ենք սիրում ճանապարհորդել: Բայց ես նկատել եմ, որ «ճանապարհի հաց» հասկացողություն միայն մենք ունենք: «Ֆոլգայով հավը», լավաշով բրդուճը, թերմոսով սուրճը մեր ճանապարհորդող հայրենակիցների ճամպրուկների պարունակության մեծ մասն են կազմում: Դրա համար էլ ոչ մի ազգ լրացուցիչ բեռի համար փող չի վճարում, իսկ մենք տոմսի գնից էլ շատ ենք վճարում: Էլ չեմ ասում արտասահմանյան ընկերներին նվեր տարվող բաստուրմայի քանակի մասին: Մի հետաքրքիր պատմություն կա, երբ ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում մաքսատան աշխատող մի սեւամորթ կին երկար ուզում էր հասկանալ, թե որտեղ են ապրում եւ ինչով են զբաղվում այդքան հում միս ուտող մարդիկ: Դե արի, այդ սեւամորթ կնոջը բացատրիր, որ երբ մեր պապերն Աստվածաշունչ էին թարգմանում, իր պապերը դեռ հում միս էին ուտում, այն էլ` առանց որեւիցե համեմունքի: Էլ չեմ ասում, որ եթե նա իմանար, թե ինչքան խոլեստերին է պարունակում մեր մի աման խաշը, աշխատանքից կազատվեր:
Շատ հետաքրքիր է հայ ծնողների` երեխաներին կերակրելու տեսարանը: Մինչեւ 7-8 տարեկան, ուտացնում են մամայի, պապայի, տատիկի «խաթր» այնքան, որ «սիրուն, պոնչո երեխա» դառնա, հետո ամսագրերից եւ բժիշկներից դիետաներ են հայթայթում, որ չմեծանան «բութ ու շատակեր»: Փորձը ցույց է տալիս, որ վերջինը նրանց մոտ լավ չի ստացվում:
Ես հասկանում եմ, որ հիմա ինչ ճարում են` այն էլ ուտում են: Ուղղակի, երբ անհասկանալի մարմնով ու դեմքի ավելի անհասկանալի արտահայտությամբ կանայք զզվելով պարծենում են, որ չինական ռեստորանում ինչ-որ ճիճուներ են կերել, նրանք չեն էլ կարող պատկերացնել, որ չինական խոհանոցն աշխարհի ամենաառողջարար խոհանոցներից մեկն է:
Ես չգիտեմ, թե ըստ արարողակարգի ի՞նչ են հյուրասիրում պաշտոնական պատվիրակությունների անդամներին, երբ նրանք պաշտոնական այցով ժամանում են Երեւան, բայց պատկերացնում եմ, որ երբ մեր պատվիրակություններն են մեկնում արտասահման, այնտեղ տված հացից հաստատ դժգոհ կմնան, որովհետեւ «տղեքը սովոր են պերերիվին մի կտոր հաց ուտելուն», իսկ այնտեղ բանկետների ժամանակ «պուճուր հացի վրա պուճուր կալբաս են տալիս»:
Իսկ մեծ հաշվով, քանի որ «ճաշակին ընկեր չկա», ավելի լավ է , ով ինչ ուտում է` թող անուշ լինի: