Ինչո՞ւ հենց Մինեսոտայի «Հիլլը»

30/05/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրինությունը ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում գտնվող Սուրբ Հովհաննես վանք-համալսարանի, կից գործող «Հիլլ» գրադարան-թանգարանի` ՀԹՁԳ, հետ համաձայնագիր-պայմանագիր-հուշագիր էր կնքել, ըստ որի` ամերիկյան կողմը պատրաստ է Մատենադարանում սկսել հին ձեռագրերի թվանշայնացումը: Ըստ պայմանագրի` ամերիկյան կողմը պարտավորվում է յոթ տարվա ընթացքում թվանշայնացնել ձեռագրերը, իսկ անհրաժեշտ սարքավորումները աշխատանքից հետո նվիրել Մատենադարանին:

Ստորագրված փաստաթղթի անվանումը տարաձայնությունների առիթ է տվել, քանի որ ստացվել է այնպես, որ «Հիլլի» ուղարկած փոխըմբռնման նամակը` «Letter of understanding»-ը, որը հայկական տարբերակում «համաձայնագիր» անվանումն է ստացել, ու վերջնական պայմանագիրը նույն օրն են ստորագրվել: Դա արդեն իսկ շատ տարօրինակ փաստ է, տարօրինակ է նաեւ, թե ինչո՞ւ են հուշագիրն ու պայմանագիրը գաղտնի պահվում հանրությունից ու նույնիսկ Մատենադարանի աշխատակիցներից:

Ավելին, պայմանագիրը կցվել է համաձայնագրին: Մինչդեռ նախնական համաձայնագրի ստորագրումից հետո գոնե պետք էր որոշ ժամանակ սպասել` բոլոր կետերն ուսումնասիրելու-հստակեցնելու համար: Իսկ անհամապատասխան ու թերի ձեւակերպումներն անգլերեն ու հայերեն տարբերակներում քիչ չեն, որոշ կետերում երկու լեզվով ներկայացրած կետերն ուղղակի իրար չեն համապատասխանում: Ընդ որում, եւ՛ համաձայնագրում, եւ՛ պայմանագրում «digitalalising» հասկացողությունը սխալ է թարգմանված: Այն որպես «թվայնացում» է թարգմանված, իսկ բարձր տեխնոլոգիաների մասնագետների պնդմամբ` այն պետք է որպես «թվանշայնացում» ներկայացվեր: Մեկ օրինակ եւս. հայերեն լեզվով ներկայացրած կետերից մեկում ասվում է. «ՀԹՁԳ-ին իրավունք է տրվում ցուցադրել ցածրորակ պատկերների նմուշները` կայքում ու թվային նմուշների պատկերասրահում»: Իսկ անգլերեն տեքստում ասված է. «ՀԹՁԳ-ին իրավունք է տրվում ցուցադրել ցածրորակ պատկերներըգ»: Այստեղ նմուշների մասին չի խոսվում, միայն` պատկերի մասին: Իսկ դա նշանակում է ոչ թե մի քանի նմուշ ցուցադրելու իրավունք տալ, այլ` ամբողջ հավաքածուն ներկայացնելու իրավունք տրամադրել: Բոլորին պարզ է, որ պատճեններն արդեն իսկ իրենցից արժեք են ներկայացնում, եւ այդ արժեքն ավելի է մեծանում, երբ քո տրամադրության տակ է ողջ հավաքածուն:

Քիչ չեն նաեւ լղոզված ձեւակերպումները. ստացվում է այնպես, որ ձեռագրերի թվանշայնացումից հետո հեղինակային իրավունքները պատկանելու են Մատենադարանին, բայց թվանշայնացված պատկերների տնօրինումը կիսվելու է երկու կողմերի միջեւ: Սա ամենաանհասկանալի ու հայկական կողմին նսեմացնող կետն է:

Պայմանագրի կետերից մեկում ասվում է. «Մատենադարանը եւ ՀԹՁԳ-ն չպետք է ամբողջ թվայնացված հավաքածուն հասանելի դարձնեն առեւտրական եւ ոչ առեւտրական նպատակներով որեւէ երրորդ կողմին»: Իսկ եթե որեւէ երրորդ կողմ ցանկանա օգտագործել ամբողջական հավաքածուն, ապա այն պետք է նոր պայմանագիր կնքի երկու թանգարանների հետ, իսկ վերարտադրելու համար երրորդ կողմը պետք է հատուկ թույլտվություն ստանա Մատենադարանի ու ՀԹՁԳ-ի կողմից: Հարց է ծագում, իսկ եթե ամերիկյան կողմը չտա այդ համաձայնությունը, ի՞նչ է անելու Մատենադարանը եւ ինչպե՞ս է պաշտպանելու իր հեղինակային իրավունքները, որոնք հատուկ կետով ամրագրված են: Բացահայտ այս հակասությունը վրիպո՞ւմ է, թե՞ միտումնավոր մոլորություն: Սա իրավաբանական շատ նուրբ խաղ է: Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը հայտարարել էր, որ ոչ մի սխալ բան չկա, քանի որ «Հիլլը» պետք է թույլտվություն ստանա Մատենադարանից` նմուշները որեւէ կերպ գործածելու համար: Դա շատ բնական է, ամեն ոք պետք է Մատենադարանից թույլտվություն ստանա, լինի դա «Հիլլը», թե, ասենք, Բրիտանական թանգարանը: Հարց է ծագում. բա մե՞նք ինչ պետք է անենք, եթե «Հիլլը» մերժի Մատենադարանի առաջարկը: Մենք համասեփականատեր ենք դարձնում Մինեսոտայի վանք-թանգարանին ու ասում նրա ներկայացուցիչներին` եկեք մեզ հետ հավասարի պես որոշեք մեր գանձերի ճակատագիրը:

Գիտական աշխարհին ձեռագրերի հետ ծանոթացնելուց, նկարահանելու իրավունք տալուց ու այդ իրավունքի դիմաց գումար ստանալուց բացի՝ գոյություն ունի հուշանվերների ոլորտը, որի շնորհիվ ողջ հանրապետությունը կարող է հարստանալ: Յուրաքանչյուր թանգարան ու գրադարան առեւտրային գործարքներից` պատճեններ-հուշանվերների, բացիկների, վերատպությունների վաճառքից հսկայական գումարներ են ստանում: Մեծ Բրիտանիան, օրինակ, հայ աստվածուհի Անահիտի քանդակի պատճեններն ամեն քայլափոխի մի քանի հազար ֆունտ ստեռլինգով է վաճառում: Անահիտը Բրիտանական թանգարանում է գտնվում ու կայուն շահույթ է բերում եւ՛ թանգարանին, եւ՛ պետությանը:

«Այո» կամ «ոչ» չի ասվում

Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո շատ գիտնականներ ու մասնագետներ աղմուկ բարձրացրին` ցանկանալով ավելի հստակ պատկերացնել, թե ինչ ենք ձեռք բերում եւ ինչ ենք կորցնում: Մատենադարանի տնօրինությունը հանրությանն իրազեկեց, որ ստորագրված պայմանագիրը չեղյալ է հայտարարում եւ պետք է ավելի լուրջ նախապատրաստվել փաստաթղթերի կնքմանը: Այդ հայտարարությունից հետո հարցը կարող էր սառեցվել, քանի որ շտապելու ու միայն մեկ առաջարկի վրա կենտրոնանալու հապճեպության պատճառներ չկային: Ամեն դեպքում, մեր բացառիկ հարստությունը մեզ հետ է, այն դարերի ընթացքում հավաքվել ու պահպանվել է, ի՞նչ կարիք կա` եզակի հարստությունն այդքան արագ խաղաթուղթ դարձնել: Մանավանդ, որ Մատենադարանը` հարստության տիրոջ կարգավիճակով, պետք է նաեւ պայմաններ թելադրող կողմ լինի, այլ ոչ միայն` պայմանները ընդունող կամ չընդունող: Սակայն ստացվում է, որ շտապելու կարիք կա, ու պայմանագրի ստորագրումը որոշ կառույցների ու անձանց համար հույժ կարեւոր է: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) մայիսի 22-ին քննարկում էր հրավիրել, որպեսզի որոշի պայմանագրի շահավետությունն ու օրենքին համապատասխան լինելը: Քննարկմանը մասնակցող մասնագետները եկել են այն եզրակացության, որ պայմանագիրը պետք է կասեցվի: «ITF» ընկերության գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը, ով նույնպես մասնակցել է այդ քննարկմանը, առաջարկել է այն չեղյալ հայտարարել: Սակայն ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշում է կայացվել «Հիլլ» թանգարանին նամակ ուղարկել ու տեղեկացնել, որ կարծիքների տարաձայնություն կա, եւ վերջնական լուծումը հարցին կտրվի միայն ՀՀ Կառավարությունում քննարկելուց հետո: Իսկ Մատենադարանը պետք է մասնագիտական աշխատանքային խմբեր ստեղծի ու 20 օրվա ընթացքում թվայնացման ծրագրի նպատակահարմարության ու իրացման մասին ծրագրային փաթեթ ներկայացնի: Պայմանագիրը կասեցնելու մասին այդ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում: Ուշագրավ է, որ պայմանագրի շուրջ ծավալված քննարկումների մասին որոշվել է տեղեկացնել առաջին հերթին հենց Մինեսոտայում գտնվող ՀԹՁԳ-ի ղեկավարությանը: Սա ոչ «այո», ոչ էլ «ոչ» է, սա ժամանակ խնդրելու նամակ է: Պայմանագիրը դեռ օրակարգում է, չնայած, որ բազմաթիվ թերություններ ունի: Աչքի զարնող առաջին թերությունը, թերեւս, պայմանագրի փնթիությունն է, կարծես թե այն կազմված է ոչ կոմպետենտ մարդկանց կողմից: Այս փաստը նշում են այն իրավաբանները, ում հետ մենք զրուցեցինք:

Նման գործարքի մեջ միակ սկզբունքային հարցն այն է, թե ի՞նչ է Մատենադարանը տալիս ու ի՞նչ է ստանում: Այստեղ հարցը սեփական հարստության վրա «նստելն» ու վերամբարձ` «Սա իմն է, ոչ մեկին չեմ տա» ասելը չէ: Այստեղ տիրոջ իրավունքների պահպանման սկզբունք ու գերակա շահերի պաշտպանություն պիտի լինի:

Մատենադարանի ու Մինեսոտայի «Հիլլ» գրադարան-թանգարանի միջեւ ստորագրված այս պայմանագիրը շատ նման է «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման պայմանագրին: Գրեթե նույն հապճեպությունն ու ստուդիան կոնկրետ մեկ սեփականատիրոջ հանձնելու ցանկությունն է: Եթե «Հայֆիլմի» սեփականաշնորհման դեպքում գոնե մրցույթի պատրանք էր ստեղծվել, ապա Մատենադարանի դեպքում մրցույթ չի էլ հայտարարվել: Ամերիկյան կողմն առաջարկ է արել, ու այդ առաջարկը գրեթե նույն օրն ընդունվել է: Մինչդեռ միջազգային փորձը պարտադրում է, որ հավաքածուն թվանշայնացնելու ցանկություն ունեցող ձեռագրատունը պետք է ի լուր աշխարհի տեղեկացնի իր մտադրությունների մասին, առաջարկներ ստանա, հետո փորձագետների խումբ հրավիրի ու ամենաշահավետ առաջարկի հիման վրա կանգ առնի: Ամեն դեպքում, պայմաններ թելադրողը հարստության կրողը պետք է լինի, քանի որ նա, այլ ոչ թե սպասարկում առաջարկող ձեռնարկությունն է իրավիճակի տերը: Յուրաքանչյուր համագործակցություն խրախուսելի է, եթե այն սթափ տրամաբանության վրա է հիմնված: Իսկ Մատենադարանի ու «Հիլլի» միջեւ ստորագրված պայմանագիրը դուրս է տրամաբանությունից, քանի որ ստացվում է, որ մենք գիտակցում ենք մեր հարստության գինը, բայց պատրաստ ենք հարստության տնօրինումը կիսել Մինեսոտա նահանգի թանգարանի հետ` ինքնակամ ընկնելով թակարդն ու հրաժարվելով միանձնյա «վետո» դնելու գերակա իրավունքից: Փող ներդնողն ու թվանշայնացումը ապահովողը կարող է անվճար օգտվել թվանշայնացված նմուշներից, բայց ոչ երբեք տիրոջ հետ տնօրինելու հավասարազոր իրավունքներ ստանալ: Այս հարցում «վետո» դնող երկու կողմ լինել չի կարող, քանի որ այստեղ հայի ինքնության հարցն է կանգնած: Սկզբունքային հարց է տրվում. ինչո՞ւ ուրիշը մեզ պետք է ասի, թե ինչպես վարվենք մեր հարստության հետ: Ստացվում է, որ մենք մեր հարստության ձեռքը «կրակն ենք ընկել» ու անպտուղ ենք: IBM ընկերությունը թվանշայնացրեց Վատիկանի գրադարանի եւ «Էրմիտաժ» թանգարանի գանձերը, եւ իր օժանդակության համար ոչ մի պատճեն չուզեց վերցնել: Այդպիսին է հզոր ընկերությունների մոտեցումը, որոնց համար օրենքի գերակայությունը միշտ առաջին տեղում է: Եթե նման պայմանագրեր են կնքում Լուվրն ու Բրիտանական թանգարանները, կարելի է վստահ լինել, որ նրանք գիտեն օրենքին հնազանդվելու մասին, ունեն համագործակցելու ավանդույթներ ու լավ հասկանում են, որ օրենքի կետերն անուրանալի են: Իսկ Մատենադարանը որոշել է գործարքի մեջ մտնել մի երկրորդական թանգարանի հետ, որը, չգիտես ինչու, ինքն է օրենքներ թելադրում, եւ այդ օրենքները հաստատ մեր շահերից չեն բխում:

Մատենադարանի այլեւս նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը, ով երեկ հայտնեց պաշտոնից հեռանալու իր որոշման մասին, հրաժարվել էր պայմանագրի ստորագրումից` այն անվավեր ճանաչելով: Հիմա նա հեռացավ, իսկ պայմանագրի հետագա ճակատագիրը բաց է մնում, քանի որ այն վավերացնելու հարցում անձնական շահագրգռվածություն ունեցող անձինք կան: Պայմանագրի կողմնակիցները պետք է հասկանան, որ այսօր ստորագրված պայմանագիրը մեզ ուղղակի ծուղակն է գցելու, քանի որ այնտեղ նշված չեն պայմանագրի ժամկետներն ու որեւէ կետում չի ասվում այն մասին` թե ո՞ր դեպքերում, ի՞նչ հանգամանքներում այն կարելի է խզել: Հայկական հարստության գանձերի տնօրինումը ցմահ հայ-ամերիկյան է դառնում:

Սուրբ Հովհաննես համալսարանի ինտերնետային կայքում սույն համալսարանի հանրային կապերի պատասխանատուն հոդված է տեղադրել, որում Մատենադարանի ու «Հիլլի» միջեւ ստորագրված գործարքը համարում է պատմության մեջ ձեռագրերի թվանշայնացման ամենախոշոր նախագիծը: «ՀԹՁԳ-ն կտրամադրի Մատենադարանին թվային պատկերների պատճենները եւ կապահովի դրանց երկրորդ պատճենների անվտանգությունն ապահովության բարձր մակարդակ ունեցող վայրում, այստեղ` Մինեսոտայում: Այն գիտնականները, որոնք կցանկանան ձեռագրերի ամբողջական փաթեթի ձեռքբերման մասին տեղեկություն ստանալ, կարող են դիմել ՀԹՁԳ, որից հետո ՀԹՁԳ-ն Մատենադարանի հետ կհամաձայնեցնի հեղինակային իրավունքների ու կոմերցիոն շահերի հետ կապված հարցերը»: Առաջարկի մասին հոդվածում խոսվում է այնպես, կարծես արդեն գործարքը տեղի է ունեցել:

ՀԹՁԳ-ի գործադիր տնօրեն Կոլումբա Ստյուարտը հայտարարել է, որ այդ «պատմական համագործակցությանն» իր լիակատար հավանությունն ու օրհնությունն է տվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Իսկ ՀՀ ԿԳՆ-ն հայտարարում է, որ նախագծի երաշխավորողն ու օրհնողը Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն է, որին, ի դեպ, դեկտեմբերին Սուրբ. Հովհաննես վանքը եւ համալսարանը պարգեւատրել են շքանշանով` քրիստոնեությունը Միջին Արեւելքում տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար: Մինչ այդ, Արամ Ա կաթողիկոսի աջակցությամբ՝ ՀԹՁԳ-ում բացվել էր հայկական ձեռագրերի հավաքածուի ցուցադրումը: