«Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում փողի ազդեցությունը պայմանավորված է եղել ԲՀԿ-ով: Եթե ՀՀԿ-ն օգտագործել է իր վարչական ռեսուրսները, ապա ԲՀԿ-ն՝ ֆինանսականը»,- երեկ նման հայտարարություն է արել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը, ում գլխավորած գրասենյակն ընտրությունների օրը առաքելություն է իրականացրել Լոռու եւ Տավուշի մարզերում: «ԱԺ ընտրությունները չէին համատասխանում ժողովրդավարության չափանիշներին եւ ընթացել են ՀՀ Ընտրական օրենսգրքի եւ ԿԸՀ որոշումների այնպիսի խախտումներով, որոնք էական ազդեցություն են թողել քվեարկության ընթացքի եւ ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Ա.Սաքունցը: Նա հայտարարել է, թե իրենք արձանագրել են, որ, օրինակ, Լոռու մարզում ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՄԱԿ-ն ընտրակաշառք բաժանելու մրցարշավ էին սկսել, որտեղ «ժամը 19:00-ից հետո շունը տիրոջը չէր ճանաչում»: Սաքունցը երեկվա ասուլիսում նաեւ հայտարարել է, թե Լոռու մարզի Շիրակամուտ եւ Արեւաշող գյուղերի բնակիչներին սպառնացել են ՀՀԿ-ի օգտին չքվեարկելու դեպքում կիսատ թողնել աղետի գոտում ընդգրկված նրանց կիսակառույց բնակարանները:
Սաքունցը նաեւ այլ դեպքեր է մատնանշել: Օրինակ, ըստ նրա, Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վիկտոր Դալլաքյանին ասել են, թե բոլոր ուսուցիչները կողմնորոշվել են` ՀՀԿ-ական են եւ «դժվար թե իր հետ հանդիպման գան»: Իսկ թիվ 31 ընտրատարածքում ՀԺԿ-ական թեկնածու Լարիսա Փարեմուզյանին 2 երիտասարդ (մեկը ոստիկան է եղել) սպառնացել են: «Սպառնացողներից մեկը հետո տուգանվել է 200.000 դրամով»,- ասել է Սաքունցը: «Լոռվա մարզի մի շարք ընտրատեղամասերում, օրինակ, թիվ 6 դպրոցում, վաղ առավոտից սկսած ՀՅԴ-ն ընտրակաշառք է բաժանել: Մի շարք ընտրատեղամասերում հանձնաժողովների դատական դեպարտամենտին հատկացված տեղերը տրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: ՀՀԿ-ի կողմից օգտագործվել են բոլոր վարչական լծակները, հատկապես գյուղերում, ինչը անհավասար պայմաններ է ստեղծել մյուսների համար: «Բարգավաճ Հայաստանն» անհավասար է եղել ֆինանսական ռեսուրսների հարթությունում,- հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրենը` ավելացնելով,- Մի գաղտնիք բացեմ՝ առանց անուններ տալու: Մայիսի 19-ին, երբ դիտորդները քննարկելիս են եղել եզրակացությունը, միայն ԱՊՀ երկու դիտորդ եւ մեկ շվեդ են ասել, որ ամեն ինչ նորմալ է, մյուսները ասել են, որ ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին: Սրան հետեւած գնահատականը խոսում է քաղաքական գործոնի մասին»: