Ակամա օգնականները

30/05/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ստացվել է այնպես, որ մեզանում դաշինք ասվածը միշտ թույլերի միություն է լինում։ Բացառություն կարելի է համարել թերեւս միայն «Միասնությունը», բայց այն յուրօրինակ երեւույթ է։ Դրա մասին կարելի է խոսել առանձին եւ շատ երկար։

Մեր քաղաքական ուժերը դաշնակցելու մասին մտածում են այն ժամանակ, երբ իրենց միայնակ ու անպաշտպան են զգում, իսկ միայնակ ու անպաշտպան են զգում այն պատճառով, որ իշխանությունը գրավելուց բացի՝ այլ բանի մասին չեն մտածում։

Ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում նրանք գրեթե չեն աշխատում կամ աշխատում են պահպանել ներկայությունը։ Դա անում են փոքր տպաքանակ ունեցող թերթերին, «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցներ տալով, տարատեսակ (հիմնականում՝ անիմաստ) սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելով, երբեմն էլ Երեւանի կենտրոնում հանրահավաքներ անցկացնելով, որոնց մասնակիցների թիվը զգալիորեն պակաս է լինում թերթերի միջին տպաքանակից։

Նշված բոլոր միջոցառումների ժամանակ նրանք ասում են, թե երկրում պետք է վերականգնել սահմանադրական կարգը, եւ եզրակացնում, որ այդ կարգը վերականգնելու համար անհրաժեշտորեն պարտադիր է, որ իշխող վերնախավը հեռանա։

Որպեսզի իշխող վերնախավը հեռանա, դրա անհրաժեշտությունը պետք է գիտակցի ժողովուրդը։ Իշխող վերնախավի հեռանալու անհրաժեշտությունը գիտակցելու համար ժողովուրդը պետք է հասկանա մի շարք կարեւոր բաներ, իսկ որպեսզի ժողովուրդը գիտակցի կարեւոր բաների այդ շարքը, պետք է մեկը (կամ մի քանիսը) բացատրեն այդ բաները։ Իսկ որպեսզի բացատրեն, պետք է հասանելի լինեն ժողովրդին։

Ժողովրդին հասանելի լինելու մի քանի տարբերակ կա։ Առաջինն՝ անմիջական շփումն է՝ քաղաքական գործիչը գնում է որեւէ համայնք եւ զրույցի բռնվում գյուղացիների հետ։ Սա բավական թանկ հաճույք է, բայց եթե նկատի ունենանք, որ նախընտրական շրջանում վճարովի եթերի մեկ րոպեն արժեր ութսուն հազար դրամ, կարելի է ասել, որ այնքան էլ թանկ չէ։ Ութսուն հազարով կարելի է առնվազն երեք արշավ կազմակերպել եւ անմիջականորեն շփվել ութ-տասը գյուղի նվազագույնը մոտ չորս հազար բնակչի հետ։ Ստացվում է, որ ժողովրդին ասելիք ունեցող քաղաքական ուժը մեկ քաղաքացու հետ մեկ անգամ շփվելու համար պետք է ծախսի քսան դրամ։ Կես միլիոն բնակչի հետ շփվելու համար կպահանջվի մոտ տասը միլիոն դրամ։

Անմիջական շփումը դրական արդյունք կարող է ունենալ մտածված եւ հիմնավոր ասելիքի դեպքում։ Մարդկանց, հատկապես՝ գյուղական վայրերի բնակիչներին, շատ դժվար է բացատրել, թե իշխանափոխությունը կարող է դրական արդյունքի հանգեցնել։ Նրանք (հատկապես՝ տարիքով մարդիկ) ապրում են հին կյանքի նոստալգիայով եւ իրենց համարում են իշխանափոխության զոհ։

Մյուս տարբերակը տպագիր մամուլն է, որն, արդեն ասացինք, շատ համեստ լսարան ունի։ Կարելի է վստահաբար պնդել, որ Երեւանի սահմաններից դուրս հատուկենտ մարդիկ են օգտվում տպագիր մամուլի «ծառայությունից», դրանք էլ սովորաբար լինում են տեղական չինովնիկներ։ Յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն գոնե մեկ անգամ փորձել է ունենալ սեփական թերթը, բայց դրանք եղել են անհետաքրքիր եւ ունեցել են կարճ կյանք։ Ընդդիմադիր ուժերը համատեղ երբեք չեն ձեռնարկել ազատ մամուլի ստեղծման կամ եղած պարբերականներին հետեւողականորեն աջակցելու որեւէ նախագիծ։

Ժողովրդին հասանելի լինելու երրորդ եւ ամենահզոր միջոցը հեռուստատեսությունն է, որը հետեւողականորեն վերահսկվում է իշխանությունների կողմից։ Իշխանություններն ամեն գնով պահում են հեռուստատեսային տեղեկատվության մենաշնորհը։ Ընդդիմադիրները ոչ մի կերպ չեն փորձում ճեղքել այդ պատնեշը։

Ընդդիմադիրները կարող էին դաշնակցել հենց այս՝ ժողովրդին հասանելի լինելու նպատակի շուրջ, եւ դա կլիներ ուժերի միավորում ոչ թե ընդդեմ գործող իշխանության, այլ՝ հանուն ժողովրդի, որովհետեւ ժողովուրդը՝ ճիշտ ընտրություն անելու համար, պետք է առնվազն երկու կարծիք լսելու հնարավորություն ունենա։

Այսպիսի դաշինք ստեղծելն ավելի հեշտ կլիներ, որովհետեւ խոսքի ազատության նպատակին հասնելու ճանապարհին միանգամայն անկարեւոր են դառնում ընդդիմադիր այս կամ այն գործչի ամբիցիաները։ Բոլորը ստորագրում են մի փաստաթղթի տակ, որով հայտարարում են, թե խոսքի ազատության բացակայության պայմաններում չեն պատրաստվում մասնակցել ոչ խորհրդարանական եւ ոչ էլ նախագահական ընտրություններին։ Մասնակցելու պարտադիր պայման է դրվում առնվազն մեկ ազատ հեռուստաընկերության գոյությունը, մյուս ալիքներից (այդ թվում՝ նաեւ մարզային) ազատորեն օգտվելու հնարավորությունը եւ առհասարակ ընտրությունների էթիկայի ճշտումը։

Իսկ հիմա (արդեն քանի՞ անգամ) ստացվում է, որ մեր ընդդիմադիրները դաշինքով կամ միայնակ ընդունում են նախընտրական խաղի գործող կանոններն ու պայքարից դուրս մնալով սկսում են աղմկել, թե ազատ չէր, արդար չէր ու թափանցիկ չէր։

Ընտրությունները ժողովրդավարության գլխավոր նախապայմանն են, բայց առանց ազատ խոսքի ժողովրդավարությունը դատարկ ֆրազ է, իսկ ընտրությունները՝ պարզապես հերթական միջոցառում։ Եթե ազատ խոսքի իրավունքդ չպահանջելով մասնակցում ես ընտրություններին, ուրեմն քեզ արժանի ես համարում այն ժողովրդավարությանը, որը կա։ Իսկ դրանից հետո ոչ ոք չի հավատալու, որ ընդդիմությունը կարող էր ինչ-որ բան փոխել։

Եվ ՀՀ ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆրլեցը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ Հայաստանն ապահովել է ազատ մամուլի ուղղությամբ ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Իրավունք ունի, որովհետեւ Հայաստանում ոչ ոք չի հրաժարվել իշխանությունների պարտադրած խաղի կանոններից եւ ոչ ոք չի հրաժարվել Ազգային ժողովում մի փոքրիկ անկյուն ունենալու հեռանկարից։