Քաղաքական պատասխանատվությունը կեղծ կատեգորիա է

30/05/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ամենեւին չի բացառվում, որ միջազգային կազմակերպություններն առաջիկայում փոքր-ինչ վերանայեն խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները եւ Հայաստանին տրված գնահատականը մի քիչ «իջեցնեն»։ Բայց ինձ, անկեղծ ասած, այդ գնահատականը բոլորովին չի հետաքրքրում։ Եվ ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, թե միջազգային գնահատականների նշանակությունը մեզանում արհեստականորեն մեծացվում է։ Եթե գնահատականները լավն են, իշխանություններն են շոու սարքում, եթե վատն են՝ ընդդիմությունը։

Իրականում շատ ավելի կարեւոր է, թե ինչպե՞ս մեր հասարակությունն ինքը գնահատեց այդ ընտրությունները։ Հասարակության կարծիքով՝ այս ընտրություններն ազատ-արդա՞ր էին, թե՞ ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ ազատ-արդար չէին։ Թե ով է մեղավոր՝ այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ։ Եվ իշխանությունները ճիշտ կանեն, եթե միջազգային գնահատականներով հիանալու փոխարեն՝ մտածեն այն մասին, որ Հայաստանում «ընտրություն» բառը միայն քմծիծաղ է առաջացնում։ Իշխանություններին պիտի ամենաշատը մտահոգեր հենց այն, որ ժողովուրդն իրենց չի ընտրել, մինչդեռ դրա փոխարեն իշխանությունները հրճվում են, որ ժողովուրդն ընդդիմությանը չի ընտրել։ Ճիշտ է, ժողովուրդը ոչ իշխանություններին է ընտրել, ոչ ընդդիմությանը։ Ժողովուրդն ընդհանրապես մեծ հաշվով չի մասնակցել այս ընտրություններին եւ հանդես է եկել զուտ որպես պարտադիր դեկորացիա։

Հիմա անդրադառնանք քաղաքական պատասխանատվության հարցին։ Այս օրերին սա ամենաշատ քննարկվող թեման է։ Քաղաքական դաշտը շունչը պահած հետեւում է՝ տեսնես ՀՀԿ-ն այլ կուսակցությունների նո՞ւյնպես պաշտոններ կառաջարկի, թե՞ ամբողջովին կվերցնի գործադիր իշխանությունը։ Եվ դարձյալ շրջանառության մեջ է դրվում հերթական միֆը՝ իբր դա քաղաքական պատասխանատվության խնդիր է, եւ ՀՀԿ-ն չի ուզում ամբողջովին եւ միայնակ վերցնել պատասխանատվությունը։ Ի՞նչ քաղաքական պատասխանատվության մասին է խոսքը. Հայաստանում նման բան չկա եւ չէր կարող լինել։ Նման հասկացություն լինում է միայն այն երկրներում, որտեղ կուսակցությունը ներկայացնում է հստակ քաղաքական ծրագրեր, երկիրը տանում է այդ ուղղությամբ, եւ եթե ձախողվում է, պարզապես հաջորդ անգամ չի ընտրվում։ Հիմա հարց է ծագում՝ այդ ի՞նչ քաղաքական ծրագիր է ներկայացրել ՀՀԿ-ն, որ պիտի իրականացնի կամ չիրականացնի։ Վերջին 4-5 տարիների Հայաստանի վիճակը բոլորս ենք տեսնում. արդյունաբերության անկում, արտահանման անկում, ներմուծման աճ, տնտեսությունն աճում է բացառապես շինարարության հաշվին, կյանքը թանկանում է կատաստրոֆիկ արագությամբ, իսկ ժողովուրդը գոյատեւում է դրսից ստացվող եւ օրեցօր արժեզրկվող գումարներով։ Հիմա ՀՀԿ-ն խոստանում է շարունակել «երկիրը զարգացնել նույն տեմպերով»։ Եվ կզարգացնեն, ի՞նչ է պատահել։ Մի քանի տարի հետո կհայտարարեն, որ զարգացրել են, ուղղակի մենք «խաբար չենք»։ Եվ թող որեւէ մեկը համարձակվի հայտարարել, թե ՀՀԿ-ն խոստացված ծրագիրը չի կատարել։ Վիճակագրական տվյալներն աչքը կխոթեն ու կհռչակեն ազգի դավաճան։

Եվ ընդհանրապես, Հայաստանում քաղաքական պատասխանատվության ավանդույթ չկա։ Օրինակ, նախագահը հայտարարել էր, թե 2001 թվականին «աղետի գոտի» հասկացությունը վերանալու է։ Մինչեւ հիմա վերանում է։ Կամ, ասենք, ՀՅԴ-ն դեռ տարիներ առաջ իր նախընտրական ծրագրում գրել էր, թե Հայաստանի գյուղատնտեսությունը պիտի զարգանա, օրինակ, «Հոլստեն» տեսակի կովեր ներմուծելու շնորհիվ։ Արդեն քանի տարի է՝ գյուղնախարարի պորտֆելը ՀՅԴ-ինն է, Հայաստանի լեռներում քանի՞ «Հոլստեն» տեսակի կով եք տեսել։ Նման հարցերը մեզանում նույնիսկ չեն էլ քննարկվում, որովհետեւ ՀՅԴ-ն պարզապես Հայաստանի իրավիճակի համար չի ուզում պատասխանատվություն կրել, եւ վերջ։ Հո զոռո՞վ չի։ Հետեւաբար, մի 4-5 տարի հետո նույն կերպ կարող է վարվել նաեւ ՀՀԿ-ն։ Կհայտարարեն, որ իրենք պատասխանատվություն չեն կրում, որովհետեւ, ասենք, ԱՄՆ-ը հարվածել է Իրանին, կամ ռուս-վրացական հարաբերություններն են սրվել, կամ նավթն է թանկացել, կամ կարկուտ է եկել…

Ինչ է, ժողովուրդը դրանից հետո էլ չի՞ «ընտրելու» ՀՀԿ-ին։ Բայց որեւէ մեկը նրանց չի էլ հարցնելու։

Այնպես որ, «պորտֆելների բաժանման գործընթացը» քաղաքական պատասխանատվության հետ որեւէ կապ չունի։ Պարզապես նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ որպեսզի քաղաքական ուժերը «համը չհանեն», պիտի ինչ-որ բան ունենան եւ վախենան կորցնել այդ ինչ-որ բանը։ Կարող եք դա անվանել՝ «կոալիցիա», կարող եք անվանել՝ «ալյանս» կամ «ընտրակաշառք», բայց դրանից էությունը չի փոխվում։