Միասնական ընդունելության քննությունները, որի մասին մի քանի տարի անընդմեջ խոսվում էր, կայացավ: Ավելի ճիշտ` համարյա կայացման փուլում է: Հունիսի 1-ին հանրակրթական դպրոցի 50 հազար շրջանավարտներ նույն օրը եւ միաժամանակ կհանձնեն դպրոցի ավարտական ու բուհի ընդունելության քննություններ: Պաշտոնական տվյալներով՝ շրջանավարտներից մոտ 15 հազարը կհանձնի միայն ավարտական, իսկ մնացած 35 հազարը՝ նաեւ ընդունելության քննություն: Կրթության նախարարությունը մի քանի տարի պատրաստվում էր այս միջոցառմանը: Այդ ընթացքում ձեւավորվեց թեստավորման ու գնահատման կենտրոն, Շիրակի մարզում փորձարկվեց միասնական կոչվող քննահամակարգ: Ճիշտ է, 2006թ. աշնանը գիտության ու կրթության նորանշանակ նախարարն այդ փորձը գնահատեց ձախողված, բայց հետո լռեց ու շարունակեց իրենից առաջ սկսված գործը: Ասեմ, որ ես երբեք չեմ կասկածել, որ միասնական քննության ներդրման փորձը կարվի հենց «Հայոց լեզու» առարկայով: Դպրոցում դասվանդվողներից միայն այս առարկայի վրա է մեր ուժը պատում: «Հայոց լեզուն» մեր ձեռքն ընկած միակ որբն է, ում գլխի վրա են մեր գիտակրթական չինովնիկները դալլաքություն սովորում: Բայց իրենց վարքի մեջ մեր չինովնիկները եզակի չեն: Սեփական լեզվի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը հասարակական մասշտաբներ ունի` պետական այրերից մինչեւ շոու-բիզնես, հանրային հեռուստատեսությունից մինչեւ մասնավոր: Սա՝ այն պարագային, երբ ընդամենը երկու-երեք տասնամյակ առաջ հայերեն չխոսելը համարվում էր քաղքենիություն: Մտավորականությունը հպարտանում էր հայերենի իր իմացությամբ, իսկ «կալբաս» ու նման բառեր օգտագործողները համարվում էին անգրագետի պես մի բան: Հիմա պատկերը կտրուկ փոխվել է: «Ջիդիփի», «թարգետ», «մաուս», «ֆլեշկա» ու նման բառեր օգտագործողները ոչ միայն քաղքենի չեն ընկալվում, այլեւ հրապարակավ հանդգնում են այդ բառերը հայերեն թարգմանողներին անկիրթ համարել: Հասարակական նման վերաբերմունքի պատճառով հենց Հայոց լեզուն պիտի դառնար փորձադաշտ: Կրթության համակարգի նմանատիպ բարեփոխումը հանգեցնելու է նրան, որ շրջանավարտների ու հատկապես նրանց բարձրագույն կրթություն ստանալու հավակնություն ունեցող հատվածի մոտ հնարավորինս բացասական վերաբերմունք ձեւավորվի մայրենի լեզվի նկատմամբ: Այս արդյունքին հասնելու համար Կրթության նախարարությունը, կարծես, ջանք չխնայեց: Նախ նոր քննահամակարգի քաղաքականության ու հարցաթերթիկների կազմման գործում նախարարությունը չներգրավեց Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնագետներին: Համալսարանականներն իրենց միշտ համարել են հայ բանասիրության, գովազդային բառապաշարով ասած` էլիտա: Անտեսված համալսարանականները ձմռանը փորձեցին քննադատել բարեփոխումների ընթացքը: Սակայն կրթության նախարարը նրանց կանխեց՝ խորհուրդ տալով բարեփոխել սեփական կոռումպացված ֆակուլտետը: ԵՊՀ բանասերները, նեղացածի տեսք ընդունելով, լռեցին: Նախարարությունը ճնշելով «դիմադրության» վերջին օղակը՝ շարունակեց պատրաստվել միասնական քննության: Մեր օրերում ամենամոդայիկ` «կոռուպցիայի դեմ պայքարի» լոզունգի քողի տակ, նախապատրաստության ողջ ընթացքն անցավ գաղտնիության պայմաններում: Գաղտնիության այս մակարդակն իսկապես զարմանալի է: Կարելի է ենթադրել, որ բարեփոխումների հեղինակները ոչ թե կրթության մասնագետներ են, այլ Անվտանգության ծառայության կամ տեռորիստական կազմակերպության անդամներ: Ոչ ուսուցիչները, ոչ շրջանավարտները մինչեւ վերջին ամիսը չգիտեին` թեստ-հարցաթերթիկներում գրականությունից հարցեր լինելո՞ւ են, թե՞ ոչ: Ու հանկարծ պաշտոնապես հայտարարվեց, որ հարցաթերթիկներն արդեն տպագրվել են արտասահմանում, բերվել են Հայաստան եւ պահվում են ԿԲ պահոցներում: (Երեւի տեռորիստ շրջանավարտներից զգուշանալով չնշվեց` Երեւանի՞, թե՞ Ծաղկաձորի): Այսօր արդեն հայտնի է, որ միայն ավարտական քննություն հանձնող շրջանավարտներն այդ գործն անելու են հարազատ դպրոցներում: Փոխարենը՝ անգամ դպրոցների տնօրենները չգիտեն, թե որտեղ են քննություն հանձնելու բուհ դիմող 35 հազար շրջանավարտները: (Եթե տեռորիստներից են զգուշանում, ապա ծիծաղելի է` 18-20 հազար դպրոցական նստարանն աննկատ տեղափոխելն անհնար է): Կրթության մեր բազմափորձ ու բազմավաստակ չինովնիկները, հարկավ, գիտեն, որ քննությունը սթրես է: Գիտեն ու փորձում են խորացնել այն: Երեւի նպատակ ունենալով դպրոցականների մեջ սերմանել բացասական վերաբերմունք մայրենի լեզվի նկատմամբ: Նախարարության, կարծեմ, «Կրթություն» կոչվող պաշտոնաթերթը վերջին համարում հրապարակել էր այն ծրագրերը, որով 2007-ի շրջանավարտները քննություն պիտի հանձնեն տարբեր օտար լեզուներից, մաթեմատիկայից, քիմիայից, ֆիզիկայից եւ այլն: Մայրենի լեզվի ծրագիրը չկար: Այսինքն՝ ՀՀ-ն պաշտոնապես հրապարակեց այն չափորոշիչները, որոնցով պիտի ստուգվի վերոհիշյալ առարկաների իմացության մակարդակը: Դրանց բավարարելու դեպքում միայն շրջանավարտը կստանա հանրակրթական դպրոցն ավարտելու փաստն արձանագրող փաստաթուղթ: Նախարարության չինովնիկներն իհարկե կարող են արդարանալ, որ իրենք կես տարի առաջ Մայրենիի համար հատուկ գրքույկ են տպել ու բաժանել աշակերտներին: Բայց դա լուրջ փաստարկ համարելն, ըստ իս, անլրջություն է: Գրքույկում ընդամենը թեստ-հարցաթերթիկների օրինակներ էին: Չկար այն պահանջ-ծրագիրը, որի իմացությունը հայտարարվում է պարտադիր եւ անհրաժեշտ՝ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար: Անհավանական է, բայց փաստ:
Հ.Գ. Կրթության բարեփոխումների հեղինակ-հայրերն, իհարկե, կպնդեն, որ Մայրենին իրենց համար որբ չէ, ում գլխի վրա միասնական քննության համակարգ են փորձարկում: Բայց այս դեպքում կարելի է ենթադրել, որ նրանց համար որբ են այն 35 հազար շրջանավարտներն, ում գլխի վրա նրանք կրթության ոլորտի կառավարում են սովորում: