Վճարիր տոիգանքը եւ հանգիստ խաբիր

30/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) երեկ անբարեխիղճ մրցակցության համար տուգանեց մի շարք տնտեսվարող սուբյեկտների: Անբարեխիղճ մրցակցությունը տվյալ դեպքում ապրանքային նշանի նմանեցումն է: Հայաստանի շատ տնտեսվարողներ, հատկապես՝ փոքր եւ միջին ձեռներեցները, արտասահմանյան արդեն կայացած որեւէ ապրանքանիշի նմանությամբ արտադրանք են թողարկում եւ շփոթության մեջ գցում սպառողներին:

Սպառողը նայելով այդ ապրանքների արտաքին խիստ նմանությանը՝ որոշ դեպքերում՝ նաեւ նույնությանը, չի կարողանում տարբերել՝ դա իսկակա՞նն է, թե՞ Հայաստանում արտադրված նմանակը: Որոշ տնտեսվարող սուբյեկտներ կամ գործարարներ այդ գործելաոճը դարձրել են սովորություն: Օրինակ, «Սալեքս գրուփը», որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, արտադրել եւ իրացրել է «Խլեբնայա» անունով օղի, որը շփոթության աստիճանի նման է ռուսական «Խլեբնայա դորոգա» օղուն: Իսկ «Խլեբնայա դորոգան» 2006թ. 10 տարի ժամկետով գրանցված է ռուսական «Վեդա ֆինանս» ընկերության անունով: Հանձնաժողովն ընկերության այս քայլը երեկ համարեց անբարեխիղճ մրցակցություն եւ նրան տուգանեց 100.000 դրամով: Պարզ է, որ «Սալեքս գրուփ» ընկերությունն այդ տուգանքը կվճարի, սակայն պարզ է, որ այդ գումարը օղուց ստացած նրանց շահույթի շատ չնչին մասն է կազմում: Բացի այդ, 100.000 դրամն այնքան մեծ գումար չէ, որ «Սալեքս գրուփը» վախենար եւ անօրինական գործունեություն չծավալեր: Ավելացնենք, որ Ս. Ալեքսանյանին պատկանող այլ ընկերություններ նույնպես անցած տարիներին նման խախտումներ թույլ տվել են ձեթի, թեյի եւ այլ ապրանքների արտադրությամբ: Այնպես որ, շատ շահավետ է ընդամենը 100.000 դրամ տուգանք վճարել եւ հայտնի ապրանքանիշերը կեղծելով շահույթ ստանալ: Ճիշտ է, Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին նոր օրենքի համաձայն՝ այդ տուգանքի գումարը հասցվել է մինչեւ 500.000-2 մլն դրամի, սակայն երեկվա նիստի ժամանակ տուգանված ընկերությունները կվճարեն հին չափերով: Պատճառն այն է, որ երբ հանձնաժողովը նրանց գործերը վարույթ էր ընդունել, նոր օրենքը դեռ ուժի մեջ չէր մտել:

Երեկ 100.000 դրամով տուգանվեց նաեւ ՄԱՊ ընկերությունը, որը պատկանում է Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին: Այս ընկերությունն էլ ձեռք է բերել «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողմից արտոնված կոնյակի շշեր եւ, իր արտադրած կոնյակը լցնելով դրանց մեջ` իրացրել: Չի բացառվում, որ Ս. Ալեքսանյանն ու Ա. Պետրոսյանը սրանից հետո էլ օգտագործեն մեկ այլ հայտնի ապրանքանիշ ու շահավետ արտադրություն կազմակերպեն:

Պատգամավորներ Ս. Ալեքսանյանի եւ Ա. Պետրոսյանի օրինակով՝ հայտնի ապրանքանիշերին նմանակելով՝ արտադրություն են կազմակերպել նաեւ շատ այլ գործարարներ ու ընկերություններ: Նման մեղադրանքով երեկ տուգանվեցին նաեւ սուրճ արտադրող երկու ընկերություններ, որոնք նմանեցրել էին «Նեսկաֆե» եւ «Պելե» ապրանքանիշերը: Հատկանշական է, որ հայ արտադրողները հիմնականում կեղծում են օղու եւ սուրճի ապրանքանիշերը: «Սալեքս գրուփից» բացի, նմանակելով, օղի արտադրող մի քանի ընկերություններ էլ երեկ տուգանվեցին: Տուգանվեցին նաեւ ձեթ արտադրող «Կոպոլիվա» եւ «Հայ Կոլա» ապրանքանիշերը կեղծող «Ունիվերսամ գրուփ» եւ «Ֆիրմա Տիգրան» ընկերությունները:

Բավական հետաքրքիր էր «Տելեմարկետին» վերաբերող քննարկումը: Հանձնաժողովը «168 Ժամ», «Ազգ» եւ «Իմ իրավունքը» թերթերի հրապարակումների, ինչպես նաեւ՝ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա վարույթ է հարուցել եւ մեծ դժվարությամբ պարզել, որ «Տելեմարկետի» գովազդների հեռարձակման պատվիրատուն «Հեռուստաշուկա» ՍՊԸ-ն է: Տարբեր հեռուստաընկերություններով ցուցադրվող «Տելեմարկետ» հաղորդաշարը երկար ժամանակ եվրոպական եւ ամերիկյան անվան տակ գովազդում էր չինական արտադրության կենցաղային տարբեր պարագաներ` խաբելով հեռուստադիտողին: Էլեկտրական ավելը, կտրող դանակը, բանջարեղեն կտրատող սարքը եւ հագուստ չորացնող սարքը ներկայացրել են որպես եվրոպական արտադրության, սակայն դրանց փոխարեն սպառողներին առաքել են չինական արտադրության նմանօրինակ արտադրանքներ: Երեկ պարզվեց նաեւ, որ նիստին մասնակցող մի քանի լրագրողներ նույնպես ընկել էին «Տելեմարկետի» խաբեության ցանցը: ՍՊԸ-ի ներկայացուցիչը միամիտ դեմքով փորձում էր արդարանալ, թե՝ «մենք չենք թաքցնում, որ մեր ապրանքը չինական է, դա ապրանքի վրա գրված է»: Իսկ ՏՄՊ հանձնաժողովը որոշեց, որ «Հեռուստաշոու» ՍՊԸ-ն թույլ է տվել անբարեխիղճ մրցակցություն եւ մոլորեցրել է իր սպառողներին: Սպառողներին մոլորեցնելու համար երեկ 100.000 դրամով տուգանվեց նաեւ այս ՍՊԸ-ն: Հիշեցնենք, որ իր գործունեության ընթացքում այս ընկերությունն արդեն հարյուր-հազարավոր դրամներ է հասցրել շորթել իր սպառողներից: Այնպես որ, 100.000 դրամը նրանց համար էլ շատ սիմվոլիկ գումար է: