Արմավիրի մարզի Գայ գյուղի դպրոցի մի քանի ծնողներ ահազանգել էին, որ գյուղի դպրոցում երեխաներին պարտադրել են սեպտեմբերի 1-ից համազգեստով ներկայանալ, այլապես արգելելու են ընդհանրապես մուտք գործել հանրակրթական օջախ:
Մեր տեղեկություններով` ներկա դրությամբ դպրոցական մեկ համազգեստի համար ծնողներից գանձվում է 15 հազարական դրամ: Արմավիրի մարզպետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի ասելով, մանկխորհուրդների եւ ծնողական ժողովների արդյունքում` ծնողների առաջարկով, որոշվել է 2007-2008թթ. ուստարին սկսել դպրոցական նոր համազգեստով: Մարզի 97 համայնքների 122 դպրոցներում աշակերտները կենթարկվեն այս նոր «որոշմանը»: «Ծնողները միասին եկել են համաձայնության, որ ամենաճիշտը համազգեստն է, պետք է վերջ տանք ջինսային տրամադրություններին: Գյուղական պայմաններում շատ դժվար է լինում ծնողի համար՝ սեպտեմբերի 1-ին երեխային հանդերձանք գնել: Ծնողներ կան, որ 100 դոլարից ավելի գումար են ծախսում: Համազգեստի մեջ ոչ մի վատ բան չկա, ծնողները դա պիտի հասկանան, բոլորը միատեսակ պետք է հագնվեն»,- նկատում է Գ. Սայադյանը: Նրա ասելով, համազգեստների համար տարբեր գնացուցակ է գործում: Սակագներն այսպիսին են. տարրական դպրոցի աշակերտների համար` 12.000-15.000 դրամ, միջին դպրոցի համար` 12.800-14.300, իսկ ավագ դպրոցի` 15.000-16.500 դրամ: Գումարների հավաքագրման համար վերջին օր է սահմանվել օգոստոսի 15-ը: Գ. Սայադյանը հավաստիացնում է նաեւ, որ սոցիալապես անապահով, անապահովության «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին գյուղապետերը կաջակցեն, իսկ 4 երեխա ունեցող ընտանիքներին մարզպետն անձամբ խոստացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Անկասկած, կրթության բնագավառում ներհամայնքային այս նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ավարտը, եւ սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի աշակերտները դպրոց կներկայանան նոր մոդելի «ունիֆորմաներով»: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանի խոսքերով, նախարարությունում տեղյակ են Արմավիրի մարզի միջոցառումներին, պարզապես նախարարության իրավասությունների շրջանակներից դուրս են նման կազմակերպչական հարցերը: «Նախարարությունը կրթությանն առնչվող բովանդակային խնդիրներ է լուծում: Դպրոցի տնօրենների խորհրդում քննարկելուց հետո ցանկացած դպրոց կարող է նման որոշում կայացնել»,- ասում է Լ. Գալստյանը: Դպրոցական հագուկապի ասպարեզում Արմավիրի մարզի հիշատակված «բարեփոխումներն» իրենց նախադեպերն ունեն արդեն մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների օրինակներով: Օրինակ, Տ. Յավրովի անվան թիվ 131 դպրոցում արդեն 2-3 տարի աշակերտները դասերի են հաճախում վանդակավոր համազգեստներով: Ըստ դպրոցի ուսմասվար Իրինա Գեւորգյանի, սկզբնական շրջանում համազգեստները կարվել են մայրաքաղաքի կարի արտելներից մեկում, սակայն հիմա ավելի մատչելի տարբերակով ծնողներն այն ձեռք են բերում տոնավաճառներից: «Համազգեստների դեմ ծնողների կողմից եղել են դժգոհություններ, սակայն արդեն այլընտրանք չկա»,- նկատում է դպրոցի ուսմասվարը: 2006-2007թթ. ուստարվա դպրոցի ձեռքբերումներից մեկը համազգեստների կիրառումն է համարում Ս. Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը: «1-8-րդ դասարաններում աշակերտները հաճույքով կրեցին իրենց նոր համազգեստները: 9-10-րդ դասարանների աշակերտների շրջանում դժվարություններ առաջացան, եկող տարի այդ հարցն էլ կլուծենք»,- ասում է Մ. Մատղաշյանը: Տնօրենի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեկ համազգեստի միջին արժեքը 13 հազար դրամ է: Դրանք մուգ կապույտ գույնի 4 կտորից բաղկացած կոստյումներ են` պիջակ, տաբատ կամ կիսաշրջազգեստ, բաճկոն եւ, բնականաբար, սպիտակ վերնաշապիկ: Իսկ ահա մեր տեղեկություններով՝ Պուշկինի անվան դպրոցի բարձր դասարանցիներն իրենց համազգեստները գնել են «Մանգո» ֆիրմային խանութից: Հաջորդ ուսումնական տարին համազգեստներով կդիմավորեն նաեւ Երեւանի Համբարձում Գալստյանի անվան հանրակրթական դպրոցի սաները: Դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը դեռեւս 1992 թվականից է երազել, որ դպրոցում ներդրվի միանման աշակերտական համազգեստ` վերջ դնելով խայտաբղետությանն ու սոցիալական շերտավորվածությանը: Մ. Պապոյանը ոգեւորվել է նաեւ այն հանգամանքից, որ «Համբարձում Գալստյան հիմնադրամն»` ի դեմս Արսեն Գալստյանի, պարտավորվել է սոցիալապես անապահով մոտ 100 աշակերտի աջակցել համազգեստների հարցում: Տնօրենի ասելով, համազգեստներին անցնելու որոշումն ընդունվել է առաջին հերթին ծնողների խնդրանքով, որպեսզի սեպտեմբերի 1-ին նրանք ավելորդ անգամ չմտահոգվեն, թե ի՞նչ են հագցնելու իրենց երեխաներին: Իսկ արդյո՞ք հաշվի են առել երեխաների կարծիքը: Մ. Պապոյանն ասում է, որ նրանց ռեզոնանսը դրական է, անգամ ուղղորդվել են աշակերտների ճաշակով, օրինակ, բարձր դասարանցիները նախապատվություն են տվել ջինսե կտորե նմուշներին: «Եթե 10 %-ը դեմ արտահայտվեն, մենք այդ աշխատանքները չենք կազմակերպի»,- խոստանում է աշակերտակենտրոն քաղաքականության նոր չափորոշիչների կողմնակից տնօրենը: Համազգեստները, որոնք կարժենան, Մ. Պապոյանի խոսքերով, 14.500-18.000 դրամ, աշակերտները կկրեն աշնանն ու գարնանը, իսկ ձմռանը նորից ի հայտ կգան խայտաբղետ գույներն ու ծնողի կարողությունը ցուցադրող հագուստները: Հ. Գալստյանի անվան դպրոցի տնօրենը հավաստիացնում էր, որ համազգեստի ներդրումը պարտադրանք չէ, այլ անհրաժեշտ քայլ: Իսկ ահա այս դպրոցի ծնողներից մեկի կարծիքով, դա առաջարկ չէ, այլ պարտադրանք, որովհետեւ դասղեկները ծնողներին ասել են, թե` «տեսեք, կողմնակիցները շատ են», եւ համոզելով որոշ ծնողների, ստորագրել են տվել, ինչը դասղեկներին առավելություն է տալիս հաջող բացատրական աշխատանքներ տանելու համար: «Սպիտակ ագռավ» չերեւալու, սեփական երեխային համադասարանցիների մոտ չնվաստացնելու համար սոցիալապես «նեղ» վիճակում գտնվող ծնողները, անկասկած, պարտադրված դրական են արձագանքել տնօրինության նախաձեռնությանը: Բարեկեցիկ կյանքով ապրողների համար համազգեստ ձեռք բերելը խնդիրներ չի հարուցել, քանի որ 100 դոլարանոց վերնաշապիկ գնողը դժվար թե սրտնեղեր 18 հազար դրամ միանվագ գումար վճարելուց: «5-րդ դասարանում «միլիրովկա» մազերով աղջիկներն արդյո՞ք կհագնեն այդ համազգեստները»,- զարմացել է ծնողներից մեկը եւ ենթադրել, թե բացառված չէ, որ ինչ-որ կարի արտադրամասի աշխատանք են տալիս: Նման ենթադրություններ ծագել են, երբ ծնողներից մեկն առաջարկել է ընտրված կտորով համազգեստը տանը կարել, ու նրան մերժել են: Իսկ աղջիկներից մեկն էլ արձագանքել է, թե` «կարեք, միեւնույն է, ես այն չեմ հագնելու»: Համազգեստով դպրոց հաճախելը դրական երեւույթ է, բայց արդյո՞ք միջոցառումն իրեն կարդարացնի, եւ կարված համազգեստները չեն հայտնվի միայն աշակերտների զգեստապահարաններում: Սերունդների հիշողությունից դեռ չեն մաքրվել տոտալիտար ռեժիմի կապանքների բարդույթները: Խորհրդային տարիներին պարտադրված «ֆորմաները», հոկտեմբերիկի աստղանշանները, պիոներական վզկապները տխուր հիշողություններ է արթնացնում, թեպետ վաղուց անցել է նաեւ տերթոդիկյան եւ գիմնազիական «պուրիտան» հասարակարգերի ժամանակաշրջանը, երբ դպրոցի տնօրեններն առավոտ կանուխ դպրոցի մուտքի մոտ հսկում էին, որ հանկարծ զուգագուլպաներով, «ֆենած» ու «չյոլկա» մազերով աղջիկները դպրոց չմտնեն: Դպրոցականը, անկասկած, պետք է տարբերվի ուսանողից, սակայն հարկ է նշել, որ համազգեստներին անցնելու համար լավագույն տարբերակը համապետական պաշտոնական որոշումներն են, որպեսզի դրանք տեղային բնույթ չկրեն եւ ավելի համակարգված ընթանան:
Հ.Գ. Դպրոցականների համար այսօր մեծ խնդիր է նաեւ բջջային հեռախոսների գործածումը: Օրինակ, Հ. Գալստյանի անվան դպրոցի տնօրենը հավաստիացնում էր, որ դպրոցում բջջայիններն արգելելու նախաձեռնությանը կողմնակից է եղել ծնողների 60%-ը, սակայն մնացածը որոշակի փաստարկներով համոզել են տնօրինությանը, որ երեխայի մոտ բջջայինի ներկայությունն արդեն իսկ անհրաժեշտություն է` նրանց մասին տեղեկացված լինելու համար: Սակայն մյուս ծայրահեղությունն էլ կա. բջջայինները դարձել են դպրոցականների մրցակցության առարկա, աշակերտ կա, որ 5 հեռախոսով է դպրոց հաճախում եւ երբեմն էլ զարմանում ուսուցչի կամ տնօրենի էժանագին հեռախոսի հին մակնիշի վրա: Պուշկինի անվան դպրոցի տնօրենն էլ հավաստիացնում էր, որ իրենց դպրոցի տարածքում, նաեւ՝ բակում արգելված է բջջային հեռախոսների գործածումը: Ըստ նրա, հայտնաբերված հեռախոսները «առգրավվում» են երեխաների ձեռքից եւ հանձնվում նրանց ծնողներին: Բջջային հեռախոսներն արգելելու ներքին հրահանգ ունեն նաեւ Տ. Յավրովի անվան դպրոցի աշակերտները: Բայց, ինչպես ասում են` «արգելված պտուղը քաղցր է»: