Ո՞վ է այդ կարգին երկրաբանը

30/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի ընդերքն առավել ակտիվորեն սկսեց շահագործվել 2002 թվից, երբ կյանքի կոչվեցին «Կոնսեսիաների մասին» եւ «Ընդերքի շահագործման մասին» օրենքները: Օգտակար հանածոների ոչ արդյունավետ շահագործման մասին «168 Ժամի» հետ հարցազրույցում վերջերս իր մտահոգությունն էր արտահայտել Հայաստանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի դեկան Միհրան Գրիգորյանը: Մասնագիտական դիտարկումներով՝ Հայաստանի հանքավայրերը մոտ 100-150 տարվա կյանք ունեն: Մինչդեռ ներկայիս շահագործման տեմպերով այս ոլորտը 20-25 տարի հետո իրեն սպառելու է: Հանքավայրերի` մոտ 100-150 տարվա կյանք ունենալու մասին մասնագետի այս դիտարկումների վերաբերյալ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Բնօգտագործման, էկոնոմիկայի եւ հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանի պատասխանն արտառոց էր. «Ով այդպիսի բան է ասում, առնվազն «էշություն» է ասում: Այդպես էլ գրեք: Այդ նույնն է, եթե ասեն՝ աշխարհում նավթի պաշարները վերջանան` ի՞նչ են անելու: Ես պատասխանատու եմ հանքարդյունաբերության ոլորտում տարվող քաղաքականության մասով, եւ 2002 թվից այս դաշտը սկսել է կարգավորվել օրենքով»:

Հարցազրույց Ա. Աշուղյանի հետ

– Խորհրդային տարիներին Հայաստանում չեն շտապել առաջնահերթորեն շահագործել ընդերքը` այն թողնելով իրենց սերունդներին: Կարծիք կա, որ Հայաստանի խորհրդային ժամանակների բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ մեր երկրի պաշարների մասին դիտավորյալ թյուր տեղեկություններ են ներկայացրել Կրեմլին:

– Մեր պապերը ոչինչ էլ չեն թաքցրել: Կար ռեսուրսներով շատ հարուստ մի երկիր, որը նայում էր, թե որտեղ է ավելի շահավետ արդյունահանելը: Այս տրամաբանությամբ եթե շարունակվեր, ապա մեր հանքերի կեսը չէր շահագործվի: Ընդհակառակը, եթե նախկինում կարծում էին, որ որոշ հանքեր արդյունաբերական նշանակություն չունեն, այսօր նրանք շահագործվում են ըստ նշանակության, եւ շահագործողները շահույթ ստանում են:

– Դաշտն օրենսդրորեն կարգավորելուց հետո ովքե՞ր են հայտ ներկայացնողները:

– Շատերը եկան: Տարբեր տեղերից են հայտեր ներկայացնում` ամերիկացիներ, գերմանացիներ, տեղացիներ:

– Ովքե՞ր են Մեղրու ոսկու հանքավայրի տերերը: Ներդրողները սփյուռքի մեր հայրենակիցնե՞րն են:

– Ոչ, այս հանքավայրը շահագործում են ավստրալացիները:

– Ի՞նչ պարտավորություններ են ստանձնում արդյունահանողները, եւ լիցենզավորված քանի՞ կազմակերպություն ունենք:

– Լիցենզիայի իրավունք է ստացել մոտ 300 կազմակերպություն, որտեղ հստակ նշված են շահագործման պայմանները. վերամշակման տեխնոլոգիան, ժամկետները: Ունենք լիցենզիայի երկու ձեւ` հատուկ եւ հասարակ: Հասարակը տրվում է՝ 12, իսկ հատուկը` 25 տարով, որի ավարտից հետո տվյալ կազմակերպությունը կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետները: Մենք, որպես պետություն, իրավունք ունենք նայել տվյալ կազմակերպության գործին, որոշելով` տալ կամ չտալ լիցենզիա:

– Իսկ ունե՞ք լիցենզիա չտրամադրելու նախադեպեր: Նշյալ 300-ից քանիսի՞ լիցենզիան եք դադարեցրել:

– Նախադեպեր կան, մոտ 60 լիցենզիայի մասով կասեցրել ենք եւ շահագործման իրավունքը ոչ թե ուրիշի ենք տվել, այլ այդ հանքավայրերը դեռեւս ազատ են:

– Հնարավո՞ր է հանքավայրը ապօրինի շահագործել:

– Իհարկե, լինում է: Բայց հետո բռնվում են, ինչպես ցանկացած գողություն: Օրինական բիզնես անելու ձեւերը կան:

– Որքա՞ն է սահմանված պետական տուրքը:

– Ոչ մետաղական հանքավայրերի համար տարեկան տուրքը 500 հազար դրամ է, իսկ մետաղականի համար` 10մլն դրամ:

– Մասնագետների գնահատմամբ տեղական հանքավայրերի արդյունահանումից առաջացած «պոչերը» երբեմն ավելի թանկարժեք մետաղներ են պարունակում, քան բուն արդյունահանվող հումքը, որոնք չեն ենթարկվում վերամշակման:

– «Պոչերը» մշակեն` ի՞նչ անեն: Դա տնտեսապես այնքան էլ ձեռնտու չէ: Մետաղը` ոսկին ոչնչով չի տարբերվում կոշիկից: Եթե մի բան փող բերի` անպայման կանեն: Ժամանակին շատ էին խոսում հայկական պերլիտների մասին: Ասում էին` շա՜տ որակյալ է: Հիմա կարո՞ղ են դրսում վաճառել: Ոչ, գնի մեջ չեն տեղավորվում: «Պոչերի» մշակումը բարդ ինժեներատեխնոլոգիական կառույց է եւ մեծ միջոցների հետ է կապված: Հենց որ դա դառնա հետաքրքիր, կգտնվեն նաեւ դրա վերամշակողները: Ոսկու «պոչերը» սկսեցին վերամշակել այն ժամանակ, հենց որ միջազգային շուկայում բարձրացավ ոսկու գինը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքաքարը մշակվում է Հայաստանում, որովհետեւ գինը բավականին բարձր է միջազգային շուկայում: Հենց որ գինը ընկնի` շահագործումն անարդյունավետ կդառնա: Շահագործողը չունի «պոչերի» մշակման իրավունքը: Նա ունի իր տարեկան նախագիծը եւ այդ նախագծով էլ շարժվում է: Եթե լինում են խախտումներ, ապա ըստ այդմ էլ պատժվում է: Եթե, ասենք, նախատեսվածից քիչ է արդյունահանել, ապա կարող ենք լիցենզիայից իրեն զրկել: Սակայն դեռ նման դեպք չենք ունեցել, որ շահագործողը նախատեսվածից 50 տոկոս քիչ արդյունահանի:

– Տպավորություն է ստեղծվում, որ օրենքով խրախուսվում է՝ լիցենզիայի սահմանած ժամկետում ինչքան հնարավոր է շատ հանքաքար արդյունահանել: Հնարավոր է եւ 25 տարի հետո տվյալ հանքավայրը շահագործման համար այլեւս պիտանի չլինի, քանի որ նախորդը արդյունահանել է զուտ եկամտաբեր երակները:

– Այդքան շատ հանի` ի՞նչ անի, որտե՞ղ վաճառի: Շուկա չունի:

– Եթե շուկա չունի, ինչո՞վ է պայմանավորված մասնավոր ներդրողի հետաքրքրությունը:

– Ո՞վ է ասում՝ շուկա չունի: Մետաղական հանքաքարը 100 տոկոսով արտահանվում է, եւ այս պետությանը վճարում են բոլոր հարկերը` բնապահպանական վճարը, շահութահարկը, ռոյալթիները, որը հաշվարկվում է շահութահարկից: Այս բիզնեսն ամբողջ աշխարհում մեծ ներդրումներ պահանջող եւ ներդրածը դանդաղ վերադարձնող բիզնես է: Սրանով է պայմանավորված երկարաժամկետ շահագործման իրավունքի տրամադրումը: Առաջին հինգ տարին ամենամեծ ներդրումներն է պահանջում: Երկրաբանական հետազոտություններն աշխարհում ամենաթանկ վարձատրվող մասնագիտություններից են համարվում:

– Հայաստանում է՞լ են այդ չափանիշները գործում:

– Եթե Հայաստանում նման բարձրորակ մասնագետներ լինեին, ապա դրսից մասնագետներ չէին հրավիրի: Դրսից հրավիրված մասնագետները մինչեւ 17 հազար դոլար աշխատավարձ են ստանում, եթե տեղացի մասնագետը նման իմացական ունենար, ապա որպես էժան աշխատուժ նրան կվերցնեին գործի: Ոչ ոք չի ցանկանում ավել փող ծախսել:

– Շիրակի ճեղքվածքում նավթի հայտնաբերման ուղղությամբ երկու տարի առաջ պետբյուջեի միջոցներով որոշակի հետազոտություններ են կատարվել: Ինչո՞ւ է դադարեցվել այդ ծրագիրը:

– Այդ ծրագիրը կառավարությունը չի ֆինանսավորել, ամերիկացիներն են ֆինանսավորել: Ոչինչ չգտան, դրա համարել էլ դադարեցվեց: Կա տնտեսական հաշվարկ հասկացողությունը: Ինչո՞ւ ամերիկացին այստեղ քարի հանք չի վերցնում: Ի՞նչ անի այդ քարը:

– Այս ոլորտը կարծես թե տեղացիների մենաշնորհն է, որով էլ պայմանավորված՝ երկրում ծավալվող շինարարությանը զուգընթաց բարձրանում է քարի գինը:

– Մենաշնորհ ունենալը ցանկալի չէ, իսկ նշյալ դեպքում հավանաբար պահանջարկը գերազանցում է առաջարկին: Քարերի մասով միակ սպառողը տեղական շուկան է, արտահանումն արդարացված չէ:

– Հանքարդյունաբերության ոլորտը որքանո՞վ է նպաստում երկրում արդյունաբերական այլ միավորների աշխատանքին:

– «Երեւանի մաքուր երկաթ» գործարանը եւ «Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը» հումքը ստանում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից: Եվ հետո ենթակառուցվածքներ չկան, որ մի միավորը աշխատեցնի մյուսին: Հանքարդյունաբերությունը ՀՀ-ում ամենամեծ հեռանկարն ունի: Մենք հազվագյուտ հանքավայրեր ունենք եւ, իհարկե, ամենալավը մոլիբդենն է, որն աշխարհում նման հանքավայրերի թվում տասնյակի մեջ է:

– Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովների ժամանակ ներկայացվում էր նաեւ այս ոլորտը: Համագործակցության նախադեպեր կա՞ն:

– Կարելի է ասել` ոչ: Այստեղ սփյուռքի օրինակ ունենք Ախթալան, որը միայնակ մարդու բան չէ, սակայն փորձում է դրսից փողեր քաշել: Այստեղ կազմակերպության հետ պետք է գործ ունենալ, այստեղ փողեր քաշելու տեղ չէ, այստեղ փող պետք է ունենալ: Սա նաեւ ռիսկային բիզնես է: Հնարավոր է՝ մեծ միջոցներ ծախսեն հետազոտությունների համար եւ արդյունք չստանան:

– Նշեցիք հարկատու լինելու մասին: Օտարերկրյա ներդրումները ՀՀ օրենքներով երկու տարի ազատվում են շահութահարկից: Նշանակում է, որ բուռն զարգացում ապրող այս ոլորտն ընդամենը մեկ տարի է, ինչ հարկվում է շահութահարկով:

– Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցման առաջին իսկ օրից հրաժարվել է այս արտոնությունից եւ 15 խոշոր հարկատուներից երեքը հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպություններ են:

Նշենք, որ 300 անուն հանքարդյունահանման իրավունք ստացած կազմակերպություններից, որպես խոշոր հարկատու, Արթուր Աշուղյանը նշեց 3 անուն` Քաջարանի եւ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատները եւ «Մաքուր երկաթ» գործարանը: Եվ սա՝ այն դեպքում, երբ 2002թ. համեմատ այս ոլորտն աճել է 5 անգամ` ճանապարհ բացելով ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճի համար: