Շարունակելով տաքսու վարորդների հետ ունեցած զրույցների մեր շարքը՝ ներկայացնում ենք նրանց կարծիքը հետընտրական շրջանի մասին: Վարորդներից ոմանք «Իմպիչմենտի» կազմակերպած հանրահավաքների ակտիվիստներից են եւ կարծում են, որ մենք դեռեւս չենք թեւակոխել հետընտրական փուլ, քանի որ իսկական ընտրությունները դեռ նոր պետք է տեղի ունենան:
Իշխանափոխություն եմ պահանջելու
Վարորդ Կարենն ասում է. «Էն, ինչ որ կատարվեց ընտրատեղամասերում, շատ նման էր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տիրող մթնոլորտին: Նույն Ծիծեռնակաբերդում շատ մարդիկ գնում են ոչ թե զոհերի հիշատակը հարգելու, այլ` սեմուշկա չրթելու: Մարդիկ գալիս էին ընտրատեղամաս ոչ թե ընտրելու, այլ` կայֆավատ լինելու: Հայ մարդը էսօր չի գիտակցում, որ ընտրությունը կատարում է իր համար, իր ընտանիքի, երեխաների համար, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական գործչի լավություն է անում: Ձայնը վաճառելով՝ ինքն իր ընտանիքի վրա խաչ է քաշում: Ես ականատես եմ եղել, որ «Գազելներով» մարդկանց բերել ու ստիպել են, որ քվեարկեն: Թե՛ հանրապետականները, թե՛ «Բարգավաճ Հայաստանի» մարդիկ «Գազելներով» ղրդապով մարդ են բերել, որ իրենց օգտին քվեարկեն: 15 րոպե ընտրատեղամասի մոտ լինելով` ես տեսա, թե քանի մարդու անուն ցուցակներում գրված չէր, ու իրենք էլ զահլա չարեցին, որ վերականգնեն իրենց ընտրական իրավունքը: Ինձ հետաքրքիր է, թե էդ մարդկանց անուններով ո՞ւմ են քվեարկել»,- ասում է Կարենն ու վստահեցնում, որ մշտապես լինելու է ընդդիմադիր ուժերի հանրահավաքներում եւ պահանջելու է իշխանափոխություն: «Եթե «Իմպիչմենտը» կարողացավ ընդդիմությանը միավորել եւ բեմ բերել, ուրեմն` ես հավատում եմ, որ կկարողանան իշխանության էդ սեկտան ոչնչացնել: Եթե ինքը` Նիկոլը, էդքան ռիսկ ունի, որ մարդկանց իրանց բնորոշող անուններով դիմի ու ասի՝ վերջ տանք դոդացմանն ու սերժանտացմանը, ուրեմն` ես շատ եմ հավատում, որ ինքը հայրենիքին նվիրված տղա է, կհասնի իր նպատակին: Էսքան ժամանակ մի մարդու անուն տվեք, որը անկյուններում քչփչալու փոխարեն գոռա: Եթե ինքը իր ընտանիքի անվտանգության հարցը մի կողմ է դրել եւ ռիսկով առաջ է շարժվում, ուրեմն` ես հավատում եմ, որ ինքը հայրենիքի համար կռվող տղա է»,- ասում է Կարենն ու ոգեւորված բոլորին կոչ անում միանալ ընդդիմության միտինգներին: Նա վստահեցնում է, որ նույնիսկ եթե ամեն օր հանրահավաք հայտարարեն` ինքն աշխատանքը կթողնի եւ կմասնակցի միտինգներին:
Առաջարկ քաղաքական գործիչներին
Վարորդ Հրաչը վստահեցնում է, որ ինքը չի մասնակցել ընտրություններին եւ չի մասնակցի այնքան ժամանակ, մինչեւ ղարաբաղյան կլանը հեռանա իշխանությունից: «Լավ եմ արել, չեմ մասնակցել: Իմ մասնակցությանը ոչ ոք էլ կարոտ չէր: Մենք էս մի 4 տարի ա՝ լսում ենք, որ Քոչարյանը վարչապետ ա նստելու, իսկ Սերժը՝ նախագահ: Էդ պլանով էլ առաջ են տանում, ու ասեմ ձեզ, ես շատ մանթրաժ եմ, որովհետեւ մարդկանց շատ լավ օգտագործում են: Էդ պլանի մեջ մենք ուղղակի ձեւական կատարող ենք, բայց էդքան բանը չենք հասկանում: Ընդհանրապես ես շատ հիասթափված եմ, որովհետեւ 3 տարի Օդեսայում եմ ապրել ու մինչեւ հիմա ստեղի կանոններին չեմ հարմարվում»,- հավատացնում է Հրաչն ու երկար-բարակ նկարագրում Օդեսայում ապրած տարիները: «Հասկանո՞ւմ եք, էնտեղ մարդն իրան կարեւոր ա զգում, աշխատում ու նորմալ ընտանիք ա պահում: Իր երեխաների առաջ ամոթով չի մնում: Ռուսներն իրանց երկրում իրանց տեր են զգում, իսկ մենք մեր հայրենիքում ստրուկի հոգեբանությամբ ենք ապրում: Իրար հանդեպ հարգանքն էլ ա կորում, փող տվողը նստում ա ուսերիդ, արհամարհում ա: Օրինակ, իմ ուղեւորների վարքագիծն անդուր ա: Երկու ժամ հասցեն եմ ման գալիս, գտնում եմ, ուղեւորին ժպտալով վերցնում եմ, հասցնում եմ տեղ, ու փողը տալուց նենց արհամարհական, նենց մուննաթով են տալիս, կարծես պարտքով քեզ փող են տալիս: Փող ունեցողն ամեն կերպ ուզում ա նվաստացնի չունեցողին: Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ, ժամանակին պետական կառույցներում եմ աշխատել, ասիստենտներ, մի քանի կարգի մասնագետներ եմ իմ ենթակայությամբ աշխատացրել ու հպարտացել եմ, որ ես լավ մասնագետ եմ: Բայց երբեք չունեցողին կամ չկրթված մարդուն վերեւից չեմ նայել: Հիմա սենց որ նայում եմ, թե մարդիկ ինչքան գռեհիկ ու անշնորհք են` մտածում եմ, որ ժամանակները մարդկանց փոխել են: Ով փող ունի` նա ինքնավստահ ա, իսկ ով չունի` ունեւորի նազերն ա քաշում: Հիշում եմ, իմ աշխատանքային տարիներին մի պրոֆեսոր ունեինք, որը ընտանիք չուներ ու սարսափելի վատ էր ապրում: Մենք կոլեկտիվով էդ մարդուն պահում էինք: Գրաֆիկ էինք սահմանել ու ամեն օր մեկս տանից իրա համար ուտելիքներ էինք բերում, իսկ շաբաթը երկու անգամ էլ գնում էինք իրա տուն, որ իրան մենակ չզգար, ջահելության հետ շփվեր, չնեղվեր: Մերս մի օր ասեց` կանչի թող միշտ գա, մի քանի օրով մնա, ու պատահում էր, որ գիշերները մնում էր մեր տանը: Էդ ամեն ինչն անում էինք ոչ թե խղճահարությունից ելնելով, այլ` հարգում ու սիրում էինք էդ մարդուն: Մեր համար ինքը մեծություն էր, իրա ուղեղը ամբողջ մի հանրագիտարան էր, ու շատ էինք արժեւորում իրան: Նույնիսկ մահանալուց մեր ձեռքերի մեջ մահացավ, ու մենք էլ թաղեցինք»,- անկեղծ ափսոսանքով հիշում է Հրաչն ու ավելացնում, որ այսօր մարդիկ իրար ճանաչում ու հարգում են միայն դիմացինի գրպանի պարունակությունից ելնելով: «Ես էսօր վարորդ եմ աշխատում, կատարում եմ էն մարդկանց հրամաններն, ովքեր գուցեեւ ժամանակին ծիծաղելի էին իրանց անգրագիտությամբ ու մարդկային տեսակով, բայց հավատում եմ, որ մեր երկրում կգա մի ժամանակ, որ վարորդը վարորդ կաշխատի, անասնաբույժն՝ անասնաբույժ, իսկ քաղաքական գործիչներից շատերը կվերադառնան իրենց հին մասնագիտություններին` բանվորություն, «լիֆչիկի» գործ, ոչխարաբուծություն եւ այլն: Եթե իրանք չիջնեն, ուրեմն` մենք ամբողջ կյանքում այ սենց դիպլոմավոր վարորդներ էլ կմնանք»,- ասում է Հրաչն ու առաջարկում այսուհետ մեր զրույցներում խոսել այն արժեքների մասին, որոնց կորստի պատճառով մեր հասարակությունը դեգրադացվել է:
Ե՞րբ պիտի «բեսպրեդելին» վերջ տրվի
Վարորդ Գեւորգը շատ վրդովված է Գյումրիում տիրող կրիմինալ մթնոլորտի համար: Ասում է, որ ծնունդով գյումրեցի է, եւ ողջ հարազատությունն այնտեղ է բնակվում. «Էդ հանրապետականների ու «Բարգավաճի» հաբռգած լակոտներն արդեն հասցրին մինչեւ կոկորդներս: Ես չեմ հասկանում՝ էդ Վարդանիկն ո՞վ ա, որ մի հատ վզակոթին տվող չկա ու ասող չկա, որ հերիք եղավ՝ պուլիմյոտն առած սաղին կրակես: Չեմ հասկանում, մեր հանրապետության նախագահը, վարչապետը չե՞ն տեսնում դրա բեսպրեդելը: Ամբողջ Գյումրին վախի մեջ ա ապրում, լակոտն էլ իրան քաղաքի տեր ու տիրակալ ա համարում: Աշտարակի ճանապարհին որ կրակել էին` մի հատ թող բացահայտեին, տեսնեին, թե էդ ի՞նչ ռազբորկա էր, որ իրա պատճառով թիկնապահները, ջահել տղերքը մահացան: Չբացահայտված հանցանքները միշտ էլ ռազբորկեքով են ավարտվում: Իսկ մեր Ոստիկանությունն ու Դատախազությունը ոնց որ ձեռառնելիք լինեն: Էն օրը «Շանթով» նայում էի, ու ֆազերս գցեց, ասում եմ՝ ա՛յ մարդ, էս ի՞նչ բան ա… Իրանց բանդաներով կրակում, իրար սպանում են, բայց մեջտեղում խաղաղ բնակիչներ են մահանում: Դուք հիշեք Զատիկյանի որդու դեպքը, երբ անմեղ կին մահացավ, սենց ո՞նց կլինի: Քիչ ա մնում երեխեքիդ առնես ու փախնես Հայաստանից, ոտից գլուխ հանցագործությունների մեջ թաղված իշխանություն ա: Իմ ամբողջ բարեկամությունը Գյումրիում ա ապրում: Զանգել խոսում եմ, ասում են` վախից չենք թողնում երեխեքը տանից դուրս գան: Բայց տենց ո՞նց կլինի, ուսանող երեխա են, դասերից հետ են ընկնում»,- հարցնում է Գեւորգն ու միանգամից անցում կատարում խորհրդարանական ընտրությունների թեմային: «Ես ընտրել եմ հանրապետականներին, բայց սկսել եմ համոզվել, որ առնվազն ախմախություն եմ արել: Մի հանրապետական որ Վարդանիկը լինի ու մենք էլ էդքանի միջից իրանց ընտրենք՝ էլ ի՞նչ երկրի բարեկեցության մասին մտածես: Երկիրը քանդում են իրանց բեսպրեդելով: Գոնե Հանրապետականի ղեկավարները դրանց նմաններին հեռացնեն կուսակցությունից, թե չէ` ամոթ ա: Ստացվում ա, որ մեր երկիրը ղեկավարում ա հանցագործ աշխարհը: Էս սերնդի վիճակը ո՞նց պիտի լինի, դրա համար էլ սաղ օրը զենքի մասին են խոսում»,- ասում է Գեւորգը:
Կմաքրի շատերին
Վարորդ Սարգիսը համոզված է, որ իր ձայնը հանրապետականներին տալով` ճիշտ ընտրություն է կատարել: «Իրանք պատասխանատվությունը միշտ վերցրել են իրանց վրա, մյուսների` Արթուր Բաղդասարյանի ու դաշնակների պես չեն թռել: Հենց պետք ա` դրանք իշխանություն են, հենց պետք ա` օպոզիցիա, տենց չի լինում: Հո ժողովուրդը հիմար չի՞: Սերժ Սարգսյանը սաղին կդնի իրանց տեղը, նաեւ հանրապետականներից շատերին: Կտեսնեք: Էդ մարդը ամեն ինչ ունի, հիմի լրիվ էս երկրին ա նվիրվելու: Սերժից համ վախենում են, համ վստահում: Նրա խոսքը խոսք ա: Ես պատմություններ գիտեմ, թե նա ոնց ա մարդկանց օգնել, տեր կանգնել: Ինքն էլ հենց կմաքրի քաղաքական դաշտը: Էդ ո՞նց ա, ես տեսնում եմ համարյա ամեն օր իրան գործի գնալուց, իրա վարորդը ոչ մի անգամ հաբռգած բաներ իրան թույլ չի տալիս, իսկ էն նախարարների լակոտները որ քշում են, ասում ես՝ հնարավորինս հեռու մնամ` շառից-փորձանքից հեռու: Ընենց որ, հույս ունեմ, որ կարգ ու կանոնի կբերի»:
«Ոստիկանական շան պես հսկելու ենք»
Վարորդ Լեւոնը վստահեցնում է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ընտրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը, բայց… «Կեղծել են, ոնց որ միշտ` էնպես էլ հիմա: Ես ինքս ՕԵԿ անդամ եմ եւ վստահ եմ, որ էս երկիրը մենակ Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ կարա նորմալ երկիր դառնա: Ես շատ լավ ճանաչում եմ ՕԵԿ անդամներին ու իրանց կենսագրությանն էլ քաջ տեղյակ եմ: Փորձի համար մի օր տարբեր կուսակցությունների լիդերների անցյալը համեմատեք ՕԵԿ լիդերի անցյալի հետ: Ինչո՞ւ չեք գրում պատգամավորների մութ անցյալի մասին, վախենո՞ւմ եք, բայց չէ՞ որ իրանք պետք ա մեր առաջ բաց լինեն: Ժողովուրդը պետք ա իր երկրի ղեկավարին 5 մատի պես ճանաչի: Փողոցում հարցում կատարեք ու կտեսնեք, որ ամեն 10 մարդուց 5-7-ը նախընտրում ա Ա. Բաղդասարյանին, իսկ ընտրությունների արդյունքները պրոֆեսիոնալ ձեւով կեղծեցին: Էս անգամվա մեխանիզմները լավ մտածված էին, որպեսզի ապացույցներ չլինեն, բայց ես վստահ եմ, որ դատարանը ընթացք կտա կեղծիքների բացահայտմանը: Մայիսի 13-ին «Արմենիա» հեռուստաընկերությունը ոնց որ ծաղրեր մեզ: Ուղիղ միացում էին անում կենտրոնական տեղամասերում: Բա եթե տենց անաչառ էին, ուրեմն թող գնային մարզային տեղամասեր, կամ հենց թեկուզ քաղաքի ծայրամասերից ուղիղ միացում անեին: Լավ էլ գիտենք, որ հատուկ ընտրված տեղամասեր էին, որտեղ ցույց տալով՝ հեռուստադիտողի մոտ լավ տեսարաններ էին ստեղծում: Նայում էիր ու ասում էիր` մալադեց, էս ի՜նչ լավ են աշխատում, բայց երբ իմանում էիր, թե մյուս տեղամասերում ի՜նչ ա կատարվել…»,- ասում է Լեւոնը: Վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՕԵԿ թեկնածուն հաղթելու է. «Վստահ եմ, որովհետեւ էս անգամ ՕԵԿ ամեն մի անդամ ոստիկանական շան պես հետեւելու է ընտրություններին: Էդ օրը ընտրատեղամասերից տուն չենք գնալու, որ դրանք վարիանտ չունենան կեղծելու: Ես` ինքս, շարքային կուսակցական եմ, բայց կամավոր գնալու եմ ու առավոտից գիշեր հսկեմ ընտրությունների ընթացքը»,- ասում է Լեւոնը: