Թմրանյութ օգտագործում են դպրոցից

30/05/2007 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

1998-ին քարոզիչ Պետրոս Հաջյանը հիմնադրեց «Հայ-ամերիկյան քրիստոնեական տունը»: Այն կալանավորների վերաինտեգրման յուրահատուկ մի կենտրոն է: Մեր այցելության օրը կենտրոնում կար տասնչորս մարդ, նրանցից միայն մեկն էր մեքսիկացի, մնացածները հայեր էին:

«1993-ից սկսեցի այցելել բանտեր, չէի էլ մտածում այնտեղ հայերի հանդիպել: Մի այցելության ժամանակ իմացա, որ հայ կա, հետը խոսեցի, նա ասաց՝ էլի հայեր կան: Մի խցում տասնինը հայ կար: Սկսեցի արդեն պարբերաբար այցելել նրանց: Ես պարզեցի, որ 90 տոկոսը դրագի համար է նստած, դուրս են գալիս, մի շաբաթ հետո նորից դրագի համար հայտնվում են բանտում: Ես գիտեի, որ դրագի դեմ տարբեր ծրագրեր կան, բայց արդյունավետ չեն, իրենց մեթոդները մարդուն ստրուկ կդարձնեն: Ես ինքս այդ ծրագրերին չեմ հավատում, դրանք արդյունավետ չեն: Մտածում էի՝ պարզել խորքը. ինչո՞ւ է մարդն օգտագործում դրագը: Նրա կյանքում ինչ-որ բաներ են եղել, ինչ-որ սխալներ է գործել, որոնք բերել են դրագին: Միտք ծագեց այսպիսի տեղ բացել: Մենք փորձում ենք մարդկանց հնարավորություն տալ այստեղ իրար հետ զրուցելով, Ավետարան ընթերցելով ետ բերել»,- բացատրում է քարոզիչ Պետրոսը:

«Հայ-ամերիկյան քրիստոնեական տանը» գտնվողները դիտում են ֆիլմեր թմրանյութերի, Քրիստոսի մասին, երբեմն տարբեր մարդիկ են այցելում եւ դասախոսություններ կարդում:

«Ինձ համար ամենակարեւոր մասնագետն անցյալում դրագ գործածողն է, բժիշկը կըրնա մարմինը բուժել, բայց հոգին չի կարող բուժել»,- ասում է Մկրտիչ Մուրադյանը: Նա երեք անգամ ընդգրկվել է բժշկական ծրագրերում, բայց դուրս գալուց որոշ ժամանակ անց նորից սկսել է թմրանյութ օգտագործել: Մկրտչին հարցնում եմ` ի՞նչ իմաստ ունի մասնակցել այս ծրագրին, եւ ինչո՞ւ է համոզված, որ այս անգամ ինքը կփոխվի: «Առաջ ծնողներիս համար էի անում, որովհետեւ ուզում էի մաքուր մնալ, հելնում էի, մի ամիս մաքուր էի մնում ու էլի թաքուն սկսում էի, բայց էլ չէի կարողանում թաքուն պահել, երեւում է արդեն դեմքիցդ, նիհարում ես, աչքերիցդ զգացվում է, աշխատում էի, բայց փող չէր լինում ջեբս: Ծնողներիցս էի փող ուզում, իրենք ջոկում էին, որ էլի անում եմ: Առաջ ծնողներիս համար էի անում, հիմա ինձ համար եմ անում: Առաջ, երբ չորս-հինգ ամիս մնում էի, գնում էի տուն, մամաս նույնիսկ ավտոյի բանալիները չէր տալիս, իսկ հիմա երբ գնում եմ տուն, ավտոյի բանալիներն ինքն է տալիս: Փոփոխություններն իրենք զգացել են: Մեկ ամիս այստեղ մնալուց հետո կարող ես տուն գնալ, էս անգամ որ գնացի, մայրս ասաց` տղաս, բանալիները վերցրու, նոր տեղ գնա: Էս ինձ համար արդեն մեծ բան է»,- ասում է 30-ամյա Մկրտիչ Մուրադյանը:

Մկրտիչն անցել է գրեթե նույն ճանապարհը, ինչ բոլոր թմրամոլները: «Սկզբից հայերի հետ էի, մի վեց տարի մենակ պլան եմ քաշել, հետո սկսեցի մեքսիկ գենգերի հետ շփվել, արդեն սկսեցի օգտագործել: Սկզբից ես ծախում էի: Ասացի` էս ի՞նչ է, որ մարդիկ անում են, նստում են վրեն էդ կայֆի, ես էլ փորձեցի, դուրս եկավ, շաբաթ-կիրակի սկսեցի օգտագործել, հետո՝ ամեն օր, ու խորացա մեջը: Սկսեցի բռնվել, գաղութ էի գնում, շանս էին տալիս ուղղվելու, էլի էի բռնվում: Հետո դատավորը հոգնեց արդեն, ասաց` տասնվեց ամիս բանտ պետք է նստեմ»,- շարունակում է Մկրտիչը:

Մկրտչի թղթերը դեռեւս կարգին չէին, ուստի նրան հանձնում են Միգրացիոն ծառայությանը, որն էլ նրան ետ է ուղարկում Հայաստան: Սակայն Հայաստանը Մկրտչին չի ընդունել: Չնայած Մկրտչի ծնողներն արդեն ԱՄՆ քաղաքացիներ են, նա առայսօր երկու ամիսը մեկ գրանցվում է Միգրացիոն ծառայությունում: «Հայաստանը չընդունեց, որովհետեւ մենք եկել ենք 1990 թվականին, հետո Հայաստանն անկախացավ, իմ նկարը մամայիս պասպորտի մեջ էր, իսկ էդ պասպորտը գոյություն չունի, նա էստեղի քաղաքացի է: Ինձ համար Միգրացիոն ծառայությունը դիմեց Հայաստանի դեսպանատուն, այնտեղից պատասխանեցին, որ իմ անուն-ազգանունով քաղաքացի իրենք չունեն»:

Մկրտիչը 13 տարեկան էր, երբ տեղափոխվեցին ԱՄՆ: «Յոթերորդ դասարանից եմ սկսել դրագ օգտագործել: Դրագի պատճառով գողություններ եմ արել, ասենք` երեք հարյուր դոլար ունեի, քաշեցի, պրծավ, դրանից հետո գնում եմ գողություն անելու, որտեղի՞ց պիտի ուրիշ ձեւով փող ունենայի, ծախել չէի կարող, Ոստիկանությունն արդեն գիտեր, հսկողության տակ էի: Արդեն տարբեր մարդկանց «քցում» էի, խաբում էի, էդ պահին դու էնպիսի բաներ կարող ես անել, որ նորմալ ժամանակ էդ մասին չես էլ մտածի: Դրագի տակ ամեն ինչ անում ես: Աղջիկները էնպիսի բաներ են անում դրագի համար, որ էդ աղջիկը էդպիսին չի, ստիպված գնում է, ինչ ասես չի անում դրագ ունենալու համար»,- պատմում է Մկրտիչը:

1998 թվականից Մկրտիչը 4 անգամ բանտ է նստել, որտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է վեցուկես տարի: Հարցնում եմ` կուզենայի՞ր Հայաստան վերադառնալ: «Ոչ, չեմ ուզում, բայց մի անգամ կուզենայի գնալ-տեսնել, հետ գալ»,- պատասխանում է Մկրտիչը:

Վերաինտեգրման կենտրոնում երկու կին կա` երեւանցի Գ.-ն եւ ամերիկահայ Ն.-ն: 19-ամյա Ն.-ի ծնողները բեյրութցի են, ինքը ծնվել է Ամերիկայում: «Քանի՞ տարի է, որ օգտագործում ես» հարցիս հարցով պատասխանեց` ո՞ր մեկը: Ն.-ն հաշիշ սկսել է օգտագործել տասներեք տարեկանից, հայկական դպրոցում: «Ընկերուհիներիս հետ սկզբից հաշիշ էի օգտագործում, իսկ 16-ից կրիստալ եմ օգտագործում: Մեր ընկերներն էին բերում դպրոց: Դպրոցը թողեցի, ուրիշ բաների մեջ մտա: Ծնողներս իմացան, երբ 17 տարեկան էի, վատացել էի, տարան տուն: Հետո ծախելու համար բռնվեցի»,- ասում է Ն.-ն: Ծնողներն ամեն շաբաթ նրան այցելության են գալիս: Ն.-ն որոշել է այս ծրագիրն ավարտելուց հետո քոլեջ գնալ: «Այնքան վատ բաներ եմ արել, որ ավելի լավ է՝ չմտածեմ»,- պատասխանում է Ն.-ն, երբ հարցնում եմ` այստեղ մտածելու ժամանակ շատ ունես, ի՞նչ ես մտածում:

www.hetq.am