Ձրի պանիր միայն թակարդում է լինում

30/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Արմենիան դեյթաքոմ քամփնի» ADC հայ-նորվեգական կազմակերպությունը մայրաքաղաքում եւ նրա արվարձաններում առաջարկում է արագագործ եւ էժան ինտերնետ կապուղիներ»,- տեղեկանում ենք ADC-ի կայքից: Այս խոստումն այնքան էլ անիրագործելի չէ եւ իրարանցում է առաջացրել տեղի ինտերնետ պրովայդերների շարքերում: ADC-ն ինտերնետի համար անգամ «ԱրմենՏելից» էլ ցածր գին է առաջարկում:

Այս գնի «վերծանման» ճանապարհին լսեցինք տարբեր մեկնաբանություններ: ADC-ն նոր բաժանորդներ հավաքագրելու հարցում նոր տեխնոլոգիաներ է կիրառում: Մեկ գիծը վաճառում է մի քանի բաժանորդների, ինչից սովորաբար կարող է օգտվել միայն մի բաժանորդ: Հենց սրա հաշվին էլ ADC-ն իջեցնում է ինտերնետի գինը: Բաժանորդի համար սա նշանակում է ունենալ դանդաղ գործող ինտերնետ, ինչում վերջինս կհամոզվի ADC-ի բաժանորդը դառնալուց հետո միայն: Ակնհայտ է, որ հայ-նորվեգական այս առեղծվածային կազմակերպությունն արդեն իսկ խախտել է օրենքը եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է տույժ ու տուգանքի մեխանիզմներ կիրառել` անբարեխիղճ գովազդի մասին հոդվածները վկայակոչելով: Պետական մեկ այլ վերահսկող մարմին` Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը, պետք է, որ տիրապետի ADC-ի ծառայությունների մատուցման ինքնարժեքին եւ նրանց չթույլատրի դեմպինգային քաղաքականություն կիրառել: Տեղական պրովայդերների մեկնաբանությամբ այս կազմակերպությունը հիմնովին անցել է դեմպինգի եւ կարգավորող մարմինը պարտավոր է կիրառել օրենքի համապատասխան տառը: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ADC-ի հետեւում իրականում կանգնած է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Հետաքրքիր է, կարգավորման ոլորտի պատասխանատվությունը ստանձնած Ռոբերտ Նազարյանը, որպես նախկին քաղաքապետ, կխոչընդոտի՞ ներկայիս քաղաքապետի բիզնեսին: Մեր տեղեկություններով՝ հայ-նորվեգական այս կազմակերպությունը ստեղծվել է քաղաքապետարանի խողովակներով, որի նպատակը պետք է լիներ ոչ թե ինտերնետ ծառայություններ մատուցելը, այլ գծերի հատկացումը: Քաղաքացիների հետ շփումը նվազեցնելու քաղաքապետարանում ներդրված մեկ պատուհանի սկզբունքը ենթադրում էր նաեւ թաղապետարաններին ինտերնետ կապով ապահովում: ADC-ն իր կապը ստանում է նորվեգական արբանյակից եւ կապուղիներ չի վարձակալում «ԱրմենՏելից»: Ապագայում պլանավորում են համագործակցել երկրորդ օպերատոր «Ֆայբերնետի» հետ: Հակառակի պես՝ «Ֆայբերնետի» գործերն այնքան էլ լավ չեն գնում, այս ընկերությունը ոչ մի կերպ չի կարողանում շուկա մտնել, եւ այսպես էլ չի կայանում ՀՀ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի («Ֆայբերնետը» վերջինիս բիզնեսն է) եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կապը: Ոչ ոք դեմ չէ էժան ինտերնետ կապ ունենալուն, սակայն ոչ խաբվելու գնով: