Իրաքյան մեծ պատերազմի արդյունքը պետք է փոխի տարածաշրջանում ուժերի դասավորությունը, որտեղ Հայաստանը սեփական ռազմավարական շահերն ունի: Այսօր տեսանելի են Վաշինգտոնի կողմից գրված հնարավոր սցենարներից մեկի որոշ գծեր: Եվ այդ սցենարը, ըստ ամերիկացիների, պետք է բերի որոշակի կայունության կամ տարածաշրջանի բոլոր լեգիտիմ ուժերի միջեւ հավասարակշռված փոխկապակցության: Խոսքն Իրաքը երեք պետությունների տրոհելու մասին է:
Իրաքյան պատերազմը ոչ այնքան պատերազմ է արեւելյան տիրակալների բռնակալական նկրտումների եւ ծայրահեղ հետադիմական իսլամական ուժերի դեմ, որոնց քաղաքական կոմբինացիաներն այս կամ այն կրոնի ներսում հանգեցնում են ահաբեկչության, այդ թվում եւ՝ պետական քաղաքականություն իրականացնելիս, որքան դա պատերազմ է՝ հանուն ռազմավարական հումք ունեցող այդ կարեւոր տարածաշրջանում ազատության եւ ժողովրդավարության:
Պաղեստինի չլուծված խնդիրը, արաբական աշխարհի եւ Իսրայել-ԱՄՆ բլոկի միջեւ հակամարտությունը խորացրին իրադրությունը, հատկապես ԽՍՀՄ-ի` այդ հակամարտության գլխավոր մասնակիցներից մեկի փլուզումից հետո: Այդ հարաբերությունների ներսում տարածաշրջանում ձեւավորվել էին մի շարք միջազգային ահաբեկչական կազմակերպություններ, որոնք թույլ տվեցին այն միջազգային վտանգի ի հայտ գալը, որն այսօր անհանգստացնում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ պետություններին: Տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալիզացիայի հետեւանքով միջազգային ահաբեկչության վտանգն ավելի մեծ թափ ստացավ: Առավել եւս, որ տարածաշրջանի որոշ երկրներ իրենց պետական քաղաքականությունը վարում են հենց այդ դիրքերից:
Թուրքիան աշխարհընկալման բարդ կոնգլոմերատ է, որտեղ բնակչության մեծ մասն ազգակցական կապերի մեջ է, այդ թվում եւ՝ քրդերը, որոնց համառ ճիգերը` ստեղծելու սեփական պետություն, այսօրվա Թուրքիայի քայքայման որոշիչ ուղղություններից մեկն են: Պաշտոնական Անկարան, արդեն մի քանի տարի է, պայքարում է (այդ թվում եւ՝ զենքով) քրդերի դեմ` ցանկանալով նրանց իր կամքին ենթարկել:
Իրաքյան պատերազմը բարենպաստ պայմաններ է ստեղծել քրդերի ինքնորոշման համար, որոնք այսօր քաղաքականապես հասունացել են եւ Իրաքի հյուսիսում կայունության հիմնական հենարանն են: Նրանք նաեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության տարածողն են: Այդ պատճառով էլ քրդերը հետաքրքրում են ԱՄՆ-ին նաեւ որպես ազգ, որն ապրում է եւ՛ Իրաքում, եւ՛ Թուրքիայում: Նրանք այդ երկրների վրա ազդելու կարեւոր լծակ են:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մեծ եւ բավականին հզոր բանակ ունի եւ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ: Թուրքիան մի քանի տասնամյակ ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկեր էր ԽՍՀՄ-ի դեմ սառը պատերազմի ժամանակ: Այսօր Թուրքիայի դերը նկատելի նվազել է, սակայն թուրքական քաղաքական շրջանակները ցանկանում են համատեղել երկրի ներսում քաղաքական խաղերն ու դիվանագիտական կոմբինացիաները ինչպես մուսուլմանական աշխարհի, այնպես էլ Արեւմուտքի հետ: Սա Թուրքիայի քաղաքական շրջանակների երկերեսանիությունն է կամ երկրի իրական դրությունը թաքցնելու, աշխարհին` ինչպես Արեւմուտքին, այնպես էլ՝ մուսուլմանական երկրներին, սեփական պլանները որպես կարեւոր ծառայություն ներկայացնելու նրանց նուրբ ունակությունը:
Եթե Իրաքի մասնատումն իրականություն դառնա, եւ քրդերը սեփական երկիր ունենան, որն, ամենայն հավանականությամբ, կգտնվի ԱՄՆ-ի հովանավորության տակ, անխուսափելիորեն կծագի քուրդ ժողովրդի` Թուրքիայում բնակվող հատվածի հարցը: Տեղի կունենա՞ արդյոք Թուրքիայի մասնատումը: Չէ՞ որ Թուրքիան դեռ Օսմանյան Կայսրության ժամանակներից իր տիրապետության տակ է պահում ոչ միայն քրդական տարածքները, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանը: Եվ եթե մասնատում լինի, ապա դա նաեւ իրավական հիմք կունենա. Օսմանյան Կայսրության փլուզումից օգտվեցին բոլոր ազգերը, բացի հայերից եւ քրդերից:
Իրաքյան մեծ պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է այդպիսի զարգացումների բերել, քանի որ արդեն այսօր ակնհայտ է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն այլ կերպ պետք է լինի, ոչ թե այնպիսին, ինչպիսին գոյություն ուներ Իրաքում բռնակալին տապալելուց առաջ:
Թուրքիան, ի դեմս Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Սարկոզիի, լուրջ հակառակորդ է ձեռք բերել Թուրքիայի համար թերեւս ամենակարեւոր ծրագրերից մեկի լուծման` Եվրամիություն մտնելու հարցում: Հուսով եմ, որ պաշտոնական Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցերի ամբողջական փաթեթ ունի: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրում միջազգային հանրության աստիճանական դրական տեղաշարժն անխուսափելի փաստ է եւ դրանով՝ նաեւ որոշիչ:
Ես հակված չեմ Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալը Հայաստանի համար իբրեւ դրական փաստ համարելու: Թեեւ բացասական բան նույնպես չեմ տեսնում: Կիպրոսի խնդիրը մեզ շատ բան է սովորեցնում:
Արտակարգ լրագրող եւ խիզախ քաղաքացի Հրանտ Դինքի սպանությունն ու թաղումը խոսում են այն մասին, որ փոքրաթիվ հայ համայնքը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն Թուրքիայի ինտելեկտուալ ընտրախավի, այլ նաեւ հասարակ թուրքերի վրա: Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կառուցողական երկխոսությունը թույլ կտա տարածաշրջանին՝ ապրել խաղաղ պայմաններում, եւ կօգնի Հայաստանին՝ հավասարակշռող կարեւոր դեր ունենալ ազգամիջյան հարաբերություններում` ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Այս մեծ տարածաշրջանի կայուն զարգացման կարեւորագույն հարցերից է, թե նոր պայմաններում (պատերազմի ավարտին մոտ) ինչպե՞ս իրեն կդրսեւորի արաբական աշխարհն Իսրայելի նկատմամբ, ի՞նչ ուղղությամբ կզարգանա Պաղեստինի պետությունը: Ի դեպ, Հայաստանի ներկայությունը Շարմ Էլ Շեյխում Իրանի հարցի քննարկման ժամանակ ցույց է տալիս, որ մեր երկիրն ընկալվում է որպես մերձավորարեւելյան քաղաքականության բաղադրիչ:
Սակայն Հայաստանի` տարածաշրջանում ներգրավվելու գործընթացն ընթանում է գավառական աշխարհընկալման հունով, ինչը շատ մեծ ծախսեր է պահանջում: Դրա վառ ապացույցներից մեկը իշխանության ողջ համակարգի կոռումպացված լինելն է, որը համակել է նաեւ ամբողջ հասարակությանը: Կարելի է ասել, որ Հայաստանի անկախության այս ողջ ընթացքում հայտնվել է պետական իշխանության մի համակարգ, որն ամբողջովին միտված է դեպի կոռուպցիան: Իսկ դա չափազանց մտահոգող ցուցանիշ է, քանզի մարդկանց, գաղափարների, ծրագրերի, եւ այլն, ընտրությունն ընթանում է անձի դեֆորմացիայի ճանապարհով, որովհետեւ կոռուպցիան սովորեցնում է երեսպաշտություն, դաժանություն եւ սեփական հարստացում:
Արեւմտյան եւ ռուսական վերլուծաբանների կարծիքով` Հայաստանը հսկայական հնարավորություն է կորցրել, եթե նկատի ունենանք միջազգային հարաբերությունների բարենպաստ դրությունը:
Ի՞նչն է շահավետ Հայաստանին, եւ ինչպե՞ս նա պետք է վարվի, եթե առաջին անգամ կարող է բախվել այնպիսի իրավիճակի հետ, երբ իր ազգային շահերը (հայոց աշխարհի վերաստեղծումը) կարող են համընկնել միջազգային իրադրության հետ: Կկարողանա՞ արդյոք Հայաստանը հասկանալ այդ իրավիճակը, համարժեք արձագանքել դրան, ունի՞ արդյոք հնարավորություններ ազգային ակնկալություններն իրագործելու համար: Չէ՞ որ ազգային մտածողության, պետական վերլուծության ամենակարեւոր թերությունը մնում է այն փաստը, որ կյանքը, ազատությունը եւ իրավական դաշտում մարդու զարգացումն արհամարհվում են: Այլ կերպ ասած` երկրում մարդու կյանքը ոչ մի արժեք չուներ եւ չունի: Մինչեւ ե՞րբ է այսպես լինելու: