Օսիայի լքված փախստականները

30/05/2007 Ալան ՑԽՈՒՐԲԱԵՎ, Դմիտրի ԱՎԱԼԻԱՆԻ

Մեկուկես տասնամյակ առաջ իրենց տները լքած օս փախստականները նույնիսկ չեն լսել իրենց փոխհատուցում տրամադրող վրացական օրենքի մասին

Մարինա Պուխաեւան 16 տարի ապրել է Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանում` այն ժամանակվանից ի վեր, երբ իր ընտանիքի հետ լքել է Վրաստանի Ախմետա շրջանը Հարավային Օսիայի հակամարտության հետեւանքով: Վրաստանում թողած նրա տունը հետագայում հիմնահատակ այրվել է:

Պուխաեւների ընտանիքն այժմ բնակվում է նախկին խոզաբուծական ագարակում գտնվող ինքնաշեն տնակում: Վրաստանից գաղթած մոտ 50 այլ օս փախստականների ընտանիքներ ապրում են նույն բնակավայրում, որը բաղկացած է հսկայական դաշտի մեջտեղում գտնվող անկայուն կառույցներից:

Դեպի մոտակա գյուղը` Կամբիլեեւկան, տանում է մոտ մեկ կիլոմետր երկարությամբ մի կածան: Շրջկենտրոնի դպրոց հասնելու համար այստեղ ծնված եւ մեծացած երեխաները պետք է շատ ավելի երկար ճանապարհ անցնեն:

Բնակավայրում չկա կոյուղագիծ եւ գազ, այնպես որ, ձմռանը մարդիկ վառելափայտով են տաքացնում տները: Դրսում տեղադրված ծորակից հավաքվող ջուրը հաճախ ավազ կամ նույնիսկ մանր ձկներ է պարունակում:

Սա մի թաքնված վայր է, որի մասին քչերն են տեղյակ: Տեղացիներից մեկը հայտնեց IWPR-ին, որ Ռուսաստանի Անվտանգության ծառայության` ԴԱԾ-ի տեղական գրասենյակում հատուկ նշանակած սպա կա, ում պարտականությունն է՝ կանխել օտարերկրյա լրագրողների այցերը բնակավայր:

Փախստականների խոսքերով, այստեղ անցկացրած 16 տարիների ընթացքում նրանք երբեւէ որեւէ օգնություն չեն ստացել կառավարական մարմիններից: Նրանց երբեմն աջակցում են տեղական եւ միջազգային բարեգործական կազմակերպությունները: 2007թ. հունվարի մեկին Վրաստանում ուԺի մեջ մտավ փոխհատուցման մասին նոր օրենքը, որը փոխհատուցում է խոստանում այն փախստականներին, ովքեր կորուստներ են կրել 1990-92թթ. Հարավային Օսիայում հակամարտության հետեւանքով, որի արդյունքում Հարավային Օսիան դե ֆակտո առանձնացավ Վրաստանից: Սակայն այս օրենքի իրագործումը, որը զգալիորեն կբարելավեր փախստականների կյանքը, դեռեւս հեռու ապագայի հարց է, քանի որ երկու կողմերը չեն կարողացել փոխհատուցման գումարների բաշխմամբ զբաղվող հանձնաժողով կազմել: Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները նոր օրենքը «PR գործողություն» են անվանել եւ բողոքել են, որ օրենքի նախագծման ընթացքում նրանց հետ չեն խորհրդակցել:

Վրաստանի կառավարությունը չէր նախատեսել փոխհատուցման վճարումները 2007թ. բյուջեում, եւ թվում է, թե սպասում է միջազգային հանրության կողմից դեռեւս չհաստատված աջակցությանը: Իսկ փախստականները`այդ ծրագրի նախատեսված շահառուները, ասում են, որ իրենք նույնիսկ չեն լսել այդ մասին:

Ըստ Վրաստանի պաշտոնական տվյալների, հակամարտության արդյունքում 60.000 օսեր լքել են Հարավային Օսիան եւ Վրաստանի այլ հատվածները: Նրանց մեծամասնությունն այժմ բնակվում է Հյուսիսային Օսիայում, սահմանի ռուսական հատվածում:

Դեկտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանում երրորդ ընթերցմամբ ընդունված այդ օրենքը սահմանում է, որ ցանկացած ոք, անկախ իր ազգությունից, ով կորցրել է ունեցվածքը հակամարտության արդյունքում, իրավունք ունի փոխհատուցում ստանալ` գույքի կամ դրան համարժեք դրամական արժեքի տեսքով: Օրենքը նախատեսում է, որ պետք է ստեղծվի վրացիներից, Հարավային Օսիայի բնակիչներից ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ հանձնաժողով, որը կդիտարկի փոխհատուցման պահանջ ներկայացնող մարդկանց դիմումները:

Համապատասխան հայտ ներկայացնող ցանկացած ոք իրավունք ունի դիմել հանձնաժողովին` նրա ստեղծման օրից յոթ տարվա ընթացքում: Ենթադրվում է, որ հանձնաժողովը կդիտարկի դիմումները 6 ամսվա ընթացքում, իսկ փոխհատուցումը կվճարվի որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Այնուամենայնիվ, օրենքը հեղինակած Վրաստանի Արդարադատության նախարարության պաշտոնյաները չեն կարող ասել, թե իրականում երբ կարող է վճարվել փոխհատուցումը: IWPR-ի հետ զրույցում արդարադատության նախարար Գիորգի Կավտարաձեն մեղադրեց Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանություններին` ո՛չ օրենքի, ո՛չ հանձնաժողովի հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելու համար:

«Մենք մի քանի անգամ Հարավային Օսիայի իշխանություններին ներկայացրել ենք օրենքի նախագիծը»,- ասում է Կավտարաձեն: «Մենք նաեւ հանձնել ենք այն մի շարք միջազգային կազմակերպությունների միջոցով: Նրանք պարզապես մեզ գրավոր գրություն ուղարկեցին` նշելով, որ իրենց դուր չի գալիս օրինագծի վերնագիրը, դրանով էլ ամեն ինչ ավարտվեց»:

Բորիս Չոչիեւը` Հարավային Օսիայի փոխվարչապետի պաշտոնակատարը, հայտնել է IWPR-ին, որ ինքը տպավորված չէ օրինագծով: «Մենք այնտեղ անելիք չունենք»,- ասաց նա հեռախոսային զրույցի ժամանակ: Չոչիեւն ասաց, որ օրենքը մշակվել է առանց իր վարչակազմի ներգրավվածության, նաեւ հաշվի չի առնվել Եվրոպայի խորհրդի կարծիքը: «Սա օրենք է ոչ թե փախստականների վերադարձի եւ բարեկեցության վերաբերյալ, այլ այն մասին, թե ինչպես չվերադարձնել փախստականներին եւ նրանց փոխհատուցում տալ»,- ասել է Չոչիեւը:

«Ինչպե՞ս կարող ենք խոսել փախստականների վերադարձի եւ բարեկեցության մասին, եթե նույնիսկ հիմա մենք Վրաստանից (օս) փախստականներ ենք գրանցում: Ավելի լավ կլիներ, եթե Վրաստանը քաղաքական վճիռ կայացներ օսերի հանդեպ վարած իր քաղաքականության վերաբերյալ, որը դեռեւս չի փոխվել»: Առանձնացած հանրապետության եւ Թբիլիսիի հարաբերությունները ներկայումս շատ լարված են, իսկ բանակցությունները կասեցվել են տարաձայնությունների պատճառով:

Չնայած Հարավային Օսիայի արձագանքին, Կավտարաձեն ասում է, որ հանձնաժողովը դեռեւս կարող է ստեղծվել` առանց Հարավային Օսիայի ներգրավվածության: Բայց, նրա խոսքերով, մինչեւ պետբյուջեից փոխհատուցման համար նախատեսված գումարների հատկացումն անհրաժեշտ է ստանալ միջազգային կազմակերպությունների համաձայնությունը:

«Բյուջեից համապատասխան գումարներ կհատկացվեն, երբ հանձնաժողովը սկսի իր աշխատանքը»,- ասել է նա IWPR-ին: Այն հարցին, թե ինչպիսի գումարներ են վճարվելու, Կավտարաձեն պատասխանել է. «Սա այն դեպքն է, երբ անհնար է նախնական ֆինանսական հաշվարկներ կատարել: Մենք չգիտենք, թե քանի մարդ կդիմի մեզ, չգիտենք դիմելու պահին գույքի շուկայական արժեքը, չգիտենք նաեւ, թե որքան կաճի գույքի արժեքը Հարավային Օսիայում այս գործընթացի արդյունքում»:

«Խոսքը գնում է միլիարդների մասին»,- ավելացրել է նա: «Միլիոնները դրան չեն բավականացնի»: Կավտարաձեն ասում է, որ Վրաստանը պլանավորում էր միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ կոնֆերանս անցկացնել` գումար հայթայթելու նպատակով:

Միջազգային հանրությունը խրախուսում է Վրաստանին դիմելու այս քայլին: Անցյալ տարվա գարնանը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները խորհրդակցություններ անցկացրեցին Հարավային Օսիայի ոչ կառավարական կազմակերպությունների հետ եւ հանձնարարականներ ներկայացրեցին Վրաստանում օրենքը մշակողներին: Կավտարաձեի խոսքերով, Արդարադատության նախարարության պատվիրակությունը հանդիպել է փախստականներին Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում` բրիտանացիների աջակցությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ:

«Մեր պատվիրակության անդամները սեմինարից հեռացան շատ մեծ տպավորություններով, նրանք վերադարձան` համոզված, որ (փոխհատուցման ծրագիրը) մեծ հետաքրքրություն է առաջացրել այնտեղ ապրող փախստականների շրջանում»,- ասել է նա: Այդուհանդերձ, Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանում, որտեղ սահմանի հարավային կողմից եկած բազմաթիվ օս փախստականներ են բնակվում, ոչ ոք այն մարդկանցից, ում հետ զրուցել է IWPR-ի լրագրողը, երբեւէ չէր լսել վրացական օրենքի մասին, եւ մարդիկ թերահավատորեն էին դրան վերաբերվում:

«Ես ոչինչ չեմ լսել դրա մասին եւ երբեք չեմ հավատա, որ Վրաստանը որեւէ կերպ կարող է օգնել մեզ»,- ասում է փախստական Մերաբ Լազարաեւը:

Լազարաեւը, որ կաղում է հակամարտության ընթացքում ստացված վնասվածքի հետեւանքով, վրդովված բղավեց. «Տեսե՛ք, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում: Ասացե՛ք` կարո՞ղ են արդյոք մարդիկ այստեղ ապրել, այս ցեխի մեջ: Ես նույնիսկ անձնագիր չունեմ, այն կորել է, իսկ հիմա նրանք կպահանջեն անձը հաստատող փաստաթուղթ Վրաստանից: Ես հաշմանդամ եմ, եւ այսքան ժամանակ որեւէ մեկից կոպեկ անգամ չեմ ստացել»:

Հյուսիսային Օսիայի Միգրացիայի ծառայությունում գրանցված են գրեթե 18.000 փախստականներ: Ալեքսանդր Շանաեւը, վարչության`տեղահանված անձանց եւ փախստականների հարցերով զբաղվող վարչության ղեկավարը, ասաց, որ ամենամեծ խնդիրը բնակարանային հարցն է:

«Այսօր բնակարան ստանալու համար հերթագրված է 4275 ընտանիք»,- IWPR-ին հայտնել է Շանաեւը: «Անցյալ տարի հանձնվել է միայն մեկ բնակարանային արտոնագիր, իսկ այս տարի կունենանք եւս մեկը: Այսպիսի տեմպերով բոլորի կարիքները բավարարելու համար կպահանջվի 4275 տարի: Իսկ մեր միգրացիայի ծառայությունը չի կարող ոչինչ անել, քանի որ այդպիսին է (Ռուսաստանի) դաշնային բյուջեից հատկացվող ֆինանսավորման մակարդակը»: IWPR-ը Հյուսիսային Օսիայի կառավարությանը խնդրել է մեկնաբանել եւ՛ փախստականների հետ կապված իրավիճակը, եւ՛ Վրաստանի կողմից փոխհատուցման օրենքը: Սակայն չնայած ազգությունների հարցերով զբաղվող նախարարի տեղակալ Սոսլան Խադիկովին հղված բազմաթիվ դիմումներին, նա չի պատասխանել հարցերին:

Փախստականները ոչ միայն հոգնել են իրենց կենսապայմաններից, նրանք նաեւ վախենում են, որ իրենց կվտարեն ներկա բնակավայրերից: Փախստականներից ոմանք ասում են, որ իրենց վերջերս անծանոթ մարդիկ են այցելել, ովքեր ասել են, թե նրանք ստիպված կլինեն լքել իրենց տները մինչեւ ապրիլ, քանի որ այդ հողատարածքը վարձակալության է տրվել տեղացի գործարարներին:

Սոնյա Տեդեեւան 75 տարեկան է, ծագումով Վրաստանի Տետրիցկարո գյուղից է: Նրա ամուսինը մահացել է Հարավային Օսիայի հակամարտության սկզբից քիչ անց եւ թաղվել էր Վրաստանում: Կինն ասում է, որ նրա գերեզմանաքարը գողացել են, իսկ մարմինը հանել գերեզմանից: Նրա բարեկամներն իրենց հետ բերել էին մարմինը Հյուսիսային Օսիա՝ վերաթաղման նպատակով: Սեւ հագուստ եւ գլխաշոր կրող Տեդեեւան հրավիրել է IWPR-ի լրագրողին իր մեկ սենյականոց տունը, որտեղ կա միայն մահճակալ, սեղան եւ վառարան, իսկ էլեկտրալարերը պարզապես կախված են պատերից: Ժամանակին նա ընդարձակ տուն ուներ Վրաստանում:

«Դուք մեզ չե՞ք խղճում: 17 տարվա ընթացքում ոչ ոք մեզ որեւէ կերպ չի օգնել»,- ասում է նա:

Հ.Գ  Ա. Ցխուրբաեւը Հյուսիսայի Օսիայի gazeta.ru-ի թղթակից է: Դ. Ավալիանին աշխատում է Թբիլիսիի «24 ժամ» թերթում:

Այս հոդվածն առաջին նյութն է, որը պատրաստվել է IWPR-ի նոր ` «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի շրջանակներում, որը միավորում է 50 լրագրողների ամբողջ Կովկասից` եռամյա համագործակցության եւ հանդիպումների նպատակով: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www.iwpr.net) Կովկասյան լրատուից: