Տեղի ունեցավ Լեւոն Գուլյանի հուղարկավորությունը

30/05/2007

Երեկ տեղի է ունեցել մայիսի 12-ին Ոստիկանության շենքում վիճահարույց հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի հուղարկավորության արարողությունը: Գուլյանի հարազատները չեն ընդունում Ոստիկանության վարկածը, թե որպես վկա Ոստիկանություն եկած Լեւոնն ինքնասպանություն է գործել:

Նրանք հայտարարել էին, որ հողին չեն հանձնի աճյունը, քանի դեռ անկախ փորձագետների մասնակցությամբ չեն պարզվել Լ. Գուլյանի մահված իրական պատճառները: «Ի պաշտպանություն Լեւոն Գուլյանի» նախաձեռնող խմբի հրավերով եվրոպացի անկախ փորձագետներ՝ գերմանացի Մարկուս Ռոդշիլդը եւ դանիացի Փիթեր Նեֆն անցկացրել են դատաբժշկական փորձաքննություն: Արդյունքների հրապարակումն ակնկալվում էր շաբաթ օրը, սակայն, ինչպես լրագրողներին այդ օրն ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, փորձագետներն «ինչ-որ պարտավորություններ են ստորագրել»: «Մի կարճ ժամանակ հետո նրանք իրենց եզրակացությունը կներկայացնեն: Բայց այսօր, չվտանգելով նախաքննության ընթացքը, նրանք խնդրեցին, որ չմասնակցեն ասուլիսին»,- ասել էր նա: «Ի պաշտպանություն Լեւոն Գուլյանի» նախաձեռնող խմբի անդամ, «Հույս» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանը, ով հանդիպում էր ունեցել եվրոպացի փորձագետների հետ, ասել է, թե եզրակացության հրապարակումը հետաձգելը կապված է հետեւյալի հետ. «Պատճառը ոչ թե օրենսդրության հետ պայմանավորված խնդիր է, այլ իրենց ժամանակ է պետք, որպեսզի գիստոլոգիայի (հյուսվածաբանական հետազոտություն) պատասխաններն ունենան: Նրանք ասացին, որ իրենց եզրակացությունը կլինի մի քանի օրից՝ մաքսիմում մեկ շաբաթ»: Հակոբյանը փոխանցել է նաեւ փորձագետների ասածը, թե որեւէ բարդություն իրենց «այցի եւ աշխատանքի հետ կապված» չի եղել: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտել է կատարվածը՝ հավելելով. «Որովհետեւ ինչ-որ վարկածներ են բաց թողնում, թե ջուր է խնդրել, հետո պատուհանից թռել. նույնիսկ, եթե դա էլ լինի, մարդուն ի՞նչ վիճակի պետք է հասցնել, որ նա ստիպված երկրորդ հարկից թռնի, այն դեպքում, երբ նա կամավոր է եկել Ոստիկանություն»: Իսկ շաբաթ երեկոյան տեղի է ունեցել մոմերով սգո երթ՝ «Հաջորդը կարող ես լինել դու» կարգախոսով: Մոտ 300 մարդ՝ մոմերը եւ ծաղիկները ձեռքներին, Հանրապետության հրապարակից շարժվել են Ոստիկանության շենք՝ Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորել են Լեւոնի կինն ու քույրերը, ովքեր խնդրել են մարդկանց պաստառները պահել եւ ոչինչ չվանկարկել, քանի որ «իրենք ցույց չեն անում, այլ հարգում են մահացածի հիշատակը»: Խաղաղ երթին մասնակցել է նաեւ «Իմպիչմենտ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Երթի մասնակիցները որոշել էին ծաղիկներն ու մոմերը դնել Ոստիկանության շենքի առջեւ՝ դրանով արտահայտելով իրենց բողոքը, սակայն Ոստիկանության շենքի առջեւ մարդկանց դիմավորել են 20-ից ավելի ոստիկաններ, ովքեր թույլ չտվեցին նրանց մոտենալ շենքին, ինչն էլ առաջացրել է մարդկանց դժգոհությունը: Գուլյանի հիշատակին նվիրված երթին մասնակցողները մոմերն ու ծաղիկները դրել են ոստիկանների ոտքերի առջեւ՝ ոստիկաններին ասելով՝ «ամոթ ձեզ»: Ոստիկանները մարդկանց վիրավորանքներին չեն պատասխանել: Մոտ 10 րոպե իրենց դժգոհությունն արտահայտելուց հետո մարդիկ հեռացել են: