Աննախադեպ Արմեն Աշոտյանը

30/05/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀԿ անդամ, այլեւս չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը միանգամայն նոր իրավիճակում հայտնված Հայաստանի քաղաքական նոր համակարգի մասին «կիսվելու» համար երեկ ասուլիս էր հրավիրել: Նրա կարծիքով` 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվել է քաղաքական մշակույթի նոր ձեւաչափ:

«Մենք միջազգային դասակարգումներով ժողովրդավար երկրների շարքում դասվում ենք անցումային ժողովրդավարությունների շարքին: Իմ բնութագրումն այն է, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների աննախադեպ ընթացքը թույլ է տալիս եզրակացնել, որ մենք թեւակոխում ենք անցումային ժողովրդավարության եզրափակիչ փուլ»,- ասաց Ա. Աշոտյանը` հավելելով, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ավելի վստահորեն հնարավոր կլինի ասել, որ ՀՀ-ում ավարտված է դեպի ժողովրդավարություն անցումը, եւ Հայաստանը կունենա առավել կայուն եւ ժողովրդավարացած համակարգ: Անցումային ժողովրդավարության եզրափակիչ փուլը, Ա. Աշոտյանի դիտարկմամբ, պայմանավորված է ներքին եւ արտաքին հանգամանքներով: Ներքին հանգամանքներից ամենակարեւորն այն է, որ ժողովրդավարական իրական համակարգի ներդրումը հնարավոր է համապատասխան տնտեսական աճի, մինիմալ տնտեսական բարեկեցության ապահովման պայմաններում: «4-5 տարվա աննախադեպ տնտեսական աճը, որն արձանագրում է Հայաստանը, տրամաբանորեն հանգեցնում է նրան, որ ժողովրդավարական հասարակարգ ունենալու համար ստեղծված են նաեւ տնտեսական հիմքեր, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ դա է տալիս ամրություն այն բոլոր բարեփոխումներին ու զարգացումներին, որոնք մենք ունենք»,- ասաց Ա. Աշոտյանն` անդրադառնալով ներքին մեկ այլ հանգամանքի, ըստ որի` «վերջապես տեղաշարժ է լինում քաղաքացիական հասարակություն ձեւավորելու գործընթացում»: Ա. Աշոտյանի կարծիքով` ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ինքն իրեն այլեւս ընկալում է որպես պետության հիմնադիր, մարդ, որից կախված է նաեւ պետության զարգացումը: Ներքին հանգամանքներից մեկն էլ, ըստ Աշոտյանի, քաղաքական վերնախավի դրսեւորած քաղաքական կամքը, պատրաստակամությունն է ընտրությունները քաղաքակիրթ պայմաններում անցկացնելու համար: Իսկ քաղաքական կամքի առյուծի բաժինն Ա. Աշոտյանը հասցեագրեց իշխանություն կազմող ՀՀԿ-ին: 2007թ. խորհրդարանական ընտրություններն աննախադեպ համարող ՀՀԿ-ական Ա. Աշոտյանը փորձեց խոսել նաեւ «աննախադեպ» ընտրությունների արդյունքի, այսպես ասած, բերքատվության մասին. «Ամենակարեւորը, որը մենք չենք ունեցել` լեգիտիմացված մարմինն է: Այն հանգամանքը, որ հետընտրական շրջանում հասարակության մոտ չկա որեւէ կասկած, մտորում` արդյո՞ք լեգիտիմ պիտի լինի ԱԺ չորրորդ գումարումը, արդյո՞ք Հայաստանում ձեւավորվել է լեգիտիմ օրենսդրական մարմին, թույլ է տալիս հստակ մատնանշել, որ մենք ՀՀ-ում ձեւավորել ենք լեգիտիմ օրենսդրական մարմին»,- ասաց նա: Անդրադառնալով ընդդիմությանը՝ նա նշեց, որ մենք ականատես եղանք ընդդիմության քաղաքական սերնդափոխության: «Այն խնդիրը, որն ընդդիմադիր կուսակցությունները պետք է լուծեին ներկուսակցական դաշտում, փորձեին ապահովել ներկուսակցական սերնդափոխություն` իրականում չլուծվեց կուսակցությունների ներսում, եւ քաղաքական սերնդափոխության խնդիրն ընդդիմադիր դաշտից տեղափոխվեց միջկուսակցական դաշտ: Եվ մենք տեսանք, թե ինչպես են ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիր ճակատում խաղացողները փոխվում»,- ասաց Ա. Աշոտյանը: Ի դեպ, Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացը` հանրահավաքները, Ա. Աշոտյանը որակում է որպես «ընդդիմության դաշտում գոյության պայքար»: Ա. Աշոտյանի մոտ տարակուսանք է առաջացրել «Օրինաց երկիր» կուսակցությունը. «Որքան գիտեմ՝ իրենք ընդամենը ելույթ են ունենում հարթակից, այն էլ` ոչ առաջին դեմքով ներկայացված (նկատի ունի «Իմպիչմենտի» հրավիրած հանրահավաքին «Օրինաց երկրի» միանալը փոխնախագահ Հեղինե Բիշարյանի տեսքով.- Լ.Ս.): Նրանք կարծես թե չեն աջակցում հավաքվածների քանակի աջակցմանը, իրենց ընտրազանգվածին, կուսակցականներին կոչ չեն անում միանալ այդ հանրահավաքին: Ընդամենը փորձում են ընդդիմադիր այս հարթության միջից էլ մի քանի շագանակ ստանալ»:

Ա. Աշոտյանն իր ասուլիսում անընդհատ օգտագործում էր «աննախադեպ» բառը` «աննախադեպ ընտրություններ», «աննախադեպ քաղաքացիական հասարակություն», «աննախադեպ տնտեսական աճ», «աննախադեպ քաղաքական կամք», եւ այդպես շարունակ: Ասուլիսն ավարտվեց, իսկ դրսում ամեն ինչ նույնն էր, ոչինչ աննախադեպ չէր: Չէ՛, պրն Աշոտյան, սա Ռիո դը Ժանեյրոն չէ: