«Մեր մարդը»՝ «մեր մարդկանց» մասին

30/05/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Հայաստանի խորհրդարանի եւ նախագահի ընտրություններն ուղեկցվում են միայն ու միայն մի բանով` հնարավոր ծախսերի քննարկում եւ լցոնված քվեաթերթիկների քանակ: Ոչ մեր դաշնակիցները, ոչ էլ հակառակորդներն այդպես էլ ականատես չեն դառնում Հայաստանի եւ առաջատար երկրների, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ հարաբերությունների, աշխարհում մեր տեղի եւ դերի շուրջ առարկայական քննարկման: Սրանք Հայաստանի գործիչների համար վտանգավոր ու անհարմար թեմաներ են, առավել եւս, որ նրանցից գրեթե ոչ ոք նվազագույն պատկերացում իսկ չունի տվյալ խնդիրների էության մասին»,- իր հոդվածում, որը տեղադրվել է «Լրագիր» էլեկտրոնային պարբերականում, գրել է հրապարակախոս Իգոր Մուրադյանը:

Նրա դիտարկմամբ, հենց նման ողբալի պայմաններում Ղարաբաղում պատրաստվում է «մանր տրամաչափի չինովնիկների հերթական շաբաշը», որոնք ներկայանում են իբրեւ այս երկրամասի միակ տերեր: Ի. Մուրադյանը վստահ է, որ հունիսի 19-ին ԼՂՀ նախագահական ընտրությունները լինելու են Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրությունների նման: «Ղարաբաղյան շարժումը սկսվեց ԽՍՀՄ գոյության պայմաններում, երբ այլ պատկերացումներ կային աշխարհաքաղաքական հեռանկարների մասին: Դրանով հանդերձ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը երբեք պետություն չի եղել, եւ այդ կեղծ քաղաքական իրականության հիման վրա որեւէ հարց քննարկելը բացարձակապես անթույլատրելի է: Պատկերացումներն այն մասին, թե Հարթավայրային Ղարաբաղի տարածքները հանձնելը, որպես, այսպես կոչված, կարգավորման պայման, թույլ կտա պահպանել խաղաղությունը եւ ամրացնել ՀՀ-ի արեւելյան սահմանները, բացարձակ անհեթեթություն է, եւ եթե հայկական ղեկավարությունը դրան հավատում է, ապա գալիս է, իսկապես, «անկեղծության պահը»: Իշխանությունները կամ ցանկանում են հասարակությանը շեղել այդ խնդրից, կամ վախեցնել պատերազմով: Թե մեկը, թե մյուսը ոչ այլ ինչ է, քան իշխանությունը պահելու միջոց»,- վստահեցնում է Իգոր Մուրադյանը: Անդրադառնալով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարությանը, թե Հայաստանի ոչ մի քաղաքական կուսակցություն չի ենթադրում այդ հողերի պահպանումը, եւ, որ միջնորդները չեն ուզում լսել Շահումյանի շրջանի եւ այլ կորցրած տարածքների մասին, Ի. Մուրադյանը նկատում է. «Նախ, Հայաստանի քաղաքական կուսակցություններն ավելի լավ է իրենց մռութը մտցնեն սեփական կեղտի մեջ եւ մտածեն սեփական ճակատագրի մասին: Երկրորդ, Շահումյանի եւ այլ տարածքների խնդիրը միջնորդների հետ շփումներում մեր ղեկավարությունը երբեք չի քննարկել բանակցությունների ժամանակ: Սրանք հնարված պատճառաբանություններ են եւ չեն կարող լրջորեն ընկալվել: Փաստացի սահմանները քմահաճույք կամ հավակնություն չեն, այլ ղարաբաղյան հայության գոյության անհրաժեշտ պայմաններ: Սերժ Սարգսյանը, լինելով պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետ, ով բազմիցս արտահայտվել է Հարթավայրային Ղարաբաղը հանձնելու նպատակահարմարության մասին, որպես փաստարկ է բերում այն, թե ԼՂՀ ժողովուրդը ցանկացել է միավորվել ՀՀ-ին, ոչ թե գրավել այդ հողերը: Թե ինչ էր այն ժամանակ ցանկանում ղարաբաղյան ժողովուրդը, հիմա միայն Աստված գիտե: Եվ, փառք Աստծո, ղարաբաղյան ժողովուրդը վաղուց մոռացել է այն, ինչ ցանկանում էր այն ժամանակ: Իսկ այ նրանք, ովքեր կազմակերպում էին շարժումը, երբեք չէին պատկերացնում Ղարաբաղն առանց նրա հյուսիսային մասի եւ ՀՀ-ին կապող հայտնի տարածքների: Դա, իհարկե, դժվար հասկանան նրանք, ովքեր այն ժամանակ հույս էին կապում կուսակցական եւ սովետական կարիերայի հետ: Ընդհանրապես, ներկայում շատերը կուզեին ջնջել անցյալը եւ սկսել ներկան իրենց հաղթարշավով: Շատերն այնպես են խոսում, կարծես բոլորս մահացել ենք: Դա այդպես չէ, ոչ բոլորն են մահացել: Բանակցային գործընթացի էության մասին բավական տեղեկություն կա. եթե չի հաջողվում միանգամից պարզել որոշ նրբություններ, վաղ թե ուշ դա հաջողվում է, ընդ որում` հաճախ այնպիսի հանգամանքներ, որոնք այդպես էլ չի հաջողվում պարզել հայկական օֆիցիոզին, միաժամանակ պարզվում են առանձին դիվանագետների պահվածքի որոշ պահեր»: Այնուհետեւ Ի. Մուրադյանը սկսում է գովաբանել բանակցային գործընթացը՝ այն որակելով` «պրոֆեսիոնալ»: Քանի որ բանակցություններին Հայաստանից մասնակցում են Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը, հասկանալի է, որ, ըստ Ի. Մուրադյանի, «պրոֆեսիոնալները» Քոչարյանն ու Օսկանյանն են: Սակայն Ի. Մուրադյանն իր հոդվածում մի փոքր «մեղադրում» է Օսկանյանին, իսկ Ռ. Քոչարյանին` ոչ: «Անկեղծ ասած, շատ դժգոհություն չկա (խոսքը բանակցությունների մասին է.- Լ.Ս.): Չի կարելի ասել, թե բանակցությունը վարվում է ոչ պրոֆեսիոնալ, սակայն միայն պրոֆեսիոնալիզմը քիչ է: Ղարաբաղի խնդիրը չի հանդուրժում միայն մարտահրավերներին արձագանքման հնարքները: Հայաստանի ղեկավարները, բանակցության սկզբունքների շուրջ հրապարակային հայտարարելով բավական բարենպաստ թեզեր, երբեմն բառացիորեն հաջորդ օրը հակառակորդի եւ միջնորդների հետ սկսում են քննարկել բացարձակապես անպետք պայմաններ, ինչը տեղի ունեցավ վերջին տարիներին: Նախագահ Քոչարյանը բավական երկար ժամանակ հավաստի տեղեկություն չի ստացել արտաքին շահագրգիռ կողմերի իրական նպատակների մասին, որում մեղավոր է, առաջին հերթին, ԱԳՆ-ն, ինչը, սակայն, չի հանում նախագահի պատասխանատվությունը»: Այնուհետեւ Ի. Մուրադյանը` մեջբերելով իր բաքվեցի ընկերոջը՝ գրում է. «Մեր մարդը» Երեւանում, ով ձգտում է նախագահ դառնալ Հայաստանում, հայտարարում է, որ Հարթավայրային Ղարաբաղի հողերը պետք է հանձնվեն հակառակորդին՝ «խաղաղության դիմաց»: ԼՂՀ-ում նախագահի պաշտոնին հավակնում է մի այլ «մեր մարդ», որպես Երեւանում «մեր մարդու» «մարդ» եւ ընկեր: Նրանցից բացի, կա եւս մեկը, ով գտնվում է չճանաչված նախագահի վիճակում, ոչ մեկի տարածքում, ավելի չճանաչված, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ մարդը շատ է ուզում, թողնելով նույնիսկ Երեւանում չճանաչված նախագահի պաշտոնը, «մնալ» արտաքին քաղաքականությունում, այսինքն՝ «մնալ» այնտեղ, որտեղ երբեք չի եղել»: Պարզից էլ պարզ է, որ արտաքին քաղաքականության մեջ մնալու ցանկություն ունեցողի մասին ակնարկները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին, ում մեջ Իգոր Մուրադյանը մի քանի տարիներ շարունակ «անարդյունք» փորձել է հետաքրքրություն ներարկել արտաքին քաղաքականության հանդեպ: «8-10 ժամերի ընթացքում, երբ նա զրուցում էր ինձ հետ, ամեն հանդիպման ժամանակ ես տպավորություն էի ստանում, թե նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե չզբաղվի արտաքին քաղաքականությամբ: Համարձակվում եմ պնդել, որ վերջին 10 տարիներին իմ չափ քչերն են արտաքին քաղաքական զանազան շփումներ ունեցել: Այն ծրագրերի բյուջեները, որոնց ես մասնակցել եմ, տասնյակ անգամ գերազանցել են ոչ միայն ԼՂՀ ԱԳՆ բյուջեն, այլեւ ԼՂՀ պետբյուջեի եկամտային մասը: Համենայնդեպս, ԼՂՀ ղեկավարության հետ կիսվելու բան կար, հնարավոր էր նույնիսկ մի քիչ լրացնել ԼՂՀ բյուջեն: Հնարավորություն կար նաեւ ղարաբաղյան չինովնիկների համար բնակարաններ ձեռք բերել Երեւանում: Բայց չեղավ»,- գրում է Ռոբերտ Քոչարյանի 8-10 ժամերի զրուցակից Ի. Մուրադյանը: Այնուհետեւ նա անցում է կատարում աշխարհաքաղաքական զարգացումներին. «Ժամանակակից աշխարհում պետությունները կորցնում են ինքնիշխանությունը, եւ նույնիսկ խոշոր, հզոր տերությունները ստիպված են վերահաստատել իրենց ինքնիշխանությունը: Սակայն այս միտումը հնարավորություն է տալիս ներդնել սկզբում վիրտուալ, եւ ապա իշխանության ոչ ֆորմալ մարմիններ` ի դեմս լավ կազմակերպված հասարակական խմբերի: Նույն այդ հայկական իրականության մեջ բավական մարդիկ կան, ովքեր վաղուց հասկացել են իրականությունը եւ կատարել են որոշ, թեկուզ՝ սահմանափակ խնդիրներ ԼՂ-ի արտաքին քաղաքականության վարման ուղղությամբ: Քիչ բան չի արվել, եւ այդ ծրագիրը կզարգանա՝ ձեռք բերելով նոր պարտավորեցնող շփումներ, պայմանավորվածություններ: Միջազգային հանրությունը Հարավային Կովկասի իրավիճակի մասին տեղեկություններ է ստանում մի շարք երկրների երիտասարդ մարդկանց կորպորացիայից, որոնք ստացել են փայլուն կրթություն եւ հայրենասիրական դաստիարակություն (մի շարք դեպքերում` ավանդական դաշնակցական ընտանիքներում): Հենց այդ տեղեկատվությունն է, եւ ոչ թե ԼՂՀ նախագահի ցուցադրական զրույցները, դառնում պատասխանատու կառավարական թղթերը կազմելու հիմքը: Արդյոք այս նվազ գիտակից տարրերը Ստեփանակերտում հավատացած են, թե նրանք մենաշնորհային իրավո՞ւնք ունեն ներկայացնելու ղարաբաղյան շահերը: Թող ոչ ոք չմոռանա, որ ԼՂՀ-ն չճանաչված պետություն է, իսկ դա նշանակում է, որ այդ պետական կազմավորումը ներկայացնելու են նրանք, ովքեր արտաքին գործընկերներին ապացուցել են իրենց իրավունքը եւ ակտուալությունը: Միջազգային քաղաքականությունը բազմաշերտ է, հրապարակային քաղաքականությանը զուգահեռ կա ոչ հրապարակայինը, եւ մանրամասները բոլորի համար չեն»:

Ի. Մուրադյանի կարծիքով, ԼՂՀ ընտրություններում հաջողություն ապահովելն անհնար է: ԼՂՀ նախագահի յուրաքանչյուր թեկնածու պետք է շատ հստակ պարզաբանի իր վերաբերմունքը ԼՂՀ փաստացի սահմանների վերաբերյալ` մի կողմ թողնելով կարգավորման խնդիրը, որովհետեւ «դա բացարձակապես անիմաստ է»: