Որտե՞ղ պահել փողերը` այս հարցը սովորական քաղաքացու համար կարող է դառնալ գիշերային մղձավանջ: «Դոշակի» տակ պահելն այնքան էլ լավ գաղափար չէ: Մի օր էլ փողը կարող է թուղթ դառնալ: Բանկում պահ տալն էլ նշանակում է, եթե սնանկ է բանկը՝ ապա սնանկ ես նաեւ դու: Այս պարագայում փողին գալիս-փոխարինում է ոսկին, որը ցանկացած ժամանակ իր գինն ունի:
Մայրաքաղաքում թանկարժեք մետաղների առք ու վաճառքի մի քանի կետ կա, որտեղ էլ հայաստանցիներն իրենց լրացուցիչ «կոպեկը» սարքում են հավերժ կապիտալ: «Ոսկու շուկա» ասվածը գնորդներին այնքան էլ մեծ տեսականի չի առաջարկում: Շուկան ողողված է անորակ, էժանագին ոսկյա զարդերով: Ասում ենք՝ ոսկյա, որովհետեւ այդ է վկայում զարդի վրայի դրոշմը: «Իսկ ո՞վ է դրոշմողը»,- մեր հարցի պատասխանը շատ կարճ էր` չգիտեմ: Այսպես է պատասխանում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական շուկայի զարգացման եւ արժութային կարգավորման վարչության պետ Կարեն Թամազյանը: Բանն այն է, որ Հայաստանը մինչեւ նախորդ տարի թանկարժեք մետաղների ոլորտը կարգավորող օրենք չի ունեցել: Համապատասխան օրենք ունենք արդեն շուրջ մեկ տարի, սակայն դա նույնն է թե՝ օրենք չունենք, քանի որ ոչինչ չի փոխվել: Մինչ այս, թանկարժեք մետաղների ոլորտը կարգավորվում էր 1956թ., խորհրդային տարիներին ընդունված օրենքով, որով թանկարժեք մետաղների վրա հարգադրոշմ խփելը պետական գործառույթ էր: Թանկարժեք մետաղից պատրաստված ցանկացած իր տարվում էր Մետաղափորձական տեսչություն, որտեղ էլ տվյալ իրը նախ հարգորոշվում էր, հետո էլ՝ հարգադրոշմվում: Ըստ Կարեն Թամազյանի, Մետաղափորձական տեսչությունը 1992թ. ի վեր հարգադրոշմել է 10-15 հազար իր, եւ անզեն աչքով էլ տեսանելի է, որ շուկայում առկա քանակը շատ ու շատ ավելին է: Այդ իրերն էլ հիմնականում պատկանել են Երեւանի ոսկու գործարանին: Թեպետ պետական մարմինը չի հարգադրոշմել շուկա նետված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի զգալի մասը, սակայն շուկայում չես գտնի մի իր, որն իր վրա հարգադրոշմ չունենա: Եվ այդ հարգադրոշմն էլ ոչնչով չի տարբերվում պետական նմուշից: Այստեղ պարզից էլ պարզ է, որ հարգադրոշմելն ինչ-որ մարդկանց, այսպես կոչված, սեւ բիզնեսն է դարձել: Մեր ունեցած տեղեկություններով, կեղծ հարգադրոշմերը ներմուծվում են Ռուսաստանից, քանի որ Հայաստանում ու Ռուսաստանում պահպանվել է խորհրդային տարիներին ընդունված նմուշը` քառակուսու մեջ պատկերված է աստղ, որի կողքին էլ նշված է ոսկու հարգը: Հասկանալի է, չէ՞, որ իր արհեստանոցում ոսկյա զարդեր թափող ոսկերիչն իր զարդը հարգադրոշմելու համար ոչ թե դիմում է պետական մարմնին, այլ` նախապատվությունը տալիս է կեղծ հարգադրոշմին: Իրի հարգադրոշմելը երկու դեպքում էլ վճարովի ծառայություն է` մեկ իրի համար 1200-2500 դրամ, սակայն կեղծ հարգադրոշմի պարագայում կարելի է եւ այդ իրն ընդհանրապես ոսկուց էլ չսարքել, բայց վաճառել ոսկու գնով: Հարգադրոշմի վրա չի երեւում, թե որ կազմակերպությունն է այն դրոշմել, ուստի գնորդն անգամ կեղծիքը հայտնաբերելու դեպքում էլ չի կարող մեղադրել որեւէ մեկին: Ֆինանսների նախարարությունում տեղյակ են, որ ոսկու շուկայում կարելի է գնել ամեն ինչ, միայն ոչ ոսկի: Մեր զրուցակիցն ասում է, որ ոսկյա զարդերի անվան տակ հաճախ են պատահում պղնձի եւ արծաթի խառնուրդից պատրաստված իրեր, որոնց վրա նշված հարգադրոշմը շատ հեռու է իրողությունից: Ոսկյա ծանր շղթաների սիրահարներին նպատակահարմար ենք համարում զգուշացնել, որ այն, ինչ փայլում է, դեռ ոսկի չէ: Քաշի ավելացման համար «հմուտ» մասնագետների պատրաստած իրերում երբեմն կապարը գերակշռում է ոսկուն: «Սա ոչ միայն քրեական հանցագործություն է, այլեւ այս մետաղը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար»,- ասում է Կարեն Թամազյանը: Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիները ոսկի գնելու մտայնությամբ իրենց փողերը փոշիացնում են երեւանյան ոսկու շուկաներում: Ո՞րն է պատճառը, որ համատարած անօրինականությունների համար ոչ ոք դեռեւս պատիժ չի կրել: Ակնհայտ է, որ այս բարձիթողի վիճակն ինչ-որ մարդկանց համար խիստ շահավետ է: Ասվածի վկայությունն է «Թանկարժեք մետաղների մասին» 2006թ. ընդունված նոր օրենքը, որն օրենքի նախագծից օրենք դառնալու ճանապարհին կորցրել է իր բուն իմաստը: Այս օրենքը կյանքի կոչելու համար պահանջվել է 5-6 տարի եւ նախնական փուլում վերնագրված է եղել որպես օրենք` «Թանկարժեք մետաղների եւ քարերի մասին»: Վերջնական տարբերակում թանկարժեք քարերի մասը դուրս է թռել օրենքից եւ ներկայումս էլ քարերի մասով դեռ չունենք նոր օրենքը: Ընդդիմացողը հիմնականում եղել է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, պատճառաբանելով, թե որպես Քիմբերլիի անդամ երկիր՝ թանկարժեք քարերի շրջանառությունը պետք է կարգավորվի Քիմբերլիի օրենքով: Օրենքի տրամաբանության մեջ է եղել նաեւ՝ տիրապետել երկիր մտնող եւ դուրս եկող ողջ ոսկու քանակին, որը պետք է ներառեր ներմուծում, արդյունահանում, մաքուր ոսկու ստացում, վաճառք, արտահանում: Օրենքում խախտվել է այս ցիկլը: Պետության կողմից վերահսկողության է ենթարկվում միայն ներմուծումը եւ վաճառքը: Այս անգամ էլ կրկին դիմադրել են Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն ու մի շարք պատգամավորներ: Առեւտրի նախարարությունն իր մոտեցումը հիմնավորել է նրանով, թե վերահսկելով արդյունահանված ոսկու զտումը, միջամտում են տնտեսվարողի գործերին: Նախարարությունը դեմ է եղել նաեւ ոսկու վաճառքով զբաղվողներին պարզ լիցենզիա հատկացնելուն, սա էլ հիմնավորելով, թե խանգարում են ազատ առեւտրին: Առեւտրի նախարարության համար անընդունելի է եղել Ֆիննախի՝ «ոսկին որպես խնայողության միջոց» ձեւակերպումը: Եվ այս հարցում Առեւտրի նախարարությունն իրավացի է: Զավեշտը նրանում է, որ ո՞վ չգիտի, որ ոսկու շուկայից ոչ ոք, որպես խնայողության միջոց, ոսկի չի գնում: Այստեղից գնվող ոսկին հիմնականում նախատեսված է նվերի համար: Երկու գերատեսչությունների վեճն ավարտվել է նրանով, որ օրենքով ոսկու վաճառքի վերահսկողությունը տրվել է համայնքներին: Ներկայումս ոսկու առեւտրով զբաղվելու համար քաղաքացին նախ պետք է ունենա իր տարածքի վերաբերյալ կադաստրի վկայական, գրանցում՝ որպես հարկատու եւ թույլտվություն թաղապետարանից: «Այս մեխանիզմը չի աշխատում: Թաղապետարաններից մոտ 9 կետի թույլտվության մասին են մեզ տեղեկություն ուղարկել»,- նշում է Ֆինանսական շուկայի զարգացման եւ արժութային կարգավորման պետը: Նոր օրենքը սահմանել է նաեւ նոր հարգադրոշմի նմուշը. քառակուսու մեջ պատկերված է «Սասունցի Դավիթը» եւ նրա կողքին՝ հարգադրոշմը խփած, լիցենզավորված կազմակերպության թիվը: Ֆինանսների նախարարությունն արդեն տրամադրել է հարգադրոշմողի մեկ լիցենզիա, եւ հարգորոշողի որակավորում է ստացել 11 անձ: Համաձայն օրենքի` արգելվում է հին հարգադրոշմերով ոսկյա զարդերի վաճառքը, սակայն այսօր էլ շուկան հեղեղված է հին դրոշմի իրերով: Ստուգելու իրավասությունը Հարկային պետական ծառայությանն է եւ Ֆիննախի թանկարժեք մետաղափորձական տեսչությանը: Կեղծիքի դեպքում օրենքն առաջին անգամ պատժում է 50 հազար դրամի չափով, երկրորդ դեպքում` 350 հազար եւ այդպես շարունակ՝ մնացած բոլոր դեպքերի համար: Կեղծիքի համար օրենքը քրեական պատասխանատվություն չի նախատեսել: Ներմուծված ոսկու պարագայում Հայաստանում ընդունելի է համարվում Միջազգային ասոցիացիաների կողմից սահմանված հարգադրոշմը, որը պատկերում է երկու շրջան: Իտալական կամ թուրքական ոսկի գնելուց առաջ գնորդներին խորհուրդ ենք տալիս ոսկյա զարդի վրա փնտրել երկու շրջան պատկերված հարգադրոշմը, այլապես այդ իրը չի համապատասխանում իր գնին: