1857-ի մարտի 8-ին Նյու Յորքում ցույցի դուրս եկան կարի ու կոշիկի ֆաբրիկայի բանվորուհիները` բողոքելով երկար աշխատանքային օրվա եւ ցածր աշխատավարձի դեմ: Նրանք պահանջում էին տղամարդկանց հավասար իրավունքներ: 1910-ից մինչ օրս աշխարհի շատ երկրներում Մարտի 8-ը նշվում է որպես «կանանց իրավունքների օր»: Հայաստանում կանանց իրավունքները կարծես թե այնքան էլ պաշտպանված չեն, փոխարենը` կանայք ունեն 2 տոն` Մարտի 8-ը եւ Ապրիլի 7-ը:
Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի կարծիքով` «Կանանց մարտի 8-ի միջազգային տոնը եվրոպական ծագում ունեցող տոներից է: Այն կապում են բոլշեւիկյան քաղաքակրթության հետ, բայց բոլշեւիկյան քաղաքակրթությունն ուղղակի որդեգրել է եվրոպական արժեքները` որպես կնոջ ազատականության եւ իրավահավասարության խորհրդանիշ: Բոլշեւիկներն այն ընդունեցին որպես նոր կնոջ` խորհրդային կնոջ, բոլշեւիկյան քաղաքակրթության կնոջ խորհրդանիշ: Հայկական միջավայրի համար 2 տոներն էլ անհրաժեշտ են (Մարտի 8-ը եւ Ապրիլի 7-ը): Ապրիլի 7-ը հայ կնոջ փառաբանման խորհրդանիշ է: Այն կապված է մեր կրոնական սովորույթների, առանձնահատկությունների հետ:
Այսօր հայ կնոջը միայն ռակուրսով պետք է ներկայացնել, որովհետեւ այդ տոնը (Ապրիլի 7-ը) շեշտում է հայ կնոջ էթնիկական առանձնահատկությունը: Եվ ինչպես մեր մտրակիչ պատմիչ Մովսես Խորենացին է ասում` հայ կնոջ հեզությունն ամենախորհրդանշականն է, որում Աստված կբնակվե»: Այսօր սակայն, ըստ պարոն Հակոբյանի` «հայ կնոջ կերպարը բավականաչափ մթագնել է: Եղիշեն ասում էր. «Նախարարների կորուստը լրացվում էր հայ տիկնանց փայլքով»: Այսօր կանանց այդ փայլքը խամրել է` եւ՛ ապականության առումով, եւ՛ հեզության առումով, եւ՛ մարտիրոսության աստիճանի հասնող ինքնազոհաբերության առումով»: Չնայած սրան, Դ. Հակոբյանը կարծում է, որ նոր սերունդը բավականին համակրելի եւ հզոր պոտենցիալ կարողություն ներկայացնող սերունդ է` «անկախ հայ կնոջ, դասական կնոջ կերպարից շեղումներից, որը մենք այսօր ստացել ենք կեղծ ժողովրդավարական արժեքների, բուրժուական բարքերի էտապում»: Նա, մեջբերելով Բաբելոնի թագավոր Համուրաբիի խոսքերը, այսպես բնութագրեց այսօրվա հասարակությունը. «երկրային հեշտանք-վայելքների եւ ամենաթողության լրբանոց»: Նրա կարծիքով` Բաբելոնը հենց այդ բարքերի պատճառով կործանվեց:
Դարձյալ մեջբերում անելով, այս անգամ` Վահրամ Փափազյանից, պարոն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ «հայ տղամարդը կնոջը գնահատել չգիտի: Մենք սովոր ենք կանանց հետ վարվել այնպես, ինչպես վայրի արջը կհոթոթար վայրի տանձենու տակ»: Այն, որ այսօր կանայք գրեթե ներկայացված չեն պետական կառավարման ապարատում, նա համարում է «իրավահավասարության բիրտ ոտնահարում»:
Պարոն Հակոբյանը կարծում է նաեւ, որ հայ տղամարդիկ այսօր բավականաչափ դիվանագիտական ճկունություն չունեն: «Այսօր մենք պետք է կանանց դիվանագիտական ճկուն ուղեղներն օգտագործենք: Մեր դիվանագիտական կորպուսում շատ կանայք պետք է լինեն: Ես տեսնում եմ դրա անհրաժեշտությունը»,- ասում է մեր զրուցակիցը: Որպես կանանց դիվանագիտական ունակությունների վառ ապացույց` պարոն Հակոբյանը բերեց «շատ համարձակ եւ շատ աղվես դիվանագետ» Կոնդոլիզա Ռայսի եւ տարիներ առաջ ամերիկյան քաղաքականության «ուղնուծուծ» Հիլարի Քլինթոնի օրինակը: Պարզվում է` պարոն Հակոբյանը հրապուրված է Հիլարի Քլինթոնով եւ կարծում է, որ «Քլինթոնին նախագահ սարքողն այդ կինն էր: Այդ կինն այն ժամանակներում ԱՄՆ քաղաքականության ամբողջ ուղնուծուծն էր, հատկապես` տնտեսական քաղաքականության մեջ, եւ իզուր չէ, որ Քլինթոնը բյուջեն հանձնեց 200 մլրդ պրեֆիցիտով, գործազրկությունը 12-ից հասցրեց 4%-ի»: Նա կարծում է նաեւ, որ Ազգային ժողովի տեղերի «մինիմում մեկ երրորդը պետք է տալ կանանց» եւ չենք ունենա այսօրվա ԱԺ-ի պես ԱԺ, որտեղ ըստ նրա` կրիմինալ աշխարհը ներկայացված է իր ողջ գունագեղությամբ:
Զրույցի վերջում պարոն Հակոբյանը պնդեց, որ «Լուրջ կանանց պետք է մեծ դեր տալ, եւ մենք այդ պոտենցիալն ունենք։ Կնոջ դերը քաղաքականության մեջ այսօր չափազանց մեծ է եւ պարտադիր պետք է նրանց համար կանաչ ճանապարհ բացել: Եթե մենք պառլամենտի 30%-ը հատկացնենք հայ տիկնանց, շատ առողջ պառլամենտ կձեւավորվի եւ կանանց դիտողություններից ամոթխածությունը մեծ արդյունք կտա: Այսօր մեր պառլամենտը օլիգոֆրենիկ պառլամենտ է: Կինն իր տեղում չէ այսօր»: