Փարիզաբնակ քանդակագործ Խաչիկ Գազանճյանը շատ հետաքրքիր ճակատագրի տեր մարդ է։ Հայ լինելով, նա երբեք Հայաստանում չի եղել. ապրել է Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ յուրաքանչյուր երկրի գույնն ու տեխնիկան օգտագործում է իր աշխատանքներում։ Նա դաստիարակվել ու մեծացել է՝ մեծ հարգանք տածելով բնության կողմից մարդուն ընծայված նյութերի հանդեպ։ Խաչիկ Գազանճյանը երեք տարի աշխատել է Փարիզի հայտնի Լուվր թանգարանում: Նա եղել է այն սակավաթիվ մասնագետների շարքում, ում վստահվում են Լուվրի գանձերի ռեստավրացիոն աշխատանքները։ Նա միակ հայ մասնագետն էր, որ վերականգնում էր Լուվրի անտիկ ու արդի շրջանի քանդակները։ Հիմա հայ քանդակագործը Փարիզի հայկական ամենօրյա «Դպրոցասեր վարժարանում» ու տարբեր եվրոպական համալսարաններում է դասավանդում եւ երիտասարդներին ծանոթացնում քանդակների սկզբունքների հետ։ Նաեւ Սեւրի հայտնի հախճապակու թանգարանի վերանորոգման աշխատանքներին է մասնակցում։
Հայաստանում Խաչիկ Գազանճյանի անունը հայտնի դարձավ Վատիկանի կողմից արված պատվերի շնորհիվ։ 2005 թվականին Վատիկանում տեղադրվեց նրա հեղինակած Սուրբ Գրիգոր Լուսավորչի քանդակը։
– Ինչպե՞ս սկսվեց քանդակագործի ձեր ճանապարհը։
– Բեյրութում, ապա Վենետիկի Մխիթարյանների վարժարանում, դեռ մանուկ հասակում մեզ սովորեցնում էին կավի ու ցեխի հետ աշխատել։ Իտալիայում ցեխը՝ տերակոտան, կարեւոր դեր ունի։ Շատ կարեւոր է, որ երեխաները դեռ մանկապարտեզից, առանց «այբ-բեն-գիմն» իմանալու, աշխատեն կավի ու ցեխի հետ, հետեւեն, թե ինչպես է բնական ցեխը չորանում, ինչպես կարելի է նրան ձեւ տալ ու պահպանել այդ ձեւը՝ քանի դեռ ցեխը չի հասցրել չորանալ, մինչեւ իր վերջնական տեսքը չի հասցրել ստանալ ու չի փշրվել։ Այդ ամենը սովորեցնում է երիտասարդին ուշադիր լինել սեփական վարքի հանդեպ ու պատասխանատու լինել այն ամենի համար, ինչն իր ձեռքն է վերցնում։
– Կարծում եմ, այդ պատասխանատվության զգացումն ընտանիքից է սկսվում։
– Ընտանիքն ընդհանրապես համարում եմ ամենակարեւոր բանը, քանի որ այն նախախնամության պես բան է, որը որոշում է երեխայի ապագան։ Իմ ընտանիքն ամեն ինչ արեց, որպեսզի ես կարողանամ իմ սիրած աշխատանքն անել։ Հայրս նկարիչ էր ու լավ հասկանում էր, որքան կարեւոր է երեխայի համար սեփական ապագային հետեւելը, նույնիսկ, եթե այն կարող է փշոտ լինել։ 1966 թվականին ես Ֆրանսիա տեղափոխվեցի ու ֆրանսիական կառավարության տված թոշակի շնորհիվ կարողացա ուսումս շարունակել։ Եվրոպան արվեստագետներով լի է, այն բաց գիրք է հիշեցնում, որտեղ ամեն մի մարդ ու ամեն մի ճյուղ իր տեղն ունի։ Այն, ինչը դուք տեսնում եք, ասենք, Լուվրում, շատ փոքր մասն է այն ամենի, ինչը պահվում է Լուվրի շենքի նկուղներում։
– Փարիզում հե՞շտ էր ամրապնդվելը: Կարելի՞ է ասել, որ արվեստով հնարավոր է այստեղ ապրել։
– Կարող եմ այսպես պատասխանել. միայն արվեստով չէ, որ կարողանում ենք ապրել, ապրում ենք քանդակով։ Անշուշտ, կան քանդակներ, որոնք արվեստ չեն։ Ես, օրինակ, շատ ջանքեր եմ թափել, որպեսզի մղեմ հայ ժողովրդին իրենց շիրմաքարերը խաչքարեր դարձնելուն։ Շատ մարդիկ խաչքարերի մասին լուր չունեին, ընդ որում, ոչ միայն այստեղ՝ Ֆրանսիայում, այլեւ՝ կոմունիստական շրջանի Հայաստանում։ Ես փոքրիկ խաչքարեր էի պատրաստում ու պատմում նրանց նշանակության մասին։ Արգելված լինելով` խաչքարերը չէին կարող իրենց հարստության ու սիմվոլների մասին պատմել։ Խաչքարերի սիմվոլները՝ խորհրդանիշերը, բացահայտ դրված են լինում քարերի վրա, պետք է կարողանալ դրանք կարդալ ու հասկանալ։
– Խաչքարերը կարելի է համարել մեր կոդավորված պատմությունը։ Հնարավոր համարո՞ւմ եք խաչքարերի գաղտնիքների հիման վրա հետաքրքիր ու, որոշ իմաստով, անսպասելի գրքի կամ ֆիլմի ստեղծումը։
– Անշուշտ խաչքարերի սիմվոլները կոդեր են։ Եվ շատ սիմվոլների արմատները Արեւելքից՝ Չինաստանից են ձգվում։ Այդ մասին շատ քիչ հայեր գիտեն։ Եվրոպայում երբ պատմում եմ այդ մասին, բոլորի բերանները բաց են մնում։ Իհարկե, շատ կապեր կան, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Նաեւ հախճապակու պատրաստման պատմությունն է հայերի անվան հետ կապվում։ Դա, անշուշտ, շատ հարգի ու հետաքրքիր կարելի է ներկայացնել։ Եկեղեցիների կառուցման եղանակն էլ գաղտնիքներով ու բանալիներով լի է։ Մեկ քարը՝ բանալին, սխալ դնես, ամենը փուլ կգա։ Այդ բանալիներից շատերը դեռ հասկացված չեն։ Բայց ոչինչ, որ հասկացված չեն, կարեւորը դրանք պահպանելն է։ Երբ լուսանկարների վրա տեսնում եմ, որ Հայաստանի եկեղեցիների պատերի արանքներից ու գմբեթի վրա խոտ է աճում, մտածում եմ, որ եկեղեցիները շուտով կխարխլվեն, քանի որ խոտը մանրէի պես բան է, որը խախտում է քարերի հավասարակշռությունը։ Այդ ամենը շատ խնամքով պահպանելուց հետո, այն կարելի է ուզածդ տեսքով ներկայացնել աշխարհին։
– Պատմեք Վատիկանում տեղադրված ձեր քանդակի մասին։
– Քանդակ պատրաստելու պատվերը եղավ Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի կողմից։ Նա 2001 թվականին Հայաստան այցելեց՝ Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակը նշելու համար եւ ասաց, որ իրենք չեն կարող այս տոնը նշել առանց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներն ունենալու։ Եվ Իտալիայի Նապոլի քաղաքից՝ Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, Հայաստան բերվեցին մասունքները, եւ Երեւանում նոր տաճար օրհնվեց։ Հովհաննես-Պողոս Երկրորդն ազգությամբ լեհ էր եւ լավ գիտեր հայերի պատմությունը, քանի որ Լեհաստանում մեծ հայկական համայնք կար։ Եվ նա նախաձեռնեց արձանի տեղադրումը։ Արձան նախագծելու ընդհանրական կոչ եղավ, ինձ էլ հրավիրեցին մասնակցելու։ Եվ ես իմ քանդակի գծագիրն ուղարկեցի։ Իմ պատկերած Գրիգոր Լուսավորիչը ոտաբոբիկ ճգնավորի տեսք ուներ, քանի որ նրա կյանքի վերջին տարիները ճգնավորության մեջ են անցել։ Բայց մրցույթի կոմիտեն ինձ ասաց, որ իրենք ուզում են Տրդատ թագավորի ժամանակների շքեղ եկեղեցական զգեստ հագած Լուսավորիչ տեսնել։ Ես փոփոխեցի իմ քանդակն, ու որոշվեց այն տեղադրել Վատիկանում։ Ես կարծում էի, որ այդ քանդակի լուրը Հայաստան չի հասել։ Ես Հայաստանում չեմ եղել։
– Իսկ ինչո՞ւ չեք ուզում Հայաստան գալ։
– Ես շատ եմ ուզում, բայց չեմ ցանկանում իբրեւ տուրիստ գալ, ուզում եմ իմ աշխատանքներով ներկայանալ։ Իսկ Հայաստանից, դժբախտաբար, հրավերներ դեռ չեն եղել։
– Դուք զգո՞ւմ եք` որքան շատ ժամանակ է անցնում՝ այնքան մեծանում է Սփյուռքի ու Հայաստանի միջեւ եղած անդունդը։ Որոշ ժամանակ հետո սփյուռքահայերն ամբողջովին կձուլվեն այն երկրի բնակիչների շարքերում, որտեղ ապրում են: Արդեն իսկ քչերն են հայերեն խոսում։ Դա բնակա՞ն երեւույթ է։
– Սփյուռքը տարբեր է, երկրներ կան, որտեղ հայկական դպրոցներ չկան կամ էլ շատ բարձր վճար են պահանջում, եւ հայերն իրենց երեխաներին հայկական դպրոցներ ուղարկել չեն կարողանում։ Ֆրանսիայում, օրինակ, հայկական դպրոցներն անվճար են, այդ պատճառով էլ հայությունը պահպանվում է։ Իսկ Հայաստանի ու Սփյուռքի միջեւ առաջացող անդունդի մասին մտահոգվելը տեղին է։ Դա երկկողմանի մտածմունքի պատճառ պիտի լինի։ Ես մի քանի անգամ փորձել եմ կապեր հաստատել Հայաստանի հետ, որոշ տեղեկություններ ստանալու համար նամակներ եմ ուղարկել տարբեր կազմակերպություններ, բայց ինձ ոչ մի տեղից չեն պատասխանել։ Արդյոք դա ի՞մ մեղավորությունն է, ինչպե՞ս կարող եմ ես որպես հայ պահպանվել ու հայերի մասին տեղեկություններ տարածել Եվրոպայում, եթե այդ գործում ինձ չի օգնում Հայաստանը։ Ես շատ երիտասարդների գիտեմ, որոնք ուզում են հարաբերություններ ստեղծել իրենց պատմական հայրենիքի հետ։
– Մենք ընդամենը 15 տարեկան անկախ պետություն ենք, այդ կապերը նորից պետք է ստեղծենք։
– Ես դա գիտեմ։ Գիտեմ նաեւ, որ ամենակարեւորը գործի սկիզբն է։ Ինձ համար էլ է դժվար եղել հայկական արմատների վերագտնումը, իմ ծնողները հայերեն չէին խոսում, քանի որ ծնվել են Թուրքիայում ու միայն թուրքերեն էին խոսում: Բայց ես ամեն ինչ արեցի, որպեսզի հայերեն վարժ խոսեմ ու չկտրվեմ հայկական պատմությունից։ Գիտե՞ք, ընդհանրապես պատմության հոսքի զգացումը բառերով նկարագրել չի կարելի։ Այդ զգացումը կամ ունենում ես, կամ՝ ոչ։ Իսկ եթե ունենում ես այդ զգացումը, անպայման հպարտանում ես դրանով։
– Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը կօգնի՞ ֆրանսահայերին՝ վերագտնել այդ հպարտությունը։
– Շատ հայեր կան, որոնք հեռու են գտնվում հայկական մթնոլորտից, իրենց անուններն են փոխել ու որպես ֆրանսիացի են ներկայանում։ Այդպես ավելի դյուրին է շատերի համար, քանի որ իրենք աշխատում են որեւէ բան չանել Հայաստանի համար ու չհիշատակել իրենց արմատների մասին։ Անշուշտ, այստեղ կորում է հայկական կուլտուրան։ Պետք է անընդհատ այդ մասին հիշեցնել, ծանոթացնել, եթե ուզում ենք պահպանել Սփյուռքի հայությունը։ Իսկ մշակույթը, գեղարվեստը ամենազորեղ ու գեղեցիկ լեզուն է, որով կարելի է խոսել ու այդ կապը պահպանել։