ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ «Տեսակետ» ակումբում վկայակոչելով ՀՀ ԱԺ վերջին ընտրությանը միջազգային դիտորդների տված գնահատականը՝ նշեց, թե ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:
Նրա համոզմամբ, իհարկե, թերություններ եղել են, որոնք պետք է ուսումնասիրվեն եւ մեղավորներն էլ պատժվեն: Իսկ մայիսի 12-ի ընտրությունը կեղծված համարող ընդդիմությունն, ըստ Տ. Թորոսյանի, պարզապես դարձել է իր նախընտրական խոստումների զոհը: «Մարդիկ այնքան մեծ խոստումներ էին տվել նախընտրական շրջանում, որ հիմա ինչ-որ ձեւով պետք է բացատրեն անհաջողությունը,- նշեց նա՝ հավելելով,- Ի վերջո, թողեցին պատկառելի մի հատված ձայների, մոտ 25%, որը հետագայում վերաբաշխվեց, եւ է՛լ ավելի մեծացավ ՀՀԿ-ի բաժինն ապագա խորհրդարանում»: Հետաքրքիր է, իսկ կարո՞ղ է ՀՀԿ-ն, որպես բարի կամքի դրսեւորում, այդ 25%-ը «թողած» եւ ԱԺ-ից դուրս մնացած ընդդիմադիր ուժերին պաշտոններ առաջարկի գործադիր իշխանության մեջ: Հարցին ԱԺ խոսնակն այսպես արձագանքեց. «Նա, ով գա կառավարություն, ներկայացուցիչ ունենա, բնականաբար, այլեւս ընդդիմություն չի կարող լինել»: Ի դեպ, իր սովորության համաձայն, ընդդիմություն համարվող Արտաշես Գեղամյանը վերջին ընտրությունից հետո էլ է ընդհատակ անցել ու ոչ մի ձայն չի հանում: Լուրեր կան, որ նա ինչ-որ պաշտոն ստանալու համար բանակցությունների մեջ է իշխանությունների հետ: Գեղամյանին պաշտոն տալու մասին խոսակցությունները Տ. Թորոսյանը երեկ հրաժարվեց մեկնաբանել: Իսկ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ-ին պաշտոն տալու մասին հարցին պատասխանելիս ԱԺ խոսնակը նշեց, թե ընդհանրապես չի կարելի բացառել, որ որեւէ մեկը կարող է կառավարության մեջ ներկայացված լինել: Նրա խոսքերով՝ համագործակցության տարբեր ձեւեր կարող են լինել, բայց եթե խոսքը կոալիցիայի մասին է, ապա այն ձեւավորվում է խորհրդարանական ուժերի մասնակցությամբ: Առաջիկայում ձեւավորվելիք կառավարության ու ԱԺ-ում պաշտոնների բաշխման մասին հարցերին Տ. Թորոսյանի պատասխանները ստանդարտ բնույթ էին կրում եւ որեւէ կոնկրետ ինֆորմացիա չէին պարունակում: Նա միայն նշեց, որ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին որոշում է ՀՀ նախագահը եւ հասկացրել է, որ այդ պաշտոններում կնշանակվեն անկուսակցականներ, ինչից կարելի է ենթադրել, որ Միքայել Հարությունյանն ու Վարդան Օսկանյանը հավանաբար կշարունակեն պաշտոնավարել: Մյուս պաշտոնների բաժանման մասին հարցերին էլ, ինչպես նշեցինք, Տ. Թորոսյանը որեւէ հստակ պատասխան չտվեց՝ ասելով, թե ամեն ինչ պարզ կլինի բանակցություններից հետո, որոնք, ըստ նրա, կլինեն քաղաքական ուժերի լայն շրջանակի հետ: «Համագործակցության հնարավորությունները շատ են, ամենակարեւորը, որ իսկապես լիարժեք համագործակցություն լինի: Ինչքան ավելի շատ կուսակցություններ ներգրավված լինեն այդ համագործակցության մեջ, այնքան ավելի լայն կլինի բազմակարծությունը եւ ավելի արդյունավետ կլինի աշխատանքը: Չնայած, ես կարծում եմ, որ ՀՀԿ-ականները, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի համագործակցության ֆորմատը, մասնակիցները, մասնակիցների թիվը եւ այլն, միշտ էլ պատրաստ են լիարժեք աշխատել»,- վստահեցրեց նա՝ հավելելով, թե, օրինակ՝ 1999-2003 թվականների խորհրդարանում կոալիցիա չկար, բայց կար լայն համագործակցություն ՀՅԴ-ի հետ: Տ. Թորոսյանը չբացառեց, որ ԱԺ հանձնաժողովներում ղեկավար պաշտոններ կստանան նաեւ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք կոալիցիայի մեջ չեն լինի: Երեկվա ասուլիսում չշրջանցվեց նաեւ ՀՀ նախագահի առաջիկա ընտրության թեման: Տ. Թորոսյանը կարծիք հայտնեց, թե երկրում քաղաքական գործընթացների զարգացումն ակնհայտորեն հուշում է, որ ՀՀ հաջորդ նախագահը կուսակցական է լինելու: Լրագրողները նրանից փորձեցին պարզել, թե ի՞նչ է մտածում նա Արամ Կարապետյանի՝ օրերս արած այն հայտարարության մասին, թե ՀՀ հաջորդ նախագահի հիմնական մրցակիցները երեքն են. ինքը՝ Արամ Կարապետյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Սերժ Սարգսյանը: Ի պատասխան՝ Տ. Թորոսյանը նշեց, թե Արամ Կարապետյանն ու Արթուր Բաղդասարյանն իսկապես իրար մրցակից կլինեն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի՞: Այս հարցին էլ Տ. Թորոսյանը պատասխանեց. «Ես նման բան չասացի: Անկախ մրցակցության աստիճանից, միշտ էլ թեկնածուներն այլընտրանք ունենում են եւ պիտի ունենան: Ես կարծում եմ, առնվազն մեկ տասնյակ թեկնածուներ կլինեն նախագահական ընտրություններում, իսկ դա հասարակության համար այլընտրանք է: Այլ բան է, թե այլընտրանքներն ինչպիսի ազդեցություն ունեն կամ ինչպիսի ակնկալիքներ կարող են ունենալ հասարակությունից: Հիմա էլ քսանից ավելի այլընտրանքներ կային խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց դա չէր նշանակում, որ բոլորն ունեն հավասար հնարավորություններ: Ի սկզբանե դա ակնհայտ էր, այդտեղ որեւէ գաղտնիք չկար»: