«Չէի ասի` 100 տոկոսով, բայց 90 տոկոսով ապաքինվել եմ եւ վերադարձել եմ աշխատանքի»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսն այսպես սկսեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը Հասարակածային Գվինեա կատարած այցից հետո հիվանդացել էր՝ 10 օրից ավելի անտեր թողնելով մեր արտաքին քաղաքականությունը: Հիշեցնենք, որ Օսկանյանի հիվանդության պատճառով չկայացավ մարտի 2-ին նախատեսված նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Անգամ խոսակցություններ եղան, թե Օսկանյանի հիվանդության մասին հայտարարվեց, որպեսզի տեղի չունենա հենց այդ հանդիպումը:
«Մինչեւ հիմա դեռ կասկածում եք, չէ՞, որ ես իսկապես հիվանդ եմ եղել»,- ի պատասխան նման հարցադրմանը` հայտարարեց Վարդան Օսկանյանը եւ մանրամասնորեն ներկայացրեց Հասարակածային Գվինեայում իր հիվանդանալու ողջ խրոնիկան: Իսկ երեկ արդեն 90 տոկոսով ապաքինված նախարարը` իր իսկ խոսքերով, ասուլիս էր հրավիրել «ոչ թե նոր բան ասելու, այլ ավելի շուտ բավարարելու ձեզ մոտ առաջացած հարցերը»: Սակայն մինչեւ հարցերին պատասխանելը, Օսկանյանն անդրադարձավ չորս հիմնական թեմաների՝ փետրվարի 20-ին իր՝ Հասարակածային Գվինեա կատարած այցին, ԼՂ հակամարտության կարգավորման Պրագայի գործընթացին, ԵԱՀԿ փաստահավաք առաքելության եւ Եվրամիության՝ վերջերս հրապարակած Հայաստանի մասին զեկույցներին: Հասարակածային Գվինեա կատարած այցի արդյունքը, ըստ Օսկանյանի, այն է եղել, որ այդ երկրի իշխանությունների հետ կապ է հաստատվել: «Կոնտակտ է հաստատվել, զանգելու, խոսելու»,- ասաց Օսկանյանը, որն այդ երկրի իշխանություններին առաջարկել է իրավական հիմք ստեղծել Հասարակածային Գվինեայում գտնվող հայ օդաչուների փոխանակման համար: Այդ առաջարկին դեռեւս վերջնական պատասխան չեն տվել, բայց պատրաստակամություն են հայտնել պայմանագրային հիմք ստեղծելու համար: Այսպիսով, Օսկանյանը գնացել-հասել է Հասարակածային Գվինեա, այնտեղ հիվանդացել է, արդյունքում, սակայն, ընդամենը կապ է հաստատել այդ երկրի ղեկավարների հետ:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ապա, թեեւ Օսկանյանը Պրագա չէր գնացել, սակայն այնտեղ հանդիպում տեղի ունեցել էր՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Փաստահավաք առաքելության ներկայացուցիչների միջեւ: Բայց Վարդան Օսկանյանը դրանից այնքան էլ չէր տխրել, քանի որ, մինչ Մամեդյարովը Պրագայում ծանոթանում էր ԵԱՀԿ փաստահավաք խմբի զեկույցին, «այդ նույն պահին» համանախագահները զեկույցն ուղարկել են Օսկանյանին, եւ ինքը դրան ծանոթացել է Երեւանում: Սակայն Վարդան Օսկանյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել այդ զեկույցը՝ խոստանալով իր գնահատականները հայտնել զեկույցի պաշտոնական հրապարակումից հետո միայն:
Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ի ՝ Հայաստանին նվիրված զեկույցը Վարդան Օսկանյանը դրական է գնահատում, ասելով, որ այդ զեկույցը լավ հիմք է ստեղծում Հայաստանի անհատական գործունեության ծրագրի մշակման համար: Օսկանյանը նորմալ է վերաբերվում նաեւ զեկույցի այն հատվածին, որտեղ խոսվում է ադրբեջանական գրավյալ տարածքների մասին: «Հաշվի առնելով, որ դա նոր ձեւակերպում չէ, ես համարում եմ, որ զեկույցի մեջ Ղարաբաղի հատվածը բավական նորմալ է»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, թե դրանից պետք չէ եզրակացնել, որ Հայաստանն ագրեսոր է: «Մի՞թե ԼՂ-ի բանակը չի կարող տարածքներ օկուպացնել,- հարցրեց Օսկանյանը եւ ինքն էլ պատասխանեց,- իհարկե, կարող է»: Այսինքն՝ ագրեսորը ոչ թե Հայաստանն է, այլ Լեռնային Ղարաբաղը: Իհարկե, Վարդան Օսկանյանի խոսքերով, Հայաստանը համաձայն չէ նման ձեւակերպումների հետ, բայց 1993 թվականից հետո տարբեր միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում այդ արտահայտությունն ամրագրվում է, եւ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը՝ համաձայն չլինելով, ուղղակի համակերպվել է դրա հետ:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակին, ապա, ըստ Վարդան Օսկանյանի, իր եւ Մամեդյարովի միջեւ կայացած վերջին հանդիպումից հետո որեւէ բան չի փոխվել: «Այսօր բոլոր հարցերը սեղանի վրա դրված են՝ կարգավիճակ, անվտանգության խնդիրներ, տարածքներ, փախստականներ, եւ դրանց շուրջ բանակցություններ են գնում, բայց որ այդ հարցերի շուրջ մենք համաձայնության ենք եկել՝ ոչ: Առանձին հարցերի շուրջ դեռեւս որեւէ գրավոր փաստաթուղթ չի ծնվել»: Իսկ ի պատասխան այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջերս մամուլում հայտնված տեղեկությունները, թե մայիսի 2-ին Պրագայում կայանալիք հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Սխալ է, ուղղակի չարժե նույնիսկ խորանալ, չկա այդպիսի բան»:
Թե երբ է կայանալու Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը, վերջինս դեռեւս չգիտի: Հանդիպման ժամկետները, հավանաբար, հայտնի կդառնան այս ամսվա կեսերին: