Նախագահի եւս մեկ թեկնածու

30/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Իմ կարծիքով՝ ընտրություններին հաղթել է փողը, ինչո՞ւ չէ, նաեւ ուժը եւ Ժողովրդական կուսակցությունը»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց Ժողովրդական կուսակցության եւ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նա իր կուսակցությանը հաղթած է համարում, որովհետեւ այս ընտրություններին բավականին առաջընթաց է ունեցել: Նրա ասելով՝ եթե Ազգային ժողովի նախորդ ընտրություններին իր կուսակցությունը ստացել էր 17.000 ձայն, ապա այս ընտրություններին՝ կրկնակի անգամ ավելի: Իսկ եթե հաշվի առնենք, որ Ժողովրդական կուսակցությանը տրված ձայների ուղիղ կեսն էլ, ինչպես նշեց Կարապետովիչը, հաշվել են այլ կուսակցությունների օգտին, ապա առաջընթացն իսկապես ծանրակշիռ է: Բացի այդ, Տիգրան Կարապետյանը գտնում է, որ իրեն տրված ձայներն ամենաազնիվն են, ժողովրդի սրտից բխող: Այդ ձայների համար նա կաշառք չի տվել, եւ այդ ձայները ոչ թե իշխանություններին են դեմ եղել, ինչպես որ ընդդիմության քվեներն են, այլ եղել են կողմ՝ Ժողովրդական կուսակցությանը: Բայց Տ. Կարապետյանն էլ առաջվանը չէ, ընտրություններից հետո նրա մեջ շատ բան է փոխվել: Շատ բան է փոխվել նաեւ նրա սեփական ԱԼՄ հեռուստաընկերությունում: Նա, ճիշտ է, հիմա վերադարձել է հարազատ եթեր, սակայն առաջվա նման միամիտ, հանդուրժող ու մեծահոգի չի լինի, հեռուստացույց ու DVD էլ չի բաժանի, փակել է «Շոգեքարշ» հաղորդումը: Նա հերքեց այն լուրը, թե ընտրության արդյունքների մասին տեղեկանալով՝ բարկացել է եւ ջարդուփշուր արել «Շոգեքարշի» պտտվող անիվը. «Ես շատ հանգիստ եմ, ո՛չ կոտրում եմ, ոչ փշրում եմ»: Բայց տեղեկացրեց, որ կփոխի նաեւ «Գանձանակ» հաղորդումը: Եթե մինչեւ ընտրությունները մարդիկ զանգում ու պատվիրում էին «ադամանդների» եւ «զմրուխտների» արժանացած աստղերի կատարումները, ապա այսուհետ ԱԼՄ-ն է որոշելու, թե ում երգը քանի անգամ կհնչի: Եվ ընդհանրապես, ԱԼՄ-ն այսուհետ դառնալու է մշակութային ալիք: Մի խոսքով, ընտրությունների արդյունքներից հետո Տիգրան Կարապետովիչը դառնացել է այս աշխարհից: Նա համոզված է, որ իր ձայների մի մասը փողով տարել են, բայց թե ովքեր են տարել` չի ասում: «Բոլորը դա գիտեն, եթե գիտի բնակչության 70-80 տոկոսը, ապա փաստեր պետք չեն, որովհետեւ դա ակնառու, բոլորի համար հասանելի ինֆորմացիա է»,- ասում է Տ. Կարապետյանը:

Նա իր բաժանած հեռուստացույցները ընտրակաշառք չի համարում. «Առանց որեւէ ակնկալիքի հեռուստացույցներ բաժանելով՝ ուզում էինք մարդու արժեքը բարձրացնել, որ նա ասի` ես երկու հեռուստացույց ունեմ, ես հարուստ եմ, 3-4-5 հազար դրամը ինձ պետք չէ: Ես փորձում էի փարոսային վիճակից հանել մարդկանց, բայց դա չաշխատեց,- ափսոսում է Կարապետովիչը: -Ես մարդուն ասում եմ՝ քեզ հեռուստացույց եմ տվել, ինչո՞ւ ես ընտրելու համար 3000 դրամ ուզում, ասում է՝ պետք է»:

Ժողովրդական կուսակցության նախագահը տեղեկացրեց, որ «Շոգեքարշի» ընթացքում բաժանել է 5000 հեռուստացույց: Եթե ամեն մի հեռուստացույցը հաշվենք թեկուզ 200 դոլարով, ապա բաժանվել է ուղիղ 1 մլն դոլարի հեռուստացույց: Բաժանվել են նաեւ DVD-ներ, ֆոտոապարատներ, ակնոցներ ու այլ իրեր: Մի խոսքով, մարդու արժեքը բարձրացնելու համար Տ. Կարապետովիչը բաժանել է մոտ 1,5 մլն դոլարի կենցաղային իրեր:

Այնուամենայնիվ, Տ. Կարապետյանը չի պատրաստվում ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում, որովհետեւ բնակչությունն ուներ ընտրություն՝ «վերցնել կամ չվերցնել»: Նրա կարծիքով՝ փող վերցնելն ընտրությունը դարձնում է բիզնես, իսկ փողի հաղթանակը հաղթանակ չէ: Տ. Կարապետյանն իր կարծիքն ունի նաեւ նոր Ազգային ժողովի մասին. ասում է, որ դա արտաքին ուժերի եւ մեր իշխանությունների դաշինքն է: Ժողովրդական կուսակցության նախագահը գիտի, որ «Ժառանգություն» կուսակցությանը սատարում են ամերիկյան ինչ-որ ուժեր, իսկ «Օրինաց երկիրն» էլ երբեք չի թաքցրել իր եվրոպական կողմնորոշումը: Բոլոր դեպքերում Տ. Կարապետյանը համոզված է, որ անկախ այն բանից` հաղթե՞լ է, թե՞ պարտվել, կուսակցությունը պարտավոր է մասնակցել քաղաքական գործընթացներին: Նույն տրամաբանությամբ էլ նա մասնակցելու է 2008թ. նախագահական ընտրություններին: Եթե նախագահական ընտրություններին էլ հավաքի 100.000 ձայն, ուրեմն ինքը ճիշտ ուղղությամբ է գնում: Բայց հանուն բարու հաղթանակի պատրաստ է նաեւ իր թեկնածությունը հանել մեկ ուրիշի օգտին: