Կաշառք՝ առանց փողկապի, հողաթափերով

30/05/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ներեցեք, անձամբ Դուք երբեւէ կաշառք վերցրե՞լ եք: Այս հարցը հասցեագրում ենք դպրոցների տնօրեններին, բուժհաստատությունների ղեկավարներին, բարձրաստիճան զինվորականներին, պետական չինովնիկներին, նախարարներին, ՀՀ նախագահին: Եվ, առհասարակ, մեզնից յուրաքանչյուրին: Դժվար գտնվի դպրոցի տնօրեն, որը պատասխանի` այո, ես 200 դոլար կաշառք եմ վերցրել աշակերտի ծնողից, որ նա ազատվի 10-րդ դասարանում դպրոց հաճախելու անհրաժեշտությունից: Կամ` այո՛, ես վերցրել եմ 5000 դոլար կաշառք, որպեսզի համաձայնեմ հիվանդանոցի, ասենք, մանկաբարձության ու գինեկոլոգիայի բաժնում աշխատանքի ընդունել երիտասարդ բժշկին: Կամ՝ այո՛, ես կաշառք եմ վերցրել նորակոչիկի ծնողներից, որպեսզի տղային Ղարաբաղ չուղարկեմ: Կամ` այո՛, ես կաշառք եմ վերցրել (եւ դա անում եմ պարբերաբար) իմ ղեկավարած ոլորտի հիմնարկների տնօրեններից: Նման բան ոչ ոք չի ասի, քանի որ յուրաքանչյուրին թվում է, որ կաշառք վերցնում են ուրիշները: Իսկ անձամբ իրեն ծրարով տրված գումարը բացառապես շնորհակալության դրսեւորում է: Եվ եթե ինչ-որ մեկը հանդգնի ասել, թե վերցրածդ կաշառք է, վերջիններս պատրաստ են նրան երիցս նզովել` իրենց բարի համբավն արատավորելու համար: Սակայն այդ դեպքում ինչի՞ համար են հետընտրական զրույցները ժողովրդի զանգվածային բարոյալքման, մի քանի հազար դրամով իրենց ձայները վաճառելու թեմայով: Եվ հատկապես խորհրդարանական այս վերջին ընտրություններից հետո, երբ «շնորհակալության» այս մեխանիզմն էլիտար շրջանակներից իջավ դեպի ժողովրդական լայն զանգվածներ` ստանալով ընտրակաշառք անունը: Այսինքն, բարձրաձայն արձանագրվեց փաստ` ժողովուրդը ծախվեց: Դա այդպես է: Եվ այդպես է՛ր: Հատկապես 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին դրվեցին բնամթերքն ու փողը որպես ընտրակաշառք կիրառելու հիմքը: Երբ չորս տարի առաջ ՀՀ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, հիշո՞ւմ եք՝ նրա օգտին ինչ փառահեղ կեղծիքներ էին անում բոլորը` սկսած դպրոցների տնօրեններից: Հետո եղան ԵԱՀԿ եւ ԵԽ ԽՎ դիտորդների կոշտ գնահատականները, գերտերությունների առաջին դեմքերի սառը շնորհավորանքները: Այն ժամանակ դեռեւս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այդ գնահատականները որակեց որպես զգացմունքայնության պոռթկումներ եւ փաստեց, որ եվրոպացի դիտորդները ծանոթ չեն մեր ազգային խառնվածքի նրբություններին ու դրանց դրսեւորման ձեւերին: Ո՛չ կոշտ գնահատականները, ո՛չ համաժողովրդական բողոքի ալիքը գրոշի արժեք չունեցան, քանի որ դրանցից հետո ընտրակեղծիքների տեխնոլոգիան կատարելագործվեց, կեղծիքի մեջ կամավորության սկզբունքով ներգրավվածների թիվն ավելացավ:

Հայ ժողովրդի մեծ մասն ընտրություններն այլեւս ընկալում է որպես եկամտի` թող որ փոքրիկ, բայց կայուն աղբյուր: Հիմա, երբ հեռավոր գյուղում կյանքից մոռացված գյուղացին հասկացավ, թե «ժողովրդավարական» երկիր ունենալու համար որքան կարեւոր է իր ձայնը եւ, որ այդ ձայնը նաեւ նյութական էկվիվալենտով է արտահայտվում` երեք հազար դրամ եւ ավելի, նա արդեն անհամբեր է` երբ է գալու նախագահակա՛ն ընտրությունների բաղձալի ժամանակը: Չգիտես ինչու, ժողովրդի` առանց լուրջ դիմադրության ծախվելու հանգամանքը շոկային էֆեկտ առաջացրեց քաղաքական գործիչների, մտավորականների, մի խոսքով, «էլիտայի» շրջանում: Նման սուր ընկալումների պատճառները, հակված ենք կարծել, ավելի շուտ հոգեբանական է: Բանն այն է, որ կաշառք տալն ու այն վերցնելը խիստ ինտիմ պրոցես է, ուր երրորդն ավելորդ է, ուր, երկուսից բացի, որեւէ մեկը չպետք է ֆիքսի այդ խորախորհուրդ րիտուալը: Բառացիորեն բոլոր բարձրաստիճան չինովնիկների կյանքում եթե ոչ ամեն օր, ապա ամիսը մի քանի անգամ լինում են առիթներ, երբ ինչ-որ մեկն աշխատասենյակում (կամ չեզոք գոտում), զրույցի ընթացքում, այնպես` իմիջիայլոց, սեղանին ծրար է դնում եւ մատների թույլ շարժումով հրում այն դեպի հասցեատերը, ինչպես Բենդերը` Կորեյկոյի` թղթադրամներով լի պորտսիգարը: Ծրարի առկայությունն աշխատասեղանին չի ենթադրում զրույցի ընդհատում: Բարձրաստիճան չինովնիկը, դիցուք` նախարարը, անգամ ծրարի կողմն էլ չի նայում կամ ձեռքի թեթեւ շարժումով այն սահեցնում է դարակը: Եվս մեկ-երկու սիրալիրությունների փոխանակում, եւ արարողությունն ավարտվում է: Իսկ այս բռի ու անտաշ գյուղացիները, այս լյումպենը խախտել է կաշառք վերցնելու արարողությունը. ամեն ինչ անպարկեշտության աստիճանի բաց է, անթաքույց:

Հետընտրական այս շաբաթվա ընթացքում հետաքրքիր էր հետեւել խորհրդարանական ընտրություններում հաջողություն չարձանագրած կուսակցությունների եւ թեկնածուների գնահատականներին: Մասնավորապես, ուշագրավ էր ՀՀ Գրողների միության քարտուղար Լեւոն Անանյանի դառնությունը. հայրենի Նոյեմբերյանում իրեն` հայ գրողին ու մտավորականին, ստորադասել են գործարար Հրանտ Վարդանյանի որդուն: Ու գրողն արձանագրում էր, թե որքա՜ն խեղված են արժեքներն այսօր. մարդիկ նախընտրում են կանխիկ ընտրակաշառքն ապառնի լավ կյանքի հեռանկարից: Այո, այդ խեղճ գյուղացիները վերցրե՛լ են ընտրակաշառք: Իսկ ո՞վ է ասել, որ կաշառք վերցնելը հաճելի է միայն փոքր խումբ մարդկանց, որն, ի դեպ, կաշառակերությանը տվել է մեղմացուցիչ` կոռուպցիա անվանումը, եւ սիրում է դրա դեմ վիրտուալ պայքար մղել այնպես, ինչպես դաշնակցականները` նախընտրական շրջանում. վերջիններս ընտրողներին կեգլիներով ու գնդակով մանկական պայուսակներ էին նվիրել: Գնդակի վրա գրված էր՝ «ՀՅԴ», կեգլիներից յուրաքանչյուրին գրված էր մեր հասարակությանը հատուկ մի արատ, ասենք` «կոռուպցիա», եւ երեխան գնդակով, այսինքն` ՀՅԴ-ի միջոցով, պետք է փորձեր հարվածել «կոռուպցիային»: Որպես կանոն` գնդակը նպատակին չէր հասնում:

Երբ գործարար Հրանտ Վարդանյանը հիսունական դոլար էր բաժանում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներին, վերջիններս, եթե չենք սխալվում, չհրաժարվեցին գումարից: Հակառակը, երախտիքի խոսքեր էին մրմնջում մեծ բարերարի հասցեին` զուգահեռաբար ծոցագրպանում տեղավորելով գումարը: Իսկ տարին նախընտրական էր. առջեւում 2003թ. նախագահական, ապա եւ՝ խորհրդարանական ընտրություններն էին: Հիսուն դոլարի կարգի գումար նույն գործարարը բաժանեց նաեւ հայ գրողներին, որոնց մեջ էլ հրաժարվողներ չեղան: Այդ դեպքում, ո՞ր տրամաբանությամբ ենք ակնկալում, որ կաշառքից հրաժարվի շարքային քաղաքացին:

Կաշառքի նրբությունն այն է, որ այն տալիս են նրան, ումից այս աշխարհում ինչ-որ բան է կախված: Հասարակ ժողովուրդը, որպես կանոն, միշտ հանդես է եկել կաշառք տվողի դերում եւ գիտակցել է, որ իրենից ոչինչ կախված չէ` իր ընտանիքի կարիքներից բացի: Եվ, համաձայնեք, բարդ է չգայթակղվել, երբ դուռը թակում են անձամբ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի (Գուրգեն Արսենյանի մասին այսուհետ` կա՛մ լավ, կա՛մ` ոչինչ) մարդիկ ու խնդրում, որ անդամագրվեն իրենց կուսակցությանը` շեշտելով, որ վերջինիս դերը ՀՀԿ-ում կամ, ասենք, ԲՀԿ-ում անփոխարինելի է: Հասարակության ստորին շերտերն այնքան էլ չեն ընկալում, թե ինչն է պատճառը, որ ընտրություններից հետո մտավորականները, քաղաքական գործիչներն ու կուսակցությունները դեմքին զզվանքի կամ քամահրանքի արտահայտություն տալով` խոսում են, թե որքան մեծ է ժողովրդի անկումը, որը բնամթերքով կամ կանխիկ գումարով վաճառում է իր ձայնը, այսինքն` կաշառվում է: Ոչ ոք չի ժխտում, որ հայ ժողովրդի մի զգալի մասն այս ընտրություններին ընտրակաշառք է վերցրել: Որովհետեւ նույն ժողովրդին զզվեցրել է լինել միայն կաշառք տվողի դերում, եւ հետո նա իր կյանքում չի տեսել գեթ մի չինովնիկի, որը հրաժարվի կաշառքից: Այսինքն` մեր հասարակության քաղաքական, մտավոր հատվածն ազնիվ, անկաշառ լինելու նախադեպեր դեռեւս չի ստեղծել: Հետեւաբար, անիմաստ է նախադեպ ակնկալել ներքեւից` ժողովրդից: Պարզապես պետք է սպասել այն ժամանակներին, երբ կաշառք վերցնելուն զուգահեռ` ժողովուրդը զգա նաեւ իշխանությունը վերցնելու, ստանձնելու հաճույքը: Եվ մի օր, հերթական ընտրություններից առաջ, նա կփորձի վերցնել արդեն ոչ թե փողը, այլ իշխանությունը: