«168 Ժամ» թերթում տպագրվող «Նաիրիտ գործարանին» առնչվող հոդվածների շարքն իրարանցում է առաջացրել Ռուսաստանում շահագրգիռների շրջանում: Հետաքրքիրն այն է, որ հայկական կողմն` ի դեմս իրավասու պաշտոնյաների կարծես, սպասում են դեպքերի հետագա զարգացմանը եւ բնականաբար մեր հրապարակած տեղեկատվության հավաստի կամ ոչ հավաստի լինելու վերաբերյալ «քար լռություն» են պահպանում:
Խմբագրությունը կրկին էլեկտրոնային նամակ է ստացել Ռուսաստանում բնակվող մեր մի հայրենակցից, ով մեզ է փոխանցել ԱՊՀ միջպետական բանկի միջպետական ծրագրերի վարչության ղեկավար Տատյանա Սերպկովայի նամակը` ուղղված Միջպետական բանկի խորհրդի նախագահ Ս. Իգնատեւին: Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք Տատյանա Սերպկովայի գործունեությանը, ով զգալի աշխատանք է կատարել «Նաիրիտ գործարանի» համար: Թերթին ուղարկված «Նաիրիտ տրաստ» ՍՊԸ տնօրեն Ս. Մուրադյանի նամակի համաձայն` «Տ. Սերպկովան գործարանին հնարավորություն տվեց 2 տարի աշխատել անընդմեջ: Միջպետական բանկի կողմից է ստեղծվել «Ինտերկաուչուկ» ընկերությունը, որի ղեկավարն էր Սերպկովա Տատյանա Գենադիեւնան, ով մեր տեղական կաուչուկը միջազգային շուկայում ներկայացնելու ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարել: Այն, որ մեր կաուչուկի համար հերթի են կանգնում, դա նրա ձեռքբերումն է»:
Տատյանա Սերպկովա անունը հիշատակվում է նաեւ 2007թ. հունվարի 30-ի «Նաիրիտ գործարանի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի նիստի արձանագրության մեջ, որտեղ ժողովի նախագահ, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի թեթեւ ձեռքով վաղաժամկետ դադարեցվել են Տնօրենների խորհրդի անդամների լիազորությունները: Տնօրենների խորհրդի անդամների ցուցակը առաջնորդում է Տ. Սերպկովան, Մ. Պիոտրովսկայան, Ա. Մարկովսկին եւ Մ. Պերելմանը: Այս չորս մարդկանց փոխարեն Տնօրենների խորհուրդը ձեւավորվել է Ս. Կուլիկով եւ Վ. Մելքոնյան զույգի միջեւ: Հիշեցնենք, որ Կուլիկովը ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահն է, իսկ Մելքոնյանը` նույն բանկի հայաստանյան ներկայացուցիչը: «168 ժամը» ռուսական աղբյուրների տեղեկատվության համաձայն` արդեն ներկայացրել է Ս. Կուլիկովի կասկածելի գործարքները: 2007թ. մայիսի 17-ով թվագրված Տ. Սերպկովայի նամակը` ուղղված Միջպետական բանկի խորհրդի նախագահ Սերգեյ Իգնատեւին, նույնպես նվիրված է Ս. Կուլիկովի մեքենայություններին, որի բառացի թարգմանությունն էլ ներկայացնում ենք ստորեւ:
Տատյանա Սերպկովայի նամակը Սերգեյ Իգնատեւին
«Դիմում եմ Ձեզ խնդրանքով միջամտել բանկում ստեղծված իրավիճակին: 2001թ. աշխատում եմ ԱՊՀ միջպետական բանկում`ղեկավարելով միջպետական ծրագրերը: Բանկն իր ներդրումային գործունեությունը սկսել է իմ` բանկ ընդունվելու օրից: Ես առանց բացառության մասնակցել եմ բոլոր ծրագրերի մշակմանը:
«Նաիրիտ գործարանը» դրածո կազմակերպության միջոցով Միջպետական բանկի փոխնախագահ Կուլիկովի գնելուց հետո, ես իմ անհամաձայնությունն եմ հայտնել ղեկավարության կողմից տարվող քաղաքականության մասին, որից հետո էլ ինձ առաջարկվել է հեռանալ բանկից: Երբ ես հրաժարվեցի, իմ եւ վարչության աշխատակիցների հանդեպ սկսեցին բացասական վերաբերմունք ցուցաբերել: Վարչության հետ աշխատող մեր բոլոր հաճախորդներին հանձնեցին բանկի գանձատանը, մեզ զրկելով գործունեությունից` սահմանված վարչության մասին դրույթներով եւ պաշտոնական հրահանգներով: Կուլիկովի բանավոր հրահանգով իմ եւ վարչության աշխատակիցների մասով հանվեցին մեր աշխատավարձերի նկատմամբ սահմանված հավելումները` պատճառաբանելով, թե մենք չենք աշխատում, այլ միայն գնում-գալիս ենք գործի: Կուլիկովի կրկին բանավոր հրահանգով մենք զրկվեցինք եռամսյակային պարգեւատրումներից: Ոչ մի հրաման կամ հրահանգ մենք գրավոր չենք ստացել: Աշխատավարձի հավելումներից եւ պարգեւատրումներից զրկելը ոչ մի կերպ չի հիմնավորվել:
«Չոր» հսկողություն սկսեցին աշխատանքային վայրից բացակայությունների ուղղությամբ եւ անգամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ցանկացած բացակայություն Կուլիկովի կողմից բացասական «պայթյուն» էր առաջացնում: Ակտ կազմելով, մեզ ստիպում են բացատրականներ գրել, ստորացնելով մեզ` անգամ բանկի հաճախորդների ներկայությամբ:
Ապրիլի 16-ին մեզ տեղյակ են պահել հաստիքների կրճատման մասին: Մեզ անգամ նոր աշխատանք չեն առաջարկել: Մենք անգամ աշխատանք փնտրելու հնարավորություն չունենք, քանի որ անհրաժեշտ է հարցազրույց անցնել: Ըստ կադրերի բաժնի ղեկավար Ե. Լ. Շելեստովոյի խոսքերի, մասնագետներն անպայման քննվում են Կուլիկովի կողմից, ով հաճախակի է բացակայում բանկից: Բանկի ղեկավարության վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվում են ՌԴ Աշխատանքային օրենսգրքի խախտումներով:
Սակայն ինձ ստիպել է ձեզնից օգնություն եւ պաշտպանություն խնդրել հետեւյալ հանգամանքը: Ս.թ. մայիսի 15-ին ինձ մոտ եկավ ոմն Եգելսկի Ալեքսանդր Եվգենեւիչ` ներկայանալով փողով վարձված Կուլիկովի կողմից, անձամբ ինձ հետ հաշիվներ մաքրելու` Կուլիկովի կոմերցիոն հետաքրքրությունների հետ կապված: Երբ ես դիմեցի բանկի ռեժիմի եւ Պաշտպանության ծառայության աշխատակից Վլադիմիր Պետրովիչ Միխայլովին, նա ինձ մերժեց օգնել` պատճառաբանելով Կուլիկովի հրահանգը: Եգելսկու հետ մեր ողջ զրույցը ձայնագրված է դիկտոֆոնով: Այս զրույցը լսել է նաեւ իմ վարչության մի աշխատակցուհի, եւ նա պատրաստ է վկայություն տալ իմ հասցեին հնչած սպառնալիքների մասին: Եգելսկու կողմից ուղղակի սպառնալիքներ ստանալուց հետո ես ստիպված էի դիմել իրավապահ մարմիններին: Ձեզ շատ եմ խնդրում միջամտել ստեղծված իրավիճակին: Այդ երբվանի՞ց է բանկի փոխնախագահը աշխատակիցների հետ հարաբերություններ պարզելու համար հանցագործ խմբերից ներկայացուցիչներ վարձում»: