Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «168 Ժամը», հաղորդագրություններ են ստացել տուբերկուլյոզի խնդրի նկատմամբ հետաքրքրված մի խումբ մարդկանց անունից:
Նամակում, որը վերնագրված է՝ «Վտանգավոր փոփոխություններ Երեւանի տուբերկուլյոզի բնագավառում», նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Երեւանում տուբերկուլյոզով հիվանդների թիվն աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամառժամ:
Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնում, թե ՀՀ ղեկավարությունը փորձում է մասնատել եւ ոչնչացնել Երեւանի քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերը` բազմամյա փորձ ունեցող մասնագետներին եւ այլ կադրերին փոխադրելով մայրաքաղաքի պոլիկլինիկաներ, որոնք այս պահին ապահովված չեն համապատասխան մասնագիտական կաբինետներով եւ սարքավորումներով: «Տուբերկուլյոզով կասկածելի երեխաները եւ հիվանդության կայուն ձեւ ունեցողները պետք է հաճախեն միեւնույն կաբինետներ: Առողջապահության նախարարությունն այս ամենի վրա աչք է փակում: Այս որոշմանը դեմ են ինչպես Երեւան քաղաքի տուբերկուլյոզի գլխավոր մասնագետը, այնպես էլ հանրապետության գլխավոր մասնագետը, որոնք այս նամակի հետ առնչություն չունեն»,- գրված է հաղորդագրությունում: Խմբագրությանն ուղղված նամակի համահեղինակ Իզոլդա Սաղոյանը, ով Առողջապահության ազգային ինստիտուտի տուբերկուլյոզի ամբիոնի վարիչն է, կտրականապես հերքում է, թե ինքն էլ է նամակի համահեղինակ: Տուբերկուլյոզի գլխավոր մասնագետներ Նելլի Մարգարյանը եւ Մկրտիչ Մկրտչյանը նույնպես հավաստիացնում են, որ տեղյակ չեն, թե ովքեր են նամակի հեղինակները: Իսկ հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու այս աղմուկը, Երեւան քաղաքի տուբերկուլյոզի գլխավոր մասնագետ Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Մի քանի խառնակիչներ իզուր ջուր են պղտորում` օգտագործելով մեր անունները: Կառավարության որոշմամբ հաստատված է տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, որի քննարկումների ժամանակ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»: Իսկ ինչո՞ւ են աղմկում մի խումբ անհայտ մարդիկ` ապավինելով լրատվամիջոցների միջամտությանը: «Մեր միակ հույսը միայն մամուլն է»,- որպես վերջաբան գրում են անհայտ նամակագիրները: Տուբերկուլյոզի Ազգային ծրագրի (ՏԱԾ) կենտրոնական գրասենյակի ղեկավար Տաթեւիկ Կոստանյանն ասում է, որ այդ կաբինետները նորություն չեն, քանի որ 70 տարի շարունակ նրանք գործել են բոլոր մարզերում: «Դիսպանսերային ծառայությունները միայն խոշոր քաղաքներում են եղել: Երեւան քաղաքի հսկողական դիսպանսեր ծառայությունը (ոչ թե ամբողջ դիսպանսերը) նորից հետ ենք տանում պոլիկլինիկա, որն արվում է տուբերկուլյոզի աճը նվազեցնելու համար: Այսօր բնակչությանը սպառնում է դեղակայուն տուբերկուլյոզի տագնապալի իրավիճակ, որը զարգանում է սխալ բուժման հետեւանքով: Այս դեպքում պետք է 6 ամիս համակցված դեղորայքային բուժում իրականացվի, ինչը նշանակում է, որ հիվանդը պետք է գտնվի անընդհատ հսկողության տակ: Խոսքը ոչ բացիլակիր հիվանդների մասին է, որովհետեւ բացիլազատող հիվանդներն առաջին 2 ամիսներին գտնվում են դիսպանսերում»,- նկատում է գրասենյակի ղեկավարը: Նա ասում է նաեւ, որ քաղաքային բնակավայրերից մեկուսացված դիսպանսեր հաստատությունները հեռու լինելու պատճառով անմատչելի են հիվանդներին: «Հիվանդները հրաժարվում են բուժվելուց` հեռու տեղերից չեն գնում դիսպանսեր: Մեր նպատակն է՝ ծառայությունն օպտիմալացնել այնպես, որ հիվանդները շուտ հայտնաբերվեն եւ նրանց տրամադրվի ժամանակին ու ճիշտ բուժում»,- ասում է Տ. Կոստանյանը: Հունիսի 1-ից ներդրված նոր կարգի համաձայն՝ տուբերկուլյոզին բնորոշ ախտանիշներ ունեցող հիվանդների խորխը միկրոսկոպների օգնությամբ կհետազոտվի: Քաղաքային դիսպանսերի մասնագետներից 17 բժիշկ եւ 15 բուժքույր կտեղափոխվեն առաջին բուժօգնության օղակներ: «Դիսպանսերի մասնագետներն այդ կաբինետներ հաճախել են նաեւ շաբաթը մեկ անգամ, պարզապես նրանք անձնակազմի մաս չեն կազմել, այլ կցված են եղել պոլիկլինիկաներին: Այն մասնագետներին, որոնք կցված են եղել պոլիկլինիկաներին, մենք տեղափոխում ենք պոլիկլինիկաներ: Այդ ծառայությունը միշտ եղել է մեկուսացված, բայց համակարգն արդեն չի արդարացնում»,- ավելացնում է Տ. Կոստանյանը: Այս պարզաբանումներից հետո կարելի է ենթադրել, որ նամակի հեղինակներ կարող են լինել հենց այն բժիշկները, որոնք նույն աշխատավարձով պետք է տեղափոխվեն առաջին բուժօգնության օղակներ:
Նշենք նաեւ, որ ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 90մլն նոր դեպք եւ 2 մլն մարդ էլ մահանում է այս հիվանդությունից: Մեզ մոտ կանխատեսվում է տարեկան մոտ 2400 նոր դեպք: Եվրոպայի տուբերկուլյոզի բեռը հիմնականում պայմանավորված է նախկին ԽՍՀՄ երկրներում տուբերկուլյոզի տարածվածությամբ եւ նրա հետեւանքով մահացությամբ: 2005թ. փետրվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի տարածաշրջանային տնօրենը հայտարարել է տուբերկուլյոզի «արտակարգ դրություն» եւ ԱՀԿ-ի անդամներին կոչ է արել երկրի զարգացման եւ առողջապահության ոլորտում ծրագրեր մշակելիս տուբերկուլյոզն ընդունել առավել գերակայող խնդիր: Այդ իսկ պատճառով 2006թ. կառավարության կողմից դեկտեմբերի 28-ին հաստատված 2007-2015թթ. տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրով իրականացվում են հակատուբերկուլյոզային ենթակառուցվածքային փոփոխություններ, ինչն էլ դարձել է բազմաթիվ շահարկումների առիթ: