Երեկ հերթական անգամ անհասկանալի պատճառներով եւ անորոշ ժամանակով հետաձգվեց 150.000 անապահով ընտանիքների բազմասակագնային էլեկտրահաշվիչներով ապահովելու նպատակով կազմակերպված մրցույթը, որը պետք է տեղի ունենար ՀՀ էներգետիկայի նախարարությունում: Այս անգամ, սակայն, նիստը տապալվել է հանձնաժողովականների համար անցանկալի պատգամավորներից մեկի հնարավոր մասնակցության պատճառով: Քանի որ այս նիստերն անցկացվում են բացառապես խիստ գաղտնիության պայմաններում, ինչն օրենքի կոպիտ խախտում է, մեզ այս անգամ եւս հնարավորություն չտրվեց մասնակցել դրան: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ այդ «ոչ ցանկալի» անձը եղել է այլեւս անկախ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը: Բանն այն է, որ Ն. Ազիզյանին տեսնելուն պես անհասկանալի ցայտնոտի մեջ է հայտնվել նախ հաշվիչների տեղադրման կազմակերպիչ ԾԻԳ-ի ղեկավարը, այնուհետեւ՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Վերջինիս Ազիզյանի ներկայության մասին տեղեկացրել է ԾԻԳ-ի ղեկավարը, որից հետո Մովսիսյանը հրահանգել է արգելել Ազիզյանի մասնակցությունը նիստի աշխատանքներին՝ պատճառաբանելով, թե նա դրա իրավունքը չունի: Նկատենք, որ թե նախարար Մովսիսյանը, թե վերոնշյալ ԾԻԳ-ի ղեկավարը, որի գրասենյակը 1999-ից սկսած սնվում է հաշվիչների տեղադրման համար ճապոնական բանկի կողմից տրամադրած վարկի միջոցներից, հերթական անգամ խոչընդոտեցին օրենսդիր մարմնին՝ իրականացնելու օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
Ի դեպ, այս պատմությանն առնչվող եւս մեկ ուշագրավ հանգամանք. լուրեր են շրջանառվում, որ «Էներգաչափ» ՓԲԸ-ն հանդիսանում է չինական «SINOHYDRO» ընկերության հայկական ներկայացուցիչը: Մեր ունեցած տվյալներով, դա, ինչպես նաեւ՝ նախկինում արված մի շարք հայտարարություններ, իրականությանը չեն համապատասխանում:
Սեփ. լր.