Փաշինյանը շուրջօրյա նստացույց է սկսել

17/05/2007

Երեկ ժամը 18:00-ից Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է սկսել «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա այդկերպ բողոքում է մայիսի 12-ի ընտրություններում տեղի ունեցած աղաղակող խախտումների դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ սա ոչ թե հուսահատ քայլ է, այլ քայլ ընդդեմ հուսահատության: «Ի՞նչ եմ ես ուզում այս քայլով. ուզում եմ, որ ՀՀ քաղաքացիները, որոնք հասկանում են երկրում ստեղծված իրավիճակի վտանգավորությունը, իրենց հետ վերցնելով «1+» գրառմամբ A4 ֆորմատի թուղթ՝ գան Ազատության հրապարակ եւ դրանք փակցնեն արդեն իսկ այնտեղ գտնվող թղթերի կողքին՝ ի նշան այն բանի, որ իրենք չեն պատրաստվում համակերպվել իշխանության կողմից պարտադրվող իրականության հետ, որ իրենք մասնակցելու են ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին, որովհետեւ պատրաստ են կրել երկրի ապագայի համար իրենց ունեցած պատասխանատվությունը, պատրաստ են պայքարի դուրս գալ՝ ընդդեմ բեսպրեդելի: Եվ մենք կփորձենք «1+1+1+1» բանաձեւով պատել ողջ Ազատության հրապարակը, ողջ Երեւանը, ողջ Հայաստանը՝ այս պայմանագրի մասնակից դարձնելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»,- երեկ նշել է Ն. Փաշինյանը: Իսկ Ազատության հրապարակում երեկ Հ.Թումանյանի արձանի պատվանդանի վրա շարունակ ավելանում էին «1+» գրառումով թղթերը: Դրանք տարբեր մարդիկ բերում եւ փակցնում էին՝ այդկերպ իրենց աջակցությունը հայտնելով նստացույց հայտարարած Ն. Փաշինյանին: Դրանց մի մասը գրված էր ձեռագիր, մյուս մասը՝ տպագիր, մի մասի վրա էլ մարդիկ ավելացրել էին իրենց անունները: Ն. Փաշինյանը մտադիր է մինչեւ ուրբաթ օրը շարունակել նստացույցը՝ նախապատրաստելով հասարակությանն այդ օրը ժամը 19:00-ին սկսվող հանրահավաքին: Երեկ նրա կողքին նստած էր մոտ 100 մարդ: Հրապարակում էին նաեւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, ԱԺ ընտրություններից հետո «Իմպիչմենտի» հանրահավաքներին միացող կուսակցությունների թիվն աճելու միտում ունի: Արդեն միացել են ՀԺԿ-ն, հնչակները, վաղվա հանրահավաքին կլինի նաեւ ՕԵԿ-ի ներկայացուցիչը: