Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի մոտ երեկ ժամը 14:00-ից անժամկետ հացադուլ է սկսել ԱԺ ընտրություններում թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը: Հիշեցնենք, որ Ի. Հակոբկոխյանի թեկնածությունը պաշտպանում էր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը: Ի. Հակոբկոխյանը ԿԸՀ շենքի դիմաց մի աթոռ է դրել ու նստել: Պատգամավորի բռնցքամարտիկ թեկնածուն, ով պաշտոնապես ստացել է մոտ 5600 քվե, պնդում է, որ այդ ընտրատարածքում մեծ կեղծիքներ են եղել (պաշտոնական տվյալներով՝ 11-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրված էր նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, հաղթել է նախկին ՕԵԿ-ական Գրիգոր Մարգարյանը): Նա պահանջում է չեղյալ հայտարարել 11-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունները: «Թափանցիկ կերպով, բացեիբաց փողերը մեքենաների միջից տալիս էին քաղաքացիներին: Մարդը պետք է իր կամքով գա ընտրության, սակայն նրանց բռնի կերպով էին բերում, մեքենայի փող տալիս եւ զգուշացնում, որ մենք այնտեղ թաքնված տեսախցիկ ունենք, եթե գրես-ջնջես՝ վերջդ վատ կլինի»,- ասում էր նա՝ հավելելով, թե ասվածի ապացույցն իր երկու աչքերն են: Ի. Հակոբկոխյանը պնդում է, որ ոմանք իրենց այծի տեղ են դրել, իսկ ժողովրդին՝ մեկ այլ կենդանու տեղ, ու կարծում են, թե մարդկանց որ կողմն ուզեն` կքշեն: Նա լրագրողներին խնդրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ ինքն «ահավոր չարացած է Ռուշայլոյի վրա (ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը.- Ռ.Թ.), որ ընտրությունները դեռ չավարտված՝ հայտարարեց, թե ազատ եւ արդար է»: «Եթե Վլադիմիր Վլադիմիրովիչը տղա ա, թող դրա ականջները ձգի»,- առաջարկեց բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը: Նա իր մրցակից Հեղինե Բիշարյանին էլ առաջարկեց որպես լավ հռետոր միանալ իրեն: Ի. Հակոբկոխյանի հացադուլը բավականին աշխույժ մթնոլորտում մեկնարկեց: Նա մի քանի անգամ արտասանեց իր մասին հետեւյալ քառատողը.
Հակոբկոխյան Իսրայել,
Չեմպիոն ես ազգիդ վայել,
Քեզ պեսին, Իսրայել,
Պետք է սիրել, փայփայել:
Իսրայել Հակոբկոխյանին երեկ զորակցում էր թիվ 37 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով ընդգրկված է նաեւ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Ս. Հարությունյանի միակ մրցակից Սաշիկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը: Ս. Հարությունյանը եւս պնդում էր, որ քվեարկությունն ուղեկցվել է բազում խախտումներով: Նա պնդում էր, որ ընտրողների մեծ մասն իրեն է ընտրել: «Ես ինձ համարում եմ պատգամավոր: Ինձ այսուհետեւ իրավունք եմ վերապահելու հանդես գալ ոչ միայն իմ, իմ ընտանիքի, այլեւ սյունյաց հպարտ ժողովրդի անունից: Պայքարը նոր է սկսվել: Սա սկիզբն է: Ռեժիմն ու նրա պարագլուխները դեռ շատ խնդիրներ են ունենալու Հայաստանում, մասնավորապես ու հատկապես՝ Սյունիքում»,- հավաստիացրեց Ս. Հարությունյանը: