Վարչապետը չի հավատում

12/05/2005

Արդեն գաղտնիք չէ, որ գարնանային առաջիկա սպասվող սրացումները քաղաքական դաշտում առաջ են քաշել թե՛ իշխանական, եւ թե՛ ընդդիմադիր ուժերի որոշակի վերադասավորման խնդիրներ։ Սակայն գործընթացն այնպիսի բնույթ է կրում, որ այժմ ակտիվ շփումներ են ընթանում նաեւ իշխանության եւ ընդդիմադիր համարվող ուժերի որոշ ներկայացուցիչների հետ։ Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, մոտ երկու շաբաթ առաջ նման գիշերային հանդիպում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ։ Այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը փորձ է արել որոշակիորեն ուրվագծել ապագա իշխանությունում որոշ քաղաքական ուժերի մասնակցությունը։ Բնականաբար, ՀՀ նախագահի պաշտոնում իրեն տեսնող Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ որպես վարչապետի թեկնածու տեսնում է Անդրանիկ Մարգարյանին, իսկ խորհրդարանի նախագահ` Արտաշես Գեղամյանին։ Սակայն այս ծրագիրն իրականացնելու համար նախ, ըստ Սերժ Սարգսյանի, գոնե ժամանակավորապես իր այսօրվա պաշտոնը պետք է թողնի Անդրանիկ Մարգարյանը` այն զիջելով Սերժ Սարգսյանին, իսկ հետագայում, արտահերթ նախագահական ընտրությունների հաջող ընթացքի արդյունքում, Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանին խոստացել է նորից վերադարձնել իր պաշտոնին։ Արտաշես Գեղամյանին նա հավաստիացրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կապահովի խորհրդարանում ձայների այնպիսի համամասնություն եւ քաղաքական ուժերի վերադասավորում, որ «Ազգային միաբանության» ղեկավարին հեշտությամբ կտրվի ԱԺ նախագահի պաշտոն։ Մեր տեղեկությունների համաձայն, այդ եռակողմ պայմանավորվածությունն այդպես էլ ձեռք չի բերվել, քանի որ իշխանափոխության այդ սխեմային չի համաձայնել ՀՀ վարչապետը, որը որեւէ լուրջ երաշխիք չի տեսնում, որ ամեն ինչ կիրականացվի հենց այն ծրագրով, որն իրեն խոստացել են։