Չընտրություն։ Ազատ, արդար, թափանցիկ

17/05/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Սա «Չընտրություն» հոդվածաշարի վերջին մասն է։ Ընթերցողներից նրանք, ովքեր հետեւողականորեն կարդում էին նախորդ տասնմեկ մասերը, սպասում էին երկու բանի՝ վախճանի կամ առաջարկի։ Պետք է ասեմ, որ նրանց սպասումները չեն արդարանալու։ Վախճան չի լինելու, իսկ առաջարկ անելն իմ գործը չեմ համարում։

Այս հոդվածաշարն ընդամենը անցած տասնհինգ տարվա պատմության իմ դիտարկումների շարադրանքն է։ Այն վիճելի է, քննարկելի, եւ որքան շատ քննարկվի ու վեճի առարկա դառնա, այնքան ավելի կհեռանանք վախճանից եւ ավելի կմոտենանք լուծումների ձեւակերպմանը։

Վախճանի մասին։ Չեմ կարծում, թե մոտ անցյալի պատմությունը նկարագրելիս, վախճանի մասին մտածելու առիթ տվել եմ։ Հայաստանն, իհարկե, իբրեւ պետություն չի վերանալու։ Մնալու է, բայց «ինչպիսի՞ն է այսօր, ինչպիսի՞ն է լինելու վաղը» հարցի պատասխանը մշտապես մոտ է լինելու վախճանի կանխազգացողությանը։ Որովհետեւ եթե մի պետություն չունի ապագայի նախագծեր, այն կարող է միայն զարմացնել կամ հիասթափեցնել միջազգային հանրության ներկայացուցչություններին, որոնց խնդիրը տառը տառին, բառը բառին համապատասխան գտնելն է։

Վախճանը կարող է գալ անսպասելի, ազատ, արդար, թափանցիկ ընտրության հաջորդ օրը, երբ ավարտված կլինի միանման, գաղափարական ոչ մի տարբերություն չունեցող քաղաքական խմբակների մրցապայքարը։

Հայաստանն ավելի շատ ռեսուրսներ չունի, քան աշխարհի 1/6-րդ մասը երբեւէ զբաղեցնող Խորհրդային Միությունը։

Միակ ճշմարտության ավերիչ ուժը ծանոթ է եւ հայտնի է, որ ժողովրդին անվերջ հնարավոր չէ ստորադասել։ Մարդուն կարելի է զրկել իմանալու իրավունքից կամ հնարավորությունից, բայց մտածելու կարողությունից զրկել չկարողացավ անգամ ԽՄ կոմունիստական իշխանությունը, որն այդ նպատակով միլիոնավոր մարդկանց զոհեց։

Ուրեմն՝ եթե այնուամենայնիվ վախճանը պիտի գա, դա լինելու է միատարր համակարգի բնականոն ատրոֆիան, ինչը կարող է երկար տեւել, բայց կարող է նաեւ շատ արագ զարգանալ, քանի որ միատարր համակարգը չունի իմունիտետ, դիմագրավման գործուն մեխանիզմ։ Արագ զարգացումը կարող է լինել դրսի ազդակներով։ Ասենք՝ միջազգային հանրությունը պարտադրում է ղարաբաղյան հարցի մեզ համար ոչ ձեռնտու տարբերակներ։ Միատարր համակարգը, որն ամբողջությամբ հենված է հաղթանակած զինվորականության վրա, արձագանքելու է չորով, բայց չոր արձագանքը պատվով եւ հետեւողականորեն պահելու համար կա՞ համապատասխան ներուժ։ Եթե՝ կա, ո՞րն է այդ ներուժը՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանա՞կը։ Ինչքա՞ն ժամանակ եւ ինչպիսի՞ պատերազմ կարող է վարել այդ բանակը, ո՞ւմ կարող է դաշնակից ունենալ եւ ի՞նչ կարող է ակնկալել այդ դաշնակցից։

Երկնիշ աճով հաղթականորեն զարգացող տնտեսությունը որքա՞ն ժամանակ կարող է սպասարկել ռազմաճակատին։ Եվ հետո, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի տնտեսությանը կրկին ոտքի հանելու համար։

Այստեղ, սակայն, կարեւորը չոր հաշվարկները չեն։ Կարեւոր է այլ բան. ինչո՞ւ պետք է պատերազմում հաղթած ժողովուրդը կրկին վերադառնա մարտադաշտ՝ առանց իմանալու, թե ի՞նչ է շահելու եւ ի՞նչ կորուստներ է ունենալու։

Անցած երեք ամսվա ընթացքում, երբ տպագրվում էին «Չընտրության» մասերը, ոմանք՝ հույսով, ոմանք էլ՝ տագնապով հարցնում էին. «Ի՞նչ է, դու ուզում ես, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա՞»։

– Իսկ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը,- ի պատասխան՝ հարցնում էի ես։

– Բա ո՞վ,- զարմանում էին։

Պիտի կրկնեմ Վանո Սիրադեղյանի միտքն ու ցավով ասեմ, որ 1998-ից հետո քաղաքական համակարգի միակ հակակշիռը մի մարդ է, ով հեռանալուց հետո, արդեն ինը տարի քաղաքական որեւէ նախադասություն չի արտաբերել։

Տագնապածների տագնապը փարատելու եւ հուսավառների հույսին սառը ջուր լցնելու համար ասեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իբրեւ անձ, իբրեւ քաղաքական անհատ երբեք չի վերադառնալու։ Չվերադառնալու հիմնական պատճառն անհնարինությունն է, որը գալիս է Տեր-Պետրոսյանի առաջադրած գաղափարների անպահանջարկ լինելուց։ Եթե խաղաղության գաղափարը, խոհեմ ու հավասարակշիռ քաղաքականությունը պահանջարկ ունենային, վաղուց արդեն ստեղծված կլիներ մի ուժ, որն իր առջեւ նպատակ դրած կլիներ պայքարել Հայաստանի ապահով ապագայի համար։

Այդ ուժը պետք է լիներ ամենաառաջին եւ ամենասուր քննադատը այն հասարակության, որը չկարողացավ տարբերակել իննսունականների սկզբին կատարվածը նախորդ (19-րդ) դարի 90-ականներին սկսված ազատագրական պայքարի մասին ունեցած իր պատկերացումներից։ Իսկ տարբերությունը չափազանց մեծ էր։

Այդ ուժը պետք է տարբեր լիներ նրանցից, ովքեր, կշեռքի նժարը զբաղեցնելով, թոթովում են «կարգուկանոնի» մասին՝ չտարբերելով երկրի կառավարումը թաղային տեսուչի պարտականությունից, ովքեր բարբաջում են յուրաքանչյուր երեխայի գլխին բաժին հասնող ոջիլների քանակի մասին, ովքեր հավաստիացնում են, որ հայոց լուսավոր ապագան կգա միայն «սրանց» (ներկա իշխանություններին) հեռացնելով եւ ովքեր հանուն սրանց հեռացման պատրաստ են ում հետ ասես համագործակցելու։

Այդ ուժը պետք է ցույց տար Հայաստանի տեղն այս բարդ ու խառնիճաղանջ տարածաշրջանում։ Մի տեղ, ուր Հայաստանը պիտի լիներ հարեւանների հարեւանն ու բարեկամների բարեկամը եւ ոչ թե՝ հարեւանների թշնամին ու բարեկամի ֆորպոստը։

Այդ ուժը չկա, եւ դա է պատճառը, որ Հայաստանն այսօր կանգնած է չընտրության առջեւ։ Դիտորդները կարող են գալ, դիտել, եզրակացնել, որ ԱԺ այս ընտրությունները ավելի համապատասխան են իրենց պատկերացումներին։ Մյուս անգամ կլինեն էլ ավելի ազատ, արդար ու թափանցիկ։ Գուցե մի օր Հայաստանը դառնա ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների թանգարան, որի այցելուներն այդպես էլ չեն հասկանա, որ իրենց տեսածը պարզապես չընտրություն է։