Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Ընտրություններին զուգահեռ ավարտվեցին նաեւ բազմաթիվ անիմաստ կանխատեսումները, որոնք անում էին քաղաքական գործիչները, ժողովուրդը եւ, հատկապես, իրենց պրոֆեսիոնալ համարող սոցիոլոգները: Բնականաբար, բոլորն էլ սխալ էին, հատկապես՝ Ահարոն Ադիբեկյանը, որն «ափաշքյարա» սուտ է խոսում` ասելով, թե իբր իր կանխատեսումներն իրականացան: Օրինակ, ես այս խորհրդարանական ընտրությունները կբնութագրեի հետեւյալ կերպ` խորհրդարան անցան բոլոր այն ուժերը, ում պաշտպանում էր ՄԱԿ-ը:
Իրոք, այս անգամ ընտրություններն անցան առանց լցոնումների եւ առանց «հովհարային անջատումների», առանց քվեատուփերի գողության եւ «կարուսելի»: Կարելի է ասել, որ ընտրություններն անցան ցիվիլ եւ ժողովրդավարական ընտրակաշառքով: Ընտրակաշառքային ժողովրդավարությունն ապացուցում է նաեւ այն փաստը, որ ոչ բոլոր բաժանողները կարողացան հատել 5 %-ոց արգելքը: Երեւի ճիշտ չէին հաշվարկել, թեեւ մենք դեռ վաղուց էինք զգուշացրել, որ այս անգամ, ինչպես կասեր գնդապետ Կուդասովը. «ժրՑՖ տՏՍցտՈՑպսՌ տՏոՏչՈփպ»:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա փաստացի 2007թ. ԱԺ ընտրություններից գոհ են մնացել միայն հանրապետականները: ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ ինքը «5 կոպեկանոց կոալիցիա» չի աշխատի: Դատելով նախագահի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի դեմքի արտահայտությունից, կարելի է ենթադրել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս շատ դժգոհ է ընտրությունների արդյունքներից: Դե, իսկ բոլոր տեսակի ընդդիմությունների (կառուցողական, արմատական, կենտրոնամետ, դավաճան եւ այլն) մասին խոսելն ավելորդ է:
Շատ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ վերջին 7-8 տարիների ընթացքում, թերեւս, առաջին անգամ չիրականացան նախագահ Քոչարյանի նախընտրական ցանկությունները: Նախ՝ ՀՀԿ-ն ունեցավ փաստացի 50%+1 ձայն, խորհրդարանում խմբակցություն կունենա «դավաճան «Օրինաց երկիրը», ՄԱԿ-ն, այնուամենայնիվ, չստացավ իրեն հասանելիք 5 տոկոսը, ՀՅԴ-ն իր ազգային քաղաքականությունն ու Սփյուռքի հետ կապերը կիրականացնի կիսաընդդիմադիր դիրքերից, տնտեսական մեծ բարձունքների հասած «Բարգավաճ Հայաստանը» դժվար թե կարողանա իր 15 տոկոսով որեւէ ազդեցություն ունենալ ԱԺ աշխատանքների վրա: Էլ չեմ ասում, որ հայկական կառուցողական ընդդիմությունը մնաց «բորդյուրին», իսկ խորհրդարան անցավ ԱՄՆ նախկին քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը: Ռ. Քոչարյանի բոլոր ցանկություններից իրականացավ միայն մեկը` «լաչառներից» եւ ոչ մեկին չթույլատրվեց անցնել խորհրդարան: Լա՞վ է սա, թե՞ վատ` ցույց կտա ժամանակը: Իսկ ժողովուրդը ստացավ այն, ինչ ուզում էր: Մնաց 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ էլ վերցնի իր 5000 կամ 10000 դրամը, եւ հանգիստ խղճով կսպասեն 2012թ. ընտրություններին:
Ինչ վերաբերում է «բորդյուրին մնացածներին», ապա գրական հայերենով ասած` հասնում ա: Որովհետեւ առնվազն անհասկանալի է, թե ումի՞ց է բողոքում Տիգրան Կարապետյանը, որը փակելու է «Շոգեքարշը» եւ Կոբուլետի էլ ոչ մեկին չի տանելու, որովհետեւ «հո 70 տարեկանում չի՞ դառնալու պատգամավոր»: Լուժկովի «կեպին» «ազգը փրկելու գործում» չփրկեց Արտաշես Գեղամյանին: Հուսով եմ, որ գոնե հիմա Ստեփան Դեմիրճյանը հասկացավ, որ բացի ձայնից, ուրիշ գրեթե ոչինչ չի ժառանգել ժողովրդի կողմից սիրված Կարեն Դեմիրճյանից: Եվ վերջապես, ոչ մեկիս ճակատին գրված չէ, որ մինչեւ մեր կյանքի վերջ պետք է լսենք Արշակ Սադոյանի ձայնը: Եվ այսօր նրանք բոլորը տխուր են ոչ այն պատճառով, որ չեն ստացել ժողովրդի ձայնը, այլ այն պարզ պատճառով, որ «քցվել են»: Այնպես որ, Ստեփան Դեմիրճյանն այսուհետ հանգիստ կարող է գնալ հյուրերի հետ թեյ խմելու, Գեղամյանն էլ կարիք չի ունենա, որ Հմայակ Հովհաննիսյանը քավոր կանգնի իր «մեկ զրո պակասին», Շավարշ Քոչարյանը հույս ունի, որ կդառնա դիվանագիտական աշխատակից (նրան դեռ չեն «քցել», բայց 99%-ով «կքցեն»), մեր ԺՈՒԿ-երը այդպես էլ «Բիթըլզ» չդարձան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանգիստ խղճով տեր կկանգնի իր 7 մանդատներին:
Այս պարագայում էլ ես լավատես եմ եւ այս ամենի մեջ ինչ-որ լավ բան, այնուամենայնիվ, տեսնում եմ: Քաղաքական դաշտում տեղի ունեցավ սերնդափոխություն: Ընդ որում, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում: Եվ թեպետ առայժմ սերնդափոխված ընդդիմադիրները չհատեցին 5%-անոց արգելքը, իսկ իշխանամետների մեջ դեռ շատ են մականունավորները, բայց փաստը մնում է փաստ, որ «նաֆթալինած» որոշ դեմքերից մեր ժողովուրդն ի վերջո ազատվեց: