Խորհրդարանական ընտրությունները միանգամից ավարտվեցին: Հեռուստաընկերությունները միանգամից վերադարձան իրենց սովորական` երաժշտական զվարճալի ծրագրերին: Հատկապես՝ Հանրայինը, որն առանց ժամանակ կորցնելու քաղաքական գովազդից միանգամից անցավ եվրատեսիլային երաժշտության: Վերջին մի քանի օրը հեռուստաընկերությունները երաժշտական հաղորդումներն ընդհատում են լրատվական կոչվող ծրագրերում ասելու, որ միջազգային դիտորդները խիստ ու շատ գոհ են մեր խորհրդարանական ընտրություններից: Եթերներում այլեւս իրենց առյուծ ու մյուսներին աղվես անվանողներ չկան: «Ընտրություն 2007»-ը դարձավ պատմություն: Դարձավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հպարտության թեման: Դարձավ շատ քաղաքական ու իրենց այդպիսին համարող ուժերի հիասթափության պատճառ: Դարձավ քաղաքագետների վերլուծության թեմա: Կարծում եմ, որ այս ընտրություններն առաջին անգամ քաղաքագիտական լուրջ վերլուծությունների կենթարկվեն: Սակայն քաղաքագետները որպես կանոն իրենց վերլուծությունները հրապարակելիս չեն շտապում: Իսկ հասարակությանը դրանք հենց այս պահին են հետաքրքիր` քանի դեռ չեն մարել ընտրական կրքերն ու հետաքրքրությունները: Ուստի վերլուծության առաջին փորձերը կանեն լրագրողները: Այն, որ ընդդիմության անհեռատեսության պատճառով նրանցից շատերը նոր ԱԺ-ում չեն հայտնվելու` ակնհայտ էր սկզբից: Հասարակության դժգոհ հատվածի ձայները կորզելու համար այս անգամ «դասական» ընդդիմությունից զատ ոտքի էին ելել ոչ ընդդիմադիր կեցվածք ունեցող շատ ուժեր` «Բարգավաճ Հայաստանից» մինչեւ Տիգրան Կարապետյանի կուսակցությունը: Հետեւաբար, հասարակության դժգոհ հատվածի ձայները տարրալուծվելու էին: Հասարակության այս հատվածը նոր խոսք էր սպասում, կամ նոր դեմքերի: Այդպիսին ներկայացավ «Ժառանգությունը»: Հներից միայն «Օրինաց երկրին» հաջողվեց այս ընտրապայքարի բոլոր մեթոդներն օգտագործելով մնալ խորհրդարանում: Եթե «Հաղթողին չեն դատում» կարգախոսը ճիշտ է, ուրեմն իմաստ չունի «Օրինացին» մեղադրել, որ նա նպատակին հասնելու համար չխորշելով օգտագործեց ամեն ինչ: Ընտրապայքարի արդյունքում դուրս մնացած շատ ուժեր եւս մեթոդների առջեւ խտրականություն չէին դնում, սակայն ձեռնունայն մնացին: Այսօր` հետին խելքով, կարծում են` շատ հեշտ է վերլուծել նրանց սխալները: Հեշտ է, որովհետեւ նրանք իրենք էլ, որպես կանոն, կընդունեն դրանք: ՄԱԿ-ն օրինակ հազվադեպ անհաջող հեռուստագովազդ իրականացրեց: Անհնար էր լսել, թե ինչպես էր այդ քաղաքական ուժի առաջնորդը բազմավաստակ ու ձանձրացած մանկավարժի ոճով դասախոսություն կարդում քարոզարշավի եթերից: Ժողովրդին խելք-խրատ տալն անիմաստ ու անշնորհակալ գործ է: Գովազդային, կամ PR տեխնոլոգիաների իմաստով, այս ընտրարշավն իսկապես տարբերվեց: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արեւմտյան չափանիշներով անցկացրին ընտրարշավի մի մասը` համերգներ ու այլ միջոցառումներ: Դաշնակցությունն ուշադիր էր երիտասարդ ընտրողների, հատկապես ուսանողության հանդեպ: Ու երիտասարդների շրջանում հաղթեց «Բարգավաճ Հայաստանին»: Չնայած վերջինս իր գովազդների վերջում ռեպ էր հնչեցնում: Դատելով արդեն արդյունքներից՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի քաղաքական դաշտն արդեն պակաս թափանցիկ է, քան նախորդ ընտրություններում: Նախկինում քաղաքական անցյալ կամ կշիռ չունեցող ուժերին հաջողվում էր հաղթողի կարգավիճակում ներթափանցել քաղաքական կյանք ու նշանակալի դիրքի հասնել քաղաքական բուրգում: Լավագույն օրինակը, հարկավ, նախորդ ընտրություններն են: Պոպուլիստական խոստում-ելույթներով, ակտիվ միտինգային միջոցառումներով ՕԵԿ-ին 2003-ին հաջողվեց լուրջ ներկայություն ապահովել ԱԺ-ում եւ ստանալ ԱԺ նախագահի աթոռը: Այս օրինակը շատերին էր գայթակղել: 2007-ին նույն փորձն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ավելին` կես տարուց պակաս կենսագրություն ունեցող քաղաքական ուժը հավակնում էր կրկնել ու գերազանցել ՕԵԿ-ի ռեկորդը: Եվ իսկապես ինչ-որ պահի թվում էր, որ տուկի թելը մեր քաղաքական իրականության մեջ ավելի գնահատված է, քան մտքի թելը: «Բարգավաճը», «Ազգային Միաբանության» նման, իր գովազդներում ներկայացնում էր, թե ինչքան ինքնաբուխ ու ինքնամոռաց է իրենց առաջնորդներին ընդունում ընտրողը: Հետո եղավ այն, ինչ պիտի լիներ: Հնուց հայտնի է` միեւնույն գետը երկու անգամ չես մտնի: Հատկապես, որ նույն հնարքներն ավելի հմուտ ՕԵԿ-ն էր կիրառում: «Բարգավաճի» ներկայությունն ԱԺ-ում սպասվածից համեստ է, իսկ Արտաշես Գեղամյանը նվազագույն շեմն էլ չհաղթահարեց: Խորհրդարանական ընտրություններն այս տարի աննախադեպ են, ոչ միայն այն պատճառով, որ հավակնորդներն էին չափազանց շատ: Մենք 1990-ից ի վեր առաջին անգամ խորհրդարանում չենք տեսնի Արշակ Սադոյանին, Շավարշ Քոչարյանին: ԱԺ-ում չի լինի 1999-ից իր հավակնություններով «Ազգային Միաբանությանը» չզիջող ուժը` Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը: Հիմա ժամանակն է, որ նրանք ու քաղաքագետները վերլուծեն, թե այս պոպուլյար ուժերը երբվանի՞ց դադարեցին իրատեսական ընկալել հասարակական գործընթացները: Մինչդեռ նախորդ` 2003-ի ընտրություններում նախադրյալներն արդեն առկա էին: Արշակ Սադոյանն արդեն առաջին անգամ պարտվել էր իր ընտրատեղամասում: Ընդդիմությունն, իհարկե, կարող է արդարանալ, որ ընտրությունները գնալով թանկանում են: Նախընտրական քարոզարշավը` հեռուստագովազդից մինչեւ ընտրակաշառք, լուրջ միջոցներ է պահանջում: Միջոցներ, որ ո՛չ իշխանական ուժերը չեն կարող հայթայթել: Բայց եթե այս բացատրությունը միակը լիներ, այդ դեպքում անհասկանալի են դառնում «Բարգավաճի» արդյունքները: Նույնքան անհասկանալի է դառնում ՄԱԿ-ի, Տիգրան Կարապետյանի կուսակցության պարտությունը: Առաջինն իշխանական կուսակցություն է, երկրորդը` «բաժանող-բարերար»: Ու եթե ընտրությունների ժամանակ իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններն իսկապես խոսվող քանակով փող են ծախսել ու բաժանել, ապա նրանք ստարտային հավասար պայմաններ են ստեղծել իրենց ու մյուսների համար: Գուցե հենց սա էլ այս ընտրությունների հիմնական առանձնահատկությունն էր: Սպասենք քաղաքագետների գնահատականներին: