Մարտահրավերներին դիմակայեցինք

17/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Խորհրդարանական ընտրությունների մասին դրական արտահայտվեցին միջազգային գրեթե բոլոր դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ գոնե «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիան (ՀՄԿ) Հայաստանում շարունակելու է իր ծրագիրը: Այս կարծիքին էր ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արա Հովսեփյանը, ով երկու օր առաջ հայտարարեց, թե մինչեւ տարեվերջ Հայաստանը ՀՄԿ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից կարող է ստանալ $12 մլն:

Արա Հովսեփյանն ավելացրել էր, որ փողերի տրամադրման ժամանակացույցը չի փոխվելու, քանի որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել: «Հազարամյակի մարտահրավերներ» Հիմնադրամ-Հայաստան ծրագրի շահառուների երեկվա նիստի քննարկման առաջին հարցը նույնպես ՀՀ խորհրդարանական ընտրությունների թեման էր ու դրա ազդեցությունը հայաստանյան ծրագրի վրա: Սակայն նիստում այդ հարցը չքննարկվեց, որովհետեւ շահառուների խորհրդի անդամ 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համարեցին, որ գնահատականներն արդեն տրվել են, եւ այդ հարցը քննարկելու անհրաժեշտություն այլեւս չկա: Նրանք նույնիսկ միմյանց շնորհավորեցին լավ ընտրությունների անցկացման համար: Հիշեցնենք, որ ՀՄԿ ամերիկյան ներկայացուցիչները բազմաթիվ անգամ էին զգուշացրել Հայաստանի իշխանություններին, թե կդադարեցնեն ֆինանսավորումը, եթե խորհրդարանական ընտրությունները չհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին: Միգուցե պատճառներից մեկն էլ այդ էր, որ մեր իշխանություններն ավելի մանրամասն նախապատրաստվեցին այս ընտրություններին: Բոլոր դեպքերում դրական գնահատականներն արդեն տրված են, իսկ ԱՄՆ դեսպանատունը նույնիսկ հաղորդագրություն էր տարածել, թե «Մենք հպարտ ենք, որ Հայաստանի կառավարական ու ոչ կառավարական կառույցների հետ մեր գործընկերությունը նպաստել է ընտրական ենթակառուցվածքների բարելավմանը»: Այնպես որ` այս առումով ամեն ինչ կարծես թե OK է: Սակայն երեկ նիստին ներկա «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը հայտարարեց, թե հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի մասով «նոր որոշում դեռ չի ընդունել»: Նա նաեւ ասել էր, թե Արա Հովսեփյանը չպետք է շտապեր ու որեւէ մեկնաբանություն աներ: Ա.Ռասինն ափսոսանք էր հայտնել ստեղծված թյուրըմբռնման համար: Փաստորեն Ա.Հովսեփյանն առաջ էր ընկել եւ չէր սպասել մինչեւ հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի մասով նոր որոշում կայացնի: «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի հետ կապված բոլոր որոշումներն ընդունվում են Վաշինգտոնում, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում խորհուրդը ոչ մի նիստ չի գումարել թե՛ Հայաստանի, թե՛ որեւէ այլ երկրի հետ կապված: Իսկ շահառուների խորհրդի անդամ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանը գումարի հետագա հատկացման առումով ընդհանրապես մտահոգություն չունի:

«Միջազգային եւ տեղական դիտորդները եկան այն եզրակացության, որ ընտրություններն անցել են նորմալ,- ասում է Լ.Ներսիսյանը: -Դրա համար ամերիկացիներին տեղ չեղավ ինչ-որ բան ասելու կամ անելու: Իսկ «դեռ չեն քննարկել» ասածը, դիվանագետի խոսքերով, նշանակում է, որ ամեն ինչ լավ է: Ես այդպես հասկացա: Եթե ինչ-որ բան վատ լիներ՝ անպայման ռեակցիան կլիներ»:

Հիշեցնենք, որ 2005թ. դեկտեմբերին ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը հայտարարեց, թե առաջիկա 5 տարիներին Հայաստանին տրամադրելու է 235 մլն դոլար: Այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանի գյուղական համայնքների աղքատության կրճատմանը, որտեղ ապրում է երկրի բնակչության 35 տոկոսը: Այդ գումարով վերականգնվելու են Հայաստանի գյուղական համայնքների ճանապարհները եւ ոռոգման համակարգը: Ամբողջ գումարից 67 միլիոնը կուղղվի 943 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների վերանորոգմանը, իսկ 146 միլիոն դոլարով կբարեկարգվի ոռոգման համակարգը: Ակնկալվում է, որ այդ ծրագրերի իրականացումն անմիջական ազդեցություն կունենա գյուղական բնակչության աշխատանքային պայմանների բարելավման վրա եւ թույլ կտա մինչեւ 2010 թվականը նրանց տարեկան համախառն եկամուտներն ավելացնել մինչեւ 36 մլն դոլարի, իսկ մինչեւ 2015 թվականը՝ 113 մլն դոլարի:

Անցած տարվա վերջին եւ այս տարվա սկզբին կորպորացիան հայաստանյան գրասենյակի «մանր-մունր» ծախսերի համար մոտ 3,7 մլն դոլար հատկացրել է: Ծրագրված է, որ գումարի հիմնական մասը հատկացվելու է 2008 եւ 2009 թվականներին: