Հայոս եւ Քարթլոս եղբայրները
2001թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում բնակվում է 696 վրացի: Վրացիների առավելագույն թվաքանակը մեզ մոտ գրանցվել է միայն 1970թ.` 1439 մարդ: Հայ եւ վրաց ժողովուրդների հարաբերությունները հնագույն անցյալից են սկիզբ առնում եւ կրում ինչպես դրացի երկրների, այնպես էլ քաղաքակրթական բազմաթիվ արժեքների ընդհանրությամբ պայմանավորված ջերմ բարեկամական բնույթ: Վրաց պատմության հնագույն շրջանի առասպելական ավանդույթը պատմում է, որ հայ եւ վրացի ժողովուրդներն ունեն ազգակցական ընդհանրություն, քանի որ սերում են Հայոս եւ Քարթլոս եղբայրներից (այդ պատճառով վրացիների ինքնանվանումն է՝ «քարթվելի»): Չնայած աշխարհագրական հարեւանությանը եւ պատմամշակութային կապերին, Հայաստանում այսօր վրացիների մեծ համայնք չկա, չկա նաեւ առանձնացած վրացական բնակավայր: Գործնականում շատ քիչ են նաեւ մենէթնիկ վրացական ընտանիքները` երբ ամուսիններից երկուսն էլ վրացի են: Ըստ վրացական համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Թինա Ասաթիանիի, Հայաստանում ապրող վրացիները, սակավ բացառությամբ, հայ տղամարդկանց հետ ամուսնացած կանայք են, կամ տղամարդիկ, ովքեր Հայաստանում կրթություն ստանալով կամ աշխատելով` ամուսնացել են հայուհիների հետ եւ մնացել Հայաստանում: Հայաստանի վրացական համայնքում (ստեղծվել է Թինա Ասաթիանիի կողմից 1999թ.) ընդգրկված է 210 վրացի: Համայնքի ղեկավարը ներկա դրությամբ Սվետլանա Նամչեւաձեն է, որի հայրը վրացի է, մայրը` հայ: Նա մեծացել է Թիֆլիսի Հավլաբար թաղամասում` հայկական միջավայրում, եւ միայն 1963թ. է Վրաստանից տեղափոխվել Հայաստան: Տիկին Նամչեւաձեն նույնպես ընդգծում է, որ Հայաստանում բնակվող վրացիները հիմնականում կանայք են, որոնք ամուսնացել են եւ տեղափոխվել հարեւան պետություն: «Բայց արդեն մի քանի սերունդ ի վեր բնակվող վրացի տղամարդիկ էլ կան այստեղ` Ջափարիձե, Մամալաշվիլի, Պատարայա, Գաբիսոնի, Խուտիշվիլի ազգանուններով»,- նշում է Ս. Նամչեւաձեն:
Վրաստանում կյանքն ավելի էժան է
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանում դարեր ի վեր հայկական մեծ գաղթօջախ է կենտրոնացած: Մոտավոր հաշվարկներով, այսօր Վրաստանի հանրապետությունում բնակվում է մոտ 300 հազար հայ, որից 100-120 հազարը` Թբիլիսիում: Թբիլիսիի հայկական նշանավոր թաղամասերն են Հավլաբարն ու Իլյան: Հայաստանի վրացիներն ակտիվ կապեր են ստեղծել իրենց էթնիկ հայրենիքի հետ: Համայնքը հոբելյանական առիթներին երբեմն շրջագայություններ է կազմակերպում հայրենի Վրաստան: Այս տարվա մայիսի 25-28-ը Թբիլիսիում տեղի կունենա վրացական համայնքների ֆորումը` 40 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի վրացական համայնքի ղեկավար Ս. Նամչեւաձեն նույնպես կմեկնի Թիֆլիս` մասնակցելու ֆորումի աշխատանքներին` միաժամանակ մայիսի 26-ին նա մասնակից կդառնա Վրաստանի անկախության տոնի համապետական միջոցառումներին:
«Ես, արդեն 2 տարի է, չեմ եղել Վրաստանում, բայց Վրաստանից եկածներն ասում են, որ կյանքը մի քիչ ավելի էժան է այնտեղ, քան Հայաստանում: Օրինակ, Վրաստանում դեռեւս ջրի վրա դրված ջրաչափեր չկան,- նկատում է վրացական համայնքի ղեկավարը եւ պատմական զուգահեռներ անցկացնելով` հավելում,- Պատմությունից հայտնի է, որ Վրաստանն ազատագրելուց հետո Դավիթ թագավորն այնտեղ հրավիրել է տարբեր ազգերի՝ բնակություն հաստատելու: Եկել են եւ՛ հայեր, եւ՛ ադրբեջանցիներ: Հայերը Վրաստանում բնակվում են դեռեւս 500-600 տարի առաջ: Եթե վատ լիներ Վրաստանում, ոչ ոք չէր մնա այնտեղ»:
Իսկ բազմիցս շահարկված այն հարցին, թե ո՞վ է ստեղծել վրացական այբուբենը, Սվետլանա Նամչեւաձեն պատասխանում է, որ այդ հարցի պատասխանը տվել է նույնիսկ հայ պատմաբան Պարույր Մուրադյանը, որը վերջերս Ջիոտտոյի թանգարանում անցկացված դասախոսության ժամանակ նշել է, որ խոսակցություններն այն մասին, թե վրացական այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, իրականությանը չեն համապատասխանում: «Վրացական այբուբենի ստեղծման հիմնաղբյուրները պահպանվել են միայն Վրաստանում: Ըստ հայ պատմաբանի՝ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց տառերը, իսկ վրացի Ջալան` վրացականը` երկուստեք ազգերին փրկելով մուսուլմանների տիրապետությունից եւ ժողովրդի մեջ տարածելով քրիստոնեությունը: Եվ հետո, վրացիների եւ հայերի այբուբեններն այնքան շատ են տարբերվում միմյանցից, որ մտածում ես, թե ինչո՞ւ Մեսրոպ Մաշտոցն այսպիսի բարդ այբուբեն պետք է ստեղծեր հայերի համար, եւ այդքան պարզ եւ հեշտ ուսանելի` վրացիների համար»,- ասում է համայնքի ղեկավարը:
«Խաչապուրին» դադարել է լինել միայն վրացական ուտեստ
Հայաստանի վրացիների կրթական լեզուն ռուսերենն է, նրանց մեծ մասը տիրապետում է վրացերենին, քիչ չեն նաեւ հայերեն իմացողները: Ս. Նամչեւաձեն վրացական ազգային եւ եկեղեցական տոներից առանձնացնում է մայիսի 26-ին նշվող Վրաստանի անկախության օրը եւ նոյեմբերի 23-ի «Գեորգոբան», այսինքն, Սբ. Գեորգի օրը: Վրացիները ոչ միայն կենցաղում են պահպանում վրաց էթնիկ մշակույթի շատ տարրեր, այլեւ ազդում են իրենց միջավայրի մշակույթի վրա: Շատ հայեր վրացիների ազդեցությամբ պատրաստում են վրացական խոհանոցի առանձնահատուկ ուտեստ տեսականին` «տղեմալի», «աջիկա», «խաչապուրի», «սացիվի», իսկ համեմունքներից ամենագործածականն է «խմելի-սունելին»:
Ս. Նամչեւաձեն պատմում է, որ Նոր տարվա օրերին էլ վրացիների տոնական սեղանը զարդարվում է վրացական «խաչապուրիով», «սացիվիով», վրացական գինիով: «Թիֆլիսում առանց կոզինախի Նոր տարի չեն դիմավորում: Մենք արդեն կոզինախ պատրաստելու տեխնոլոգիային չենք տիրապետում: Վրաստանում ինչ որ պատրաստում են, մենք արդեն այստեղ չենք անում, օրինակ, Վրաստանում պարտադիր սեղանին դնում են գոճի, հնդուհավ»,- ասում է Ս. Նամչեւաձեն: Ավանդույթի համաձայն՝ կոզինախ պատրաստել է տան տղամարդը: Կոզինախ պատրաստելու տեխնոլոգիան հետեւյալն է. նախապես, երկու շաբաթ առաջ ընկույզը բարակ-բարակ կտրատվում է, չորացվում, հետո եփվում է մեղրը, տաք մեղրի վրա ավելացվում է կտրատված ընկույզը, դարչինը եւ այլ համեմունքներ: Այնուհետեւ ստացված տաք զանգվածը տեղափոխվում է տախտակի վրա, որը արական սեռի ներկայացուցչի ուժեղ բազկով արագ-արագ գրտնակվում է եւ փախլավաձեւ կտրատվում: «Ընկույզը պետք է լինի սպիտակ, որպեսզի կոզինախը լինի սպիտակ եւ գեղեցիկ»,- ասում է վրացուհի Նամչեւաձեն: Վրացիների կերակրացանկից անբաժան է նաեւ եգիպտացորենի ալյուրից պատրաստված հացի բլիթը` «ճադին», որը քչերին է ծանոթ: «Ճադին» թխվելուց հետո տաք վիճակում կիսվում է 2 մասի, մեջտեղը դրվում է կարագ եւ պանիր: Եգիպտացորենի ալյուրից պատրաստվում է նաեւ «ղոմի» ուտեստը, որը վրացիներն ուտում են «սուլուգունի» պանրատեսակով: Ս. Նամչեւաձեն ասում է, որ եգիպտացորենի ալյուրից պատրաստված սնունդը դյուրամարս է եւ օգտակար: Օրինակ, Վրաստանի Քութաիսի շրջանում մինչեւ անցյալ դարի 70-ական թթ. ընդհանրապես հաց չեն օգտագործել: «Օրվա մեջ քանի անգամ ճաշի նստեին, այնքան անգամ թարմ ճադի պիտի պատրաստեին եւ թարմ-թարմ ուտեին, դրա հետ մեկտեղ ուտում էին նաեւ խաչապուրի, այդ պատճառով հացի կարիք չէին զգում»,- ասում է Ս. Նամչեւաձեն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «խաչապուրին», ինչը դադարել է միայն վրացական ուտեստ լինելուց, վրացական խոհանոցի հեղինակային «գյուտերից» է, բառի ստուգաբանությամբ՝ «խաճո»՝ նշանակում է կաթնաշոռ, իսկ «պուրի»` հաց, այսինքն, կաթնաշոռով հաց: Վրացական խոհանոցի սիրահարները տեղյակ են նաեւ, որ այն աչքի է ընկնում ընկույզի առատությամբ եւ կծու համի գերակայությամբ: «Հնդկացիների պատրաստած կերակուրներն արցունքաբեր ու անհամեմատ ավելի կծու են, քան վրացականը»,- նկատում է մեր զրուցակիցը: Իսկ ինչո՞ւ են վրացիներն այդքան շատ ընկույզ ուտում: Ս. Նամչեւաձեն ասում է, որ Արեւմտյան Վրաստանում բավական երկար ժամանակ ընկույզը փոխարինել է կարագին եւ յուղին:
Հայաստանի վրացիները քրիստոնյա են եւ դավանում են Վրաց Ուղղափառ եկեղեցուն: Վերջին շրջանում նկատվել է Հայաստանի վրացիների կրոնական զգացմունքների, եկեղեցական ծիսակատարություններին մասնակցելու ակտիվություն: Այդ պատճառով Հայաստանում Վրաց Ուղղափառ եկեղեցու բացակայության պատճառով` 1986թ. Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել` Երեւանի Նորագավիթ թաղամասի վերանորոգված հայկական եկեղեցիներից մեկը հատկացնել Հայաստանի վրացական համայնքին` կիրակնօրյա ժամերգության, եկեղեցական տոների, կնունքի, պսակադրության համար:
Նշենք նաեւ, որ ժամանակին գործող վրացական կիրակնօրյա դպրոցի գործունեությունը ներկայումս ընդհատված է, սակայն համայնքի ղեկավարը հույս է հայտնում, որ իրենց ծրագրում արդեն իսկ ներառված է այդ բարի ավանդույթը շարունակելու գաղափարը, եւ հավանաբար, այս տարվա սեպտեմբերից կիրակնօրյա դպրոցը կվերաբացվի, որտեղ կդասավանդվի վրացերեն, վրացական երգ ու պար: «Մենք աշխատում ենք մեր մշակույթն ու ազգային ինքնությունը պահպանել` մեր երգերը երգել: Տարբեր հաճախականությամբ հավաքվում ենք, կարդում ենք վրացական գրականությունից հատվածներ»,- շեշտադրում է Ս. Նամչեւաձեն, ով շատ ուրախ էր Հայաստանի կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների համար Երեւանի Մ. Սարյան փողոցի վրա վերջերս հատկացված տարածքի` մշակութային օջախի առնչությամբ: Հայաստանի վրացական համայնքը 2004թ. տպագրում է նաեւ երկլեզվյա «Իվերիա» թերթը: