Պետք չէ լարված մթնոլորտն ավելի շիկացնել

17/05/2007

«Պանդոկ» ռեստորանի տնօրեն, 31-ամյա Լեւոն Ղուլյանի մահվան փաստի առթիվ նույն օրը` մայիսի 12-ին, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ Երեւան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): «Վստահեցնում եմ, որ Ոստիկանության ղեկավարությունը շահագրգիռ է, որ բացահայտվեն այդ դեպքի բոլոր հանգամանքները: Քանի դեռ նախաքննությունն ավարտված չէ, ձեռնպահ մնանք գնահատականներից: Իսկ Երեւանի դատախազությունը բազմակողմանի, օբյեկտիվ եւ ամբողջությամբ նախաքննությունը կավարտի ու իրավական գնահատական կտա, ես կասկած չունեմ: Առանց այն էլ լարված մթնոլորտը պետք չէ ավելի շիկացնել»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը։

Ըստ նրա՝ եթե պարզվի, որ որեւէ մեկի կողմից միջամտություն է եղել, ինչի հետեւանքով Լ. Ղուլյանը մահացել է, այդ անձն անմիջապես կպատժվի:

«Բավարար հիմքեր, ապացույցներ կային Լ.Ղուլյանին Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչություն հրավիրելու համար, սակայն նա բերման ենթարկվածի, ձերբակալվածի եւ կալանավորվածի կարգավիճակ չի ունեցել, եղել է հրավիրված: Այդ պատճառով՝ սենյակի պատուհանը, որտեղ նա գտնվում էր, ճաղավանդակով չէր: Նա ոչ թե ընկել է միանգամից գետնին, այլ երկրորդ հարկի խողովակների վրա, հետո՝ գետնին: Ներկայումս փորձաքննություն է նշանակված, փորձագետները դեռ աշխատում են, սպասենք դատաբժշկի վերջնական եզրակացությանը»,- ավելացրել է ոստիկանապետի մամուլի քարտուղարը: Լ. Ղուլյանը Քրեական հետախուզության Գլխավոր վարչություն էր հրավիրվել Երեւանի Մանանդյան փողոցի 17 հասցեում գտնվող «Պանդոկ» ռեստորանի մոտ մայիսի 9-ին Ս. Վարդանյանի սպանության բացահայտման ուղղությամբ տեղեկություններ ստանալու նպատակով։ Ի դեպ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ինքը ստացել է Լ.Ղուլյանի հարազատների նամակը: «Իրականացվում է ծառայողական քննություն եւ հարուցված է քրեական գործ: Այդ ամենը կավարտվի, եւ համապատասխան մարմինները տեղեկություն կտրամադրեն հասարակությանը»,- ասել է նա: