18 հազար հայ՝ Կալիֆորնիայի բանտերում

17/05/2007 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Կալիֆոռնիայի բանտերից մեկի ընդհանուր սենյակում, որտեղ մի քանի տասնյակ մարդ կար, ճաղերի ետեւից անկյունում երեւում է զուգարանը, որտեղ մի կալանավոր միզում է: Զուգարանը դուռ չունի, ճիշտ այնպես, ինչպես մի քանի տարի առաջ տեսել էի Երեւանի Նուբարաշենի մեկուսարանում: Բանտախցի տարբեր հատվածներում խմբված են մարդիկ: Երեք հայ կա այստեղ, երեքն էլ՝ նախկին երեւանցիներ: Ամերիկա են տեղափոխվել 1990-ականների սկզբներին: Նրանցից երկուսը դատապարտվել են ավազակային հարձակման համար` «նալոգներ» էին դրել հայ գործարարների վրա: Նրանք հայերին պատկանող խանութների, ռեստորանների տերերից պարբերաբար փող էին հավաքում:

«Հայերին չե՞ն ճնշում այստեղ»,- հարցնում եմ: «Չէ, ախպերս, մեզնից առաջ արդեն հայերը էնպես են դրել, որ մենք պրոբլեմ չունենք ստեղ»,- պատասխանում է ավազակային հարձակման մասնակիցներից մեկը:

Երրորդը` կոմիտասցի Ս-ն, այստեղ է գողությունների համար. «Օրը 15 հազար աշխատում էի, մեքենայով ապրանք էինք գողանում, բռնվեցինք»: Նա պատմեց, որ գողանում էր եւ տանում իր խանութում վաճառում: «Ամեն ինչ կորցրիր, չէ՞, ինչո՞ւ էիր գողանում, քո խանութը աշխատացնեիր, բավական չէ՞ր քեզ»,- ասում եմ՝ ակնկալելով, որ զղջանքի խոսքեր պիտի ասի: Ս-ն ժպտալով ասաց. «Չէ, ապեր, էդ խանութը, ուր տանում էի, իմն է, բայց իմ անունով չէր, ոչ մի բան էլ չեմ կորցրել»: Ս-ն վեց տարի պետք է անցկացնի բանտում: Հարեւան խցում երկու հայ կա: Վ-ն բռնվել է 19 անգամ, բանտերում անցկացրել է 16 տարի` հիմնականում գողությունների համար: Վերջին անգամ մի ռեստորանից կանխիկ գումար է թալանել, երկու օր անց եկել է նույն ռեստորանում ճաշելու, եւ աշխատակիցները ճանաչել են ու զանգել Ոստիկանություն: Նա նույնպես երեւանցի է եւ այստեղ է 1992-ից:

Քարոզիչ Պետրոս Հաջյանը պատմում է տարբեր բանտերում գտնվող հայերի մասին: Այնուհետեւ նա մեզ ուղեկցում է Կալիֆոռնիա նահանգի ամենամեծ բանտի իր աշխատասենյակը: Տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ ամերիկյան բանտերում ունեն առանձին սենյակներ, որտեղ հանդիպում են իրենց հոտի անդամներին: Պետրոս Հաջյանը Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ չէ, նա պարզապես ավետարան է քարոզում բանտերում եւ աշխատում է հիմնականում հայերի հետ: Երբ Պետրոսին հարցնում եմ, թե այս բանտում քանի՞ հայ կա, նա, նստելով համակարգչի դիմաց՝ բացում է բանտի կայքը եւ դիմում ինձ` մի տառ ասա: Ասում եմ` «կ»: Նա կայքի փնտրման հատվածում անվան եւ ազգանվան դիմաց գրում է` «կ»: Էկրանին հայտնվում է «կ» տառով սկսվող անուն-ազգանուններով մարդկանց ցանկը: Մի քանի րոպեի ընթացքում մենք հաշվեցինք մի քանի տասնյակ հայի ազգանուն: Ազգանվան վրա սեղմելով՝ կարելի է իմանալ տվյալ կալանավորի քրեական պատմությունը, նախկինում ունեցած դատվածությունները. թմրանյութերի վաճառք, մարմնավաճառություն (խոսքը տղամարդկանց մասին է), գողություններ, կրեդիտ քարտերի կեղծում: Ահա այն հիմնական հանցանքները, որոնց համար հայերը հայտնվում են կալանավայրերում: Բանտերում մեծ է հատկապես երիտասարդների թիվը: Թմրանյութ (այստեղ հայերն էլ գործածում են անգլերեն «դրագ» բառը) օգտագործելով՝ նրանք որոշ ժամանակ անց այն ձեռք բերելու համար ստիպված են տարբեր հանցանքներ կատարել: «Ամեն ընտանիքի մեջ կա մեկը, ով օգտագործում է, ուղղակի ծնողները չգիտեն»,- համոզված է Պետրոս Հաջյանը: Թմրանյութ օգտագործելը նա համարում է հայ համայնքի ամենացավոտ խնդիրը: «Մեկ ձեւ կա հարցը լուծելու, երբ որ հայ ղեկավարները, կուսակցապետերը, եկեղեցին, կազմակերպությունները միանան եւ առաջն առնեն: Կուսակցություններն ասում են` մենք քաղաքական կառույցներ ենք, սոցիալական հարցերով չենք զբաղվում: Ես ասում եմ՝ լավ, Արեւմտյան Հայաստանն ազատագրեցինք, ինչո՞վ պիտի այնտեղ լցնենք, «դրագ» օգտագործողներո՞վ: Երիտասարդությանն այստեղի հանրային դպրոցներից սկսած դնում են «դրագի» տակ, դիտավորյալ, որ ստրուկի նման կախված լինեն: Հայկական բոլոր կազմակերպությունները պիտի միանան սրա դեմ պայքարելու համար: Մեկ ձեւ կա, որ բոլորն ընդունեն, որ նման խնդիր կա, եւ աշխատեն սրա դեմ: Նրանք չեն ուզում ընդունել, որ նման խնդիր ընդհանրապես կա»,- ասում է Պ. Հաջյանը: Տարբեր բանտերում հայ կալանավորներին հարցնում եմ՝ մեր եկեղեցու ներկայացուցիչներն այցելո՞ւմ են իրենց: Պարզվեց` ոչ: Հայ Առաքելական եկեղեցին այստեղ էլ՝ մոտ 1մլն հայ ունեցող Կալիֆոռնիայի նահանգում, զբաղված է միայն կնունքներով, ծնունդներով եւ հոգեհանգիստներով: ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ, սրբազան Հովնան Տերտերյանի հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ եկեղեցին իսկապես հեռու է բանտերում իրենց պատիժը կրող հայերից: «Այդ թվերը չափազանցված են, ես կարծում եմ՝ բանտերում կան 300-500 հայ»,- ասաց Հովնան սրբազանը: Երբ ասացինք, որ այդպես չէ, եւ պատրաստ ենք ներկայացնելու հազարավոր հայ բանտարկյալների անուններ, նա փոքր-ինչ տեղի տվեց եւ ասաց, որ ժամանակին ունեցել են մեկին, որ այցելում էր բանտեր, իսկ այժմ իրենց քահանաները չեն բավարարում, իսկ որոշ ժամանակ անց ասաց, որ կա մեկը, որին պատրաստում են բանտեր ուղարկելու համար:

«Լոս Անջելես թայմսը» 1998-ին հրապարակած մի հոդվածում նշել էր, որ Կալիֆոռնիայի բանտերում կա 8 հազար հայ: Անցել է 9 տարի, եւ այդ թիվն ավելացել է: Պետրոս Հաջյանն ասում է. «Կալիֆոռնիայի բանտերում այսօր կա 18 հազար հայ, եւ դա իմ տվյալները չեն, դա ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային բյուրոյի տվյալներն են»:

www.hetq.am