«Ախր կարողացե՞լ ենք խմբվել ազգային խնդիրների շուրջ, քաղաքական խնդիրների շուրջ խմբվել չե՞նք կարող»

17/05/2007

Շուշան Ղազարյան.Ի՞նչը ստիպեց Ձեզ հրաժարվել ընտրապայքարից:

Լյուդմիլա Հարությունյան.
-Երբ ինձ համար այլեւս պարզ դարձավ, որ նորընտիր Ազգային ժողովի ներսում ընդդիմադիր կրիտիկական մասսա չի հավաքվելու մեկ միասնական դրոշի ներքո: Երկու մեծ ուժ են առաջ գնում. մեկը իշխանության ղեկին է, մյուսը՝ կողքին՝ Հանրապետականն ու «Բարգավաճը»: Եվ այս երկու ուժերի առկայությանը՝ փղերի դաշինքին, հարկավոր էր հակադրել մեկ միասնական քաղաքական հզոր ընդդիմադիր ուժ, որն ունենար Հայաստանի ապագա զարգացման ընթացքի իր տեսլականը: Այդպիսի ուժ չձեւավորվեց: Ժողովուրդը նսեմացված է, քաղաքական ուժերն էլ հանդես չեն գալիս որպես քաղաքականություն կերտողներ, այլ կաշառողների դերում են: Այս իրավիճակում իմ տեղը քաղաքական բանավեճը պահպանողների մեջ է, իմ նմաններն են արտահայտելու արժեքների, կուրսի փոփոխման անհրաժեշտությունը:

Շ.Ղ.- 1996թ. նախագահական ընտրությունների եւ 2004-ի ապրիլյան ընդվզումները, որպես պայքարի ցուցանիշ, քաղաքական դաշտի թարմության հետեւանք էր: Նոր ուժեր էին ի հայտ եկել, նախագահի այլընտրանք կար: Հանրաքվեն կարծես քթի տակ էր: Մի քիչ դիմանալ էր պետք: Բայց լիդերները տեր չեղան իրենց ճակատագրին: Գուցե նախ պետք է քաղաքական դաշտը հեղափոխե՞լ՝ լիդերներից սկսած մինչեւ կարգախոսները:

Լ.Հ.- 0րինական հարց է: Ո՞րն է Հայաստանում փոփոխությունների լոկոմոտիվը: Ո՞վ է դա անելու: Երբեմն թվում է, թե Հայաստանում փոփոխություններ ձեւավորելու ֆունկցիան դրված է Հանրապետության հրապարակի վրա: «Մարիոտն» այնտեղ է, դրսերի կարեւոր պաշտոնյաները գալիս-գնում են Համաշխարհային բանկ, Կառավարություն, Արտաքին գործոց նախարարություն ու նորից՝ «Զվարթնոց» օդակայան: Եվ այս մարդիկ միասին վերցրած պիտի փոխեին մեր երկիրը, կյանքը, բայց ոչ: Ընդդիմախոսնե՞րը, դարձյալ ոչ: Ուրեմն, կամ Ձեր ասածի էլեմենտը կա, կամ իրոք հարկավոր է մի նոր քաղաքական ուժ: Հիմա վերլուծենք ընտրազանգվածի մասնակցության աստիճանը: Խոշոր բիզնեսը պետության բռի մեջ է, հարկ չի մուծում, իրեն այս վիճակը լավ է: Այն հատվածը, որ զբաղված է փոքր բիզնեսով, փորձում է մենակ փրկվել: Վախենում է: Տակը մնում է մի զանգված եւս, որ մտածում է երկրի հետ փրկվելու մասին: Այդ զանգվածը հեղափոխական է իր մտածելակերպով, բայց ոչ գործելակերպով: Որովհետեւ լծակներ չունի, որ գնա, փորձն էլ ասում է՝ «1996-ին, 2004-ին գնացի, ինչի՞ հասա»: Հիմա իշխանությունները շատ լավ են հասկացել, որ այս ժողովուրդը գնացող չի: Նրանք գիտեն, որ Ղարաբաղյան պատերազմը զսպաշապիկ է բոլորի համար, եւ ուրեմն՝ այս պարագայում ժողովրդից վախենալ հարկավոր չի, այդ զանգվածի ընդվզումն արդյունք չի բերի:

Շ.Ղ.- Եվ նորից հզորանում է նույն հարցը՝ ովքե՞ր եւ ինչպե՞ս պիտի փոխեն այս երկիրը:

Լ.Հ.- Ոմանց թվում է՝ այս ընտրություններով մի բան կփոխվի: Եկեք վերլուծենք, թե մեր ընտրազանգվածի մեջ ինչ խմբեր կան: Սկզբունքային ընտրողներ՝ 10 տոկոս: Գիտեն ում եւ ինչի համար են ընտրում: Կլանի ընտրազանգված. կուսակցական, ֆինանսական, հարեւանական, հայրենակցական, մշակութային: Իրենք չեն ընտրում, գնում են կլանի ետեւից: Կամ անձնական օրինակ. բոլոր պառավները գնալու են Կարապետիչին ձայն տան՝ «ամենագեղեցիկ տղամարդուն»: Ընտրող եւ ընտրվող բիզնեսմեններ: Ընտրվողները փողը դնում են, հետո էլ ետ են վերցնում: Ընտրողներն էլ փոքր եկամուտով՝ ընտրակաշառքով, ընտրում են: Ասենք՝ 5000 դրամ, ալյուր, պարարտանյութ, աղ, ձեթ եւ այլն: Բոյկոտողներ: Հպարտ ման են գալիս ու բոյկոտում են: Անտարբերներ, թքած ունեն ամեն փոփոխության վրա:

Մշտապես հաղթողի ետեւից գնացողներ: Սրանց չի հետաքրքրում երկրի ճակատագիրը: Երբ վերլուծում ես ընտրազանգվածը, թվում է, որ հույս չկա: Որ այդ սկզբունքի համար գործողների թիվը 10 տոկոսից չի ավելանում, հակառակը՝ պակասում է: Քանի որ այլընտրանքներ են առաջանում: Օրինակ՝ «Բարգավաճն» է եկել: Կզարմանաք, հետազոտությունը ցույց տվեց, որ ընտրողների 5 տոկոսին այս կուսակցությունն ընդդիմադիր է թվացել, քանի որ կուսակցության լիդերները կոչ են անում ժողովրդին «միասին փոխել երկիրը»: «Այսպես շարունակել չի՜ կարելի»՝ ասում են նրանք:

Շ.Ղ.- Միգուցե ճի՞շտ են ասում, ունեն փող, ընտրազանգված, ի՞նչը պիտի խանգարի:

Լ.Հ.- Կարող էին, եթե հերթ չկանգնեին իշխանության համար: Ո՞րն է նրա գաղափարախոսությունը: Նա մինչեւ այսօր չի հայտարարել, թե ինչպես է ապահովելու երկրի բարգավաճումը, ում է պաշտպանելու. ժողովրդի 20 տոկոսի ապրո՞ւստը,10 տոկոսի հարստությո՞ւնը: Եթե սա է բարգավաճման աստիճանը, այդքանն արդեն Հանրապետականն անում է: Հաջորդ քաղաքական ուժը Դաշնակցությունն է, որն իրական շանսեր ունի ստանձնելու լոկոմոտիվի դերը: Իրենց ազգայնական ու սոցիալիստական գաղափարներով նրանք մշտական ընտրազանգված ունեն: Թվում է՝ եղած սոցիալ-դեմոկրատական դեֆիցիտի մեջ Դաշնակցությունը պիտի գնար այդ իդեայի ետեւից: Բայց ոչ: Հայ Դատի խնդիրը նրանց ողջ ուժը կլանում է. հնարավոր չէ երկուսը միասին լավ անել: Այսինքն՝ սոցիալ-ժողովրդավարական խորշը, որտեղ պիտի պաշտպանվեր աշխատավոր մարդկանց իրավունքները, ծածանվեր լոկոմոտիվի դրոշը՝ դատարկ է: Իսկ ընդդիմադիրների մեջ շատ քիչ են լուրջ ուժերը, որոնք այլ գաղափարախոսություն ունեն: Կոմունիստներն էին, նրանք էլ փոշիացան, գնացին: Մնացածները քաղաքական երանգ չունեն, նոր բան չեն ասում, նոր կուրս չեն առաջադրում, նոր արժեքներ չեն պաշտպանում, որ ժողովուրդն իրական այընտրանք տեսնի: Նրանք օրնիբուն խոսում են միայն իշխանափոխության, այլ ոչ ժողովրդին պաշտպանելու մասին:

Շ.Ղ.- Որովհետեւ ընտրապայքարն անձերի մե՞ջ է, ոչ թե գաղափարների՞: Այն ստեղծել է ատելության մթնոլորտ եւ կողմերից ոչ ոք չի թաքցնում հաշվեհարդարի հնարավորությո՞ւնը:

Լ.Հ.- Այն փոքր զանգվածը, որ դեռ գալիս է հրապարակ, պահանջում է հայհոյանք: Այս ուղերձն է ընդունում ընդդիմությունը: Մինչդեռ բնակչության լուրջ զանգվածը, որը կարող էր թելադրել իր կամքն ու ռազմավարությունն իր նախընտրած ուժին, դադարել է քաղաքականությանը մասնակից լինելուց:

Շ.Ղ.- Գուցե հոգնե՞լ է:

Լ.Հ.- Ավելի վատ: Հուսահատվել է: Այս իշխանությունները մի շատ վատ բան են արել. ժողովրդի հույսն են մարել: Ոչ մի անգամ չեն զիջել, որ ժողովրդի մոտ պատրանք ստեղծվի, թե մի բանի կարելի է հասնել: «Մեր դեմ խաղ չկա» լոզունգը շարունակում է շրջանառության մեջ մնալ:

Շ.Ղ.- Ներսից հուսահատվել ենք:

Լ.Հ.- Վերջերս մի ցնցող բան եմ տեսել: Ռուսաստանի առաջին ալիքով մրցույթ էր: Փնտրում էին ամենահրաշագործին, որը կանցնի եզրափակիչ ու ողջ Ռուսաստանին ցույց կտա իր ցնցող ընդունակությունը: Մի 7-8 տարեկան հայ տղա երգեց երգ, ժյուրին մերժեց: Տղան ասաց՝ «մի հայերեն երգ եմ ուզում երգել»: Երգեց հայերեն մի ահավոր երգ՝ Աստծո, խաչի, մոմի, փրկության մասին: Իր հետ եկած հայերը բեմի խորքում հասկացան բառերը: Ժյուրին չհասկացավ եւ էլի մերժեց: Տղան լաց եղավ: Հայրը կուլիսներում դիմավորեց երեխային, շուռ տվեց նրան դեմքով դեպի խցիկն ու ասաց՝ «արցունքներդ ցույց տուր ողջ երկրին, որ երկիրը տեսնի, թե դու ինչպես ես լացում»: Դրանից սարսափելի բան ես պատկերացնել չեմ կարող: Ուրեմն ուզում ենք խղճահարությա՞մբ դուր գալ՝ «արցունքներդ ցույց տուր երկրին»: Ո՞ր երկրին, ո՞ւմ երկրին: Որպես ո՞վ պիտի շահես, որպես խղճահարության առարկա՞:

Մեզ միշտ «կզացրել» են փրկվելու գաղափարի տակ, հիմա էլ Եղեռնի հուշը վառ պահելու գաղափարն է զոհի կերպարանքով մատուցվում: Ո՞վ է դեմ կոլեկտիվ հիշողությանը: Ես էլ եմ դրա կրողը: Ուզում եմ, որ Եղեռնը ճանաչվի: Բայց դա պետք է անել հպարտորեն: Ոչ թե զոհի, այլ հաղթողի: Քանի որ Արցախյան պատերազմի հաղթող ենք: Այդ պատերազմը Եղեռնի շարունակությունն է, ու մենք հաղթել ենք այդ եղեռնը: Մենք Երկրորդ համաշխարհային պատերազմում ենք հաղթել: Դա Եղեռնից հետո առաջին հաղթանակն էր, իսկ մենք այն բախշել ենք Ռուսաստանին:

Շ.Ղ.- Մեզ ոչ ոք այդպես չի ուսուցանում:

Լ.Հ.- Այո: Գրագետ քաղաքական գործիչները պիտի խոսեն ժողովրդի հետ: Որ դու պիտի լինես արժանապատիվ ու հարգված ժողովուրդ: Ժողովուրդը հասուն չի, նա դեռ չի հասկանում, որ ինքն է տվել այդ իշխանությունը ու պիտի իշխանավորին ստիպի ծառայել իրեն: Միգուցե մենք «նարոդնիկների» քայլը պիտի անենք, գնանք ժողովրդի մոտ ու հարցնենք՝ «հիմա դու ի՞նչ ես ուզում, ինչքա՞ն կարող է էս երկիրը այսպես դիմանա»: Գուցե սա՞ է այն քաղաքական բանավեճը, որի մասին խոսում են:

Շ.Ղ.- Դուք եւ շատ ուրիշ մտավորականներ դուրս եք եկել ընտրապայքարից: Ո՞վ պիտի խոսի ժողովրդի հետ: Ընդդիմադիրները ամբողջ հինգ տարի բերանը ջուր առած լռեցին խորհրդարանում, թե՝ «բոյկոտում ենք», հիմա էլ խռովել են իրարից: Իշխանական կլանը զավթել է ողջ ընտրազանգվածը ու խոսում է իր ուզածի չափ:

Լ.Հ.- Ես, ճիշտն ասած, չեմ ուզում այդ տխուր եզրակացությանը հանգել, թե չէ ձեռքերս կծալեի: Ախր մենք կարողացե՜լ ենք խմբվել ազգային խնդիրների շուրջ, քաղաքական խնդիրների շուրջ խմբվել չե՞նք կարող: Ես հավատում եմ, որ կան ժողովրդի հետ խոսող իսկական լիդերներ:

Շ.Ղ.- Առաջնորդը կրթվում է տանը, դպրոցում, համալսարանում, փողոցում, խորհրդարանում, ամեն տեղ: Կենդանի հերոսի օրինակ ունե՞նք: Ամենուր աղետալի վիճակ է: Ամեն տեղ վերջ է:

Լ.Հ.- Ժողովուրդը «վերջ» բառը չի հասկանում: Անգամ հանդերձյալ աշխարհի գաղափարն է ստեղծված, որ «վերջ» չլինի: «Վերջի» համար ժողովուրդը չի կանգնի: Սոցիոլոգիական օրինաչափություն գոյություն ունի. ընդվզումը տեղի է ունենում, երբ կա հույս, բաց օդանցքի տեղ: Դրսից ոչ ոք չի գա մեր երկիրը դեմոկրատացնի ու տա մեզ: Սովետը 70 տարում միայն ֆորմալ էր փոխել մեզ, Սովետը փուլ եկավ, ու մենք դարձանք նույն համայնքային ժողովուրդը: Ուրեմն, Եվրոպան էլ չի կարող էությամբ մեզ փոխել: Համայնքային էակը պիտի իր տեղը զիջի քաղաքացուն: Այդ քաղաքացիները մեր մեջ քիչ են, բայց կան: Օրինակ՝ հասարակական կազմակերպություններում կան մարդիկ, ովքեր խոսում են ժողովրդի հետ: Ատյան չկա նրանց համար, ատյանները լցրել են քաղաքական ուժերը: Ճնշման խմբերը պիտի ամեն ինչ անեն, քանի որ ստեղծվող կուսակցությունները դեռ չծնված, չձեւավորված, շատ արագ դառնում են կլաններ:

Շ.Ղ.- Հիմա գանք եզրահանգումների: Ո՞րն է ելքը:

Լ.Հ.- Ես լուծումներ չունեմ, բոլոր վերլուծությունները շատ տխուր եզրահանգումների են բերել:

Շ.Ղ.- Բա ասում եք՝ «հույս կա»:

Լ.Հ.- Այնուամենայնիվ, մի բան ես տեսնում եմ: Ճնշման խմբերը, որոնք կախված չեն որեւէ ուժից: Կան երիտասարդների մի քանի խմբեր, մի կողմ թողնենք նրանց տաքարյուն հայտարարությունները, նրանք պարզապես ուզում են այլեւս աշխարհի մի մասնիկը դառնալ, քայլել համընդհանուր քաղաքակրթության հետ, կարեւորել մեր երկիրն աշխարհի քարտեզին: Նայեք մեր կուսակցություններին. քանիսն են իրենց ճակատին գրում «ավանդապաշտ»: Իրենց թվում է՝ դա ամենակարեւոր արժեքն է այսօր: Երբ քանդված է ամեն բան, ի՞նչը պահպանես: Հակառակը, պետք է աշխատես արագ փոխել: Սա է փրկվելու միտումն այսօր: Որ պատմության գնացքից չուշանանք: Հետո ո՞նց ենք հավասարակշռվելու, ինչ է, բուքսիրո՞վ պիտի մեզ քարշ տան: Եվրոպան կնկատի, որ այս երկիրը չի կարող քայլել մայրուղով, դուրս կգցի ճամփից: Պերիֆերիկ ուժերը որեւէ շանս չունեն 21-րդ դարում:

Շ.Ղ.- Փրկությունը կբերի վաղվա սերո՞ւնդը: Բայց կա կարծիք, թե «ուսանողները շատ իներտ են»:

Լ.Հ. Ուսանողությունը բոլորովին քաղաքականացված չէ: Կան լիդերներ, որոնց մի մասն առաջվա կոմսոմոլներից բեթար են: Կոմսոմոլները չափի մեջ էին գործում, սրանք ծփում են մանիպուլյացիայի օվկիանոսում: Դպրոցը դաստիարակում է շատ գորշ անհատներ: Ոչ երազանք ունեն, ոչ լույս են սիրում: Ոգու հեղափոխություն է պետք մեր ջահելությանը: Պաշտոնյան չի խոսի ոգու հեղափոխության մասին, մտավորականը, անկախ օղակները պիտի խոսեն: Պետք չի կտրել հույսը: Ուրիշ ընտրություն չունենք, ուրիշ երկիր՝ նույնպես:

Վերջերս սոցիալական աշխատողների կոնֆերանս էինք անցկացնում: Նրանց դիմելով՝ ես ասացի. «Դուք եք այն ուժը, որը պիտի փոխի մեր երկիրը»: Ոգեւորվել էին: Միգուցե սա պիտի ասեն իմ նման մարդիկ, ովքեր անկախ են եւ ուզում են բոլորի կյանքը փոխել: Ասում ես՝ «Վեր կաց, ժողովուրդ, դու վիթխարի ուժ ունես, դու դեռ կարող ես փրկել քեզ: Չնսեմանաս: Չհոգնես: Մենք միասին ենք ու պիտի միասին վայելենք ապագայի դրախտը»: