Խմելու ջուրը թանկացավ ու էլի կթանկանա

17/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր գործելաոճին հավատարիմ մնալով՝ երեկ մասամբ բավարարեց «Երեւան-ջուր» ընկերության առաջարկը եւ խմելու ջրի սակագինը ներկայացրած 9 դրամի փոխարեն՝ բարձրացրեց 3,6 դրամով:

Նոր սակագինը, սակայն, ուժի մեջ կմտնի միայն 2009թ. հուլիսից: Դա նշված է եղել Երեւանի ջրամատակարարման համակարգը շահագործող «Երեւան ջուր» ընկերության առաջարկության մեջ, եւ դրա հետ համաձայնել է նաեւ Սակագնային հանձնաժողովը: Իսկ ինչո՞ւ է ընկերությունը 2009թ. սակագինը բարձրացնում 2007 թվականին: «Որովհետեւ վարձակալության պայմանագրի համաձայն՝ 2009թ. ջրի սակագինը աստիճանաբար պետք է իջնի»,- պատասխանեց «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն ֆրանսիացի Սերժ Պոպոֆը:

Ընկերությունն իրավունք ունի ջրի սակագինը փոփոխելու հայտ ներկայացնել տարին մեկ անգամ եւ այդ հնարավորությունն առայժմ օգտագործում է: Ընկերության տնօրենը եւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը համաձայն չեն այն կարծիքին, թե թանկացումը 2009թ. տեղափոխելն ունի քաղաքական դրդապատճառներ: Առջեւում 2008թ. նախագահական ընտրություններն են, եւ մեր իշխանությունները որոշել են սակագների թանկացումով չավելացնել իրենց ընտրազանգվածի դժգոհությունը: Ի դեպ, արժե ավելացնել, որ ընկերությունը սակագնի բարձրացման հայտը ներկայացրել էր փետրվարի 27-ին, հանձնաժողովը որոշումը կայացրեց 2 ամիս 20 օրվա ընթացքում: Ճիշտ է, հանձնաժողովը որոշումը կայացնելու համար ուներ 3 ամիս ժամանակ, սակայն դեռ երբեք այդքան երկար չէր նախապատրաստվել: Չի բացառվում, որ այս անգամվա որոշման օրն էլ էր հատուկ ընտրված, մայիսի 12-ից՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Այսինքն` հանձնաժողովն իր անելիքը նախօրոք էր որոշել, սակայն սպասում էր ընտրությունների ավարտին, որպեսզի ընտրողների մոտ թեկուզ չնչին, բայց դժգոհություն չառաջացնի: Ռ. Նազարյանը համաձայն չէ նաեւ այս կարծիքի հետ: «Ոչ, ես քաղաքական գործիչ չեմ»,- պատասխանեց պարոն Նազարյանը:

Հիշեցնենք, որ ջրի սակագինը վերջին անգամ բարձրացավ անցյալ տարվա մայիսին եւ 125 դրամից դարձավ 172,8 դրամ: Այդ ժամանակ ֆրանսիական «Ժեներալ դեզ՚Օ» ընկերությունը նոր էր վարձակալել Երեւանի ջրամատակարարման համակարգը: Ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ջրի սակագինը 2009թ. աստիճանաբար պետք է իջեցվեր եւ վարձակալության վերջին՝ տասներորդ տարում պետք է հասներ մինչեւ 93 դրամի: Եվ այդ պայմանագրի տրամաբանությունից ելնելով՝ թվում էր, թե անցյալ տարվա թանկացումը վերջինն է լինելու: Այդ առումով երեկվա թանկացումը բաժանորդների համար անհասկանալի եւ անակնկալ էր: Պարզվում է, որ այդ պայմանագիրը որոշակի դեպքերում ջրի սակագինը վերանայելու հնարավորություն, այնուամենայնիվ, տալիս է: Վարձակալ ընկերությունն իրավունք ունի փոփոխել ջրի սակագինը, եթե հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագին է փոփոխվել, եթե գնաճ է գրանցվել, եթե տարադրամի փոխարժեքի տատանում է տեղի ունեցել, եւ եթե սպառած ջրի ծավալներն են կրճատվել: Էլեկտրաէներգիայի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, դոլարը Հայաստանում դեռ արժեզրկվում է, եւ այս երկու հանգամանքները չեն կարող ջրի սակագինը բարձրացնելու պատճառ լինել: Հակառակը, դոլարի արժեզրկումը տվյալ դեպքում նպաստում է ջրամատակարարման ինքնարժեքի իջեցմանը: Այս անգամ ընկերությունն իր առաջարկը հիմնավորել է սպառման ծավալների կրճատմամբ, այսինքն` մատակարարած ծավալների նվազելու պատճառով ջրի ինքնարժեքը բարձրացել է: «Երեւան ջուր» ընկերությունն իր հայտում ներկայացրել էր, որ ջրի սպառման անցյալ տարվա ծավալները մոտ 10 մլն խմ-ով պակաս են եղել, քան կանխատեսվում էր, եւ այդ պատճառով առաջարկել էր սակագինը բարձրացնել մոտ 9 դրամով: Հանձնաժողովը մարտ ամսին մոնիտորինգ սկսեց պարզելու համար, թե արդյոք այդ ծավալներն այդքան պակասե՞լ են: Եվ պարզեց, որ ընկերությունը 2006թ. սպառել է ոչ թե 55,1 մլն խմ, այլ՝ 59,83 մլն խմ ջուր: Փաստորեն, «Երեւան ջուրն» իր առաջարկն ավելի հիմնավոր ներկայացնելու համար սպառման ծավալները 4,7 մլն խորանարդ մետրով պակաս էր ներկայացրել: Հանձնաժողովն իր մոնիտորինգի տվյալներից ելնելով՝ ջրի գինը բարձրացրեց ոչ թե ընկերության առաջարկած 9, այլ 3,6 դրամի չափով: Իսկ այդ գումարը, ինչպես արդեն նշեցինք, ջրի սակագնի վրա կավելանա 2009թ. հուլիսից:

Իսկ որքա՞ն է լինելու ջրի սակագինը 2009թ. հուլիսին: Կոնկրետ այդ տարի պետք է դառնար 129 դրամ, ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)՝ 154,8 դրամ: Սակայն երեկվա որոշումից հետո կդառնա 132 դրամ, իսկ ԱԱՀ-ով՝ 158,4 դրամ: Սա՝ այսօրվա տվյալներով: Սակայն չի բացառվում, որ մեկ տարի հետո ընկերությունը նորից հայտ ներկայացնի, թե ջրի սպառման ծավալները գնալով պակասում են, եւ սակագինը պետք է էլի բարձրացնել: Այնպես որ, 158,4 դրամը դեռ վերջնական սակագինը չէ, եւ հայտնի չէ, թե մինչեւ 2009թ. ջուր սպառողի գլխին էլ ի՞նչ փորձանքներ են գալու: Ստացվում է, որ սպառման ծավալներն ավելացնելու փոխարեն ընկերությունը շահույթ ստանալու ավելի հեշտ ճանապարհ է գտել՝ ջրամատակարարման որակը բարելավելու, ժամանակն ընդլայնելու փոխարեն սակագին է բարձրացնում: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ինչ կարգի հայտնի ընկերություն էլ գա Հայաստան, միեւնույն է, մեր բաժանորդներին լուրջ չեն վերաբերվելու, որովհետեւ մեր բաժանորդներին լուրջ չեն ընդունում եւ եկողների հետ «լեւի» համագործակցության մեջ են մտնում նաեւ սեփական իշխանությունները: Ինչեւէ: «Ժեներալ դեզ՚Օ» ընկերությունը պարտավորվել է վարձակալության 10 տարուց հետո Երեւանի 95 տոկոսի ջրամատակարարումը դարձնել շուրջօրյա, իսկ կորուստները նվազեցնել մինչեւ 50 տոկոսի չափով: Երեւանի ջրամատակարարման համակարգի նախկին կառավարիչ իտալական «Էյ Յութիլիթիի» գործունեության ժամանակներից մինչեւ հիմա հայտարարվել է, թե համակարգում ջրի կորուստները 80 տոկոսից չեն պակասում: Իսկ երեկ Ս. Պոպոֆը հայտարարեց, թե իրենց կորուստների կրճատումը այնքան չի հետաքրքրում, որքան՝ ջրամատակարարման շարունակականությունը: Կորուստները կրճատելը ծախսատար եւ դժվար գործ է: Դրա համար ընկերությունը պետք է կռիվ տա խոշոր ջուր սպառողների՝ հյուրանոցների, սաունաների, ավտոլվացման կետերի հետ: Բայց չարժե նման գլխացավանքի մեջ ընկնել, ավելի լավ է սակագին բարձրացնել, մանավանդ, որ այդ օբյեկտների տերերը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների տանիքի տակ են գործում, եթե իրենցն էլ չեն: Իսկ մեկ տարի առաջ, երբ հանձնաժողովը նախորդ սակագներն էր սահմանում, Ռոբերտ Նազարյանը ֆրանսիացիներին խոստացավ Սերժ Պոպոֆի արձանը կանգնեցնել Երեւանում, եթե նա ջրամատակարարումը հասցնի Լիոնի ջրամատակարարման մակարդակին: Մայիսի 23-ին պարոն Պոպոֆը ներկայացնելու է ընկերության անցած 1 տարվա աշխատանքների արդյունքները: Եվ չի բացառվում, որ ներկայացրած տվյալների համաձայն՝ քաղաքապետարանը որոշի այս ամռանը Պոպոֆի արձանի համար տեղ հատկացնել: