Պատվիրատուն դարձյալ Գեղամյա՞նն է

12/05/2005

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Ինտերպոլի կողմից փնտրվող Էդուարդ Մադաթյանի դեմ հարուցված շինծու գործի առնչությամբ հայտնի Կծան Միշան հայտարարել է, թե Մադաթյանն իրեն ասել է, որ իշխանությունների դեմ կազմակերպվող մահափորձերի պատվիրատուն Արտաշես Գեղամյանն է եղել: «Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո դատարանի դահլիճում հայտարարվեց, որ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը ճնշել-պարտադրել է հանցագործություն կատարածին, որ նա քննության ընթացքում հայտարարի, թե պատվիրատուները եղել են Ա. Գեղամյանն ու Ալբերտ Բազեյանը: Դա ես դնում եմ մի կողմ, հիշաչար չեմ: Դրանից հետո Լեւոն Աբրահամյանը, որն իբր Սերժ Սարգսյանի դեմ կատարած մահափորձի համար էր մեղադրվում, դարձյալ նույնը հայտարարեց՝ ասելով, թե Դատախազության Քննչական վարչության պետը պարտադրել-սպառնացել-հորդորել-խնդրել-համոզել է իրեն, որ ինքը կեղծ խոստովանություն տա, թե իբր պատվիրատուն եղել է Ա. Գեղամյանը: Բայց դա էլ ես մոռացա, որովհետեւ հիշաչար չեմ: Էդուարդ Մադաթյանի հետ կապված շինծու պատմության վերաբերյալ ոմն Կծան Միշա, որին բոլորը գիտեն ու գիտեն, թե որ սպայի գործակալն է եղել (որն, ի դեպ, մեծ առաջխաղացում ունեցավ պաշտոնական համակարգում), ասում է, թե իբր Մադաթյանն ասել է, որ Ա. Գեղամյանն է պատվիրատուն: Այդ ամենը ես դարձյալ դնում եմ մի կողմ, որովհետեւ հիշաչար չեմ: Մի քանի ամիս առաջ «Գոլոս Արմենիի» թերթը գրեց, թե երկու ամիս հետո Ա. Գեղամյանի դեմ մահափորձ անողները կկանգնեն դատարանի առջեւ: Անցնում է երկու ամիս, այո, այդ մարդիկ կանգնում են դատարանի առջեւ եւ ապօրինի զենք կրելու համար ընդամենը մեկ տարով ազատազրկվում են. ի՞նչ, սա Գլխավոր դատախազության աշխատանքի խոտա՞նն է, թե՞ կազմակերպված հետապնդում: Չեմ կարծում, թե այդ ամենը նախագահական պալատից կամ Սերժ Սարգսյանից է գալիս, իսկ եթե իրենցից չէ՝ կնշանակի, որ մենք հերթական անգամ գործ ունենք այն իրավիճակի հետ, երբ իր պաշտոնական ծառայությունների մեջ թերացող մարդը ցանկանում է առավել հավատարիմ նվիրվածությամբ առ իշխանությունները` իրենց դուր գալ: Պաշտոնական ծառայություններով աչքի ընկնելու փոխարեն` Քոչարյան-Սարգսյան հակառակորդի դեմ բանսարկություն անելով փորձում է դուր գալ իրենց»,- հայտարարել է Արտաշես Գեղամյանը՝ ակնարկելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: