Կեղծիքներ առանց սահմանների

15/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրության ժամանակ ամենահամեստ հաշվարկներով կեղծվել է առնվազն 450 հազար քվե: Այս մասին է վկայում պարզ թվաբանությունը: Հաշվարկը շատ պարզ է, եւ դրա մեխանիզմն էլ նորություն չէ: Ի՞նչ եք կարծում, քանի՞ րոպե է տեւում մեկ մարդու քվեարկելու պրոցեսը:

Հարցին պատասխանելուց առաջ պայմանավորվենք քվեարկելու պրոցեսի սկիզբ համարել ընտրողի՝ ընտրատեղամասի տարածք մտնելու պահը, եւ ավարտ՝ այդ տարածքից հեռանալու պահը: Եվ այսպես, ընտրողը մտնում է ընտրատեղամաս, մոտենում հանձնաժողովի այն անդամին, ով մի քանի հարյուր, անգամ հազարից ավելի ընտրողի անուն պարունակող ցուցակում գտնում է տվյալ ընտրողի անունը, եւ լրացնում նրա անձնագրային տվյալները: Այնուհետեւ այդ ընտրողը ցուցակում իր անվան դիմաց երկու տեղ ստորագրում է, որից հետո մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով նրան է տրամադրում երկու քվեաթերթիկ եւ երկու ծրար (նախատեսված համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրության համար): Քվեաթերթիկները ստանալուց հետո ընտրողը մոտենում է քվեախցիկ անվանվող մի քանի տախտակների միացությանը, այնտեղ կատարում իր ընտրությունը, ծալում քվեաթերթիկները, դրանք դնում ծրարների մեջ, որից հետո մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով պետք է կնքի ծրարները, որոնք էլ կնքվելուց հետո ընտրողը գցում է քվեատուփն ու հեռանում ընտրատեղամասից: Իհարկե, շատ դեպքերում ընտրատեղամաս եկած ընտրողները չեն իմանում քվեարկության կարգը, կամ ընտրացուցակում չի լինում նրանց անունները, եւ նրանք ստիպված են լինում դատարան գնալ, կամ սխալ են քվեարկում ու խնդրում եւս մեկ քվեաթերթիկ՝ ճիշտ նշում անելու համար, կամ ֆիզիկապես ի վիճակի չեն լինում ընտրություն կատարել ու ստիպված են լինում դիմել ուրիշի օգնությանը, առաջանում են նաեւ այլ բարդություններ, եւ այլն: Ու այս ամենը երկարացնում է տվյալ ընտրողի քվեարկելու պրոցեսի ժամանակը: Բայց եկեք մենք ենթադրենք, թե մեր բոլոր ընտրողներն էլ գիտեն քվեարկության կարգը, նրանց բոլորի անուններն էլ ընդգրկված են ընտրացուցակներում, բոլորն էլ ի վիճակի են ինքնուրույն քվեարկել եւ, ընդհանրապես, բոլորն էլ ընտրատեղամաս մտնելու պահից մինչեւ ընտրատեղամասը լքելու պահը ոչ մի խնդիր չեն ունենում: Ի՞նչ եք կարծում, նման իդեալական պայմաններում, քանի՞ րոպե կտեւի մեկ ընտրողի քվեարկելու պրոցեսը (ընտրատեղամաս մտնելու եւ այն լքելու պահերի ժամանակային տարբերությունը): Չորս րոպե՞, հի՞նգ: Եկեք պատկերացնենք, թե մեր երկրի բոլոր ընտրողներն առանձնահատուկ կազմակերպվածություն ու ճարպկություն են դրսեւորում, եւ մեկ ընտրատեղամասում երեք րոպեում հասցնում է քվեարկել երկու ընտրող: Այս դեպքում, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ նույնիսկ նման երեւակայական իրավիճակում մեկ ժամում մեկ ընտրատեղամասում կարող է քվեարկել առավելագույնը 40 ընտրող: Հետեւաբար, ամբողջ ընտրության ընթացքում մեկ ընտրատեղամասում լավագույն դեպքում կարող է քվեարկել 480 ընտրող (ընտրությունները տեւում են 12 ժամ): Իսկ քանի որ ՀՀ-ում կա 1923 ընտրատեղամաս, ստացվում է, որ մայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությանը լավագույն դեպքում կարող էր մասնակցել 923.040 ընտրող: Եվ սա՝ այն դեպքում, եթե հանրապետության անխտիր բոլոր ընտրատեղամասերում մարդիկ առավոտյան ժամը 8:00-ից (քվեարկության պրոցեսի մեկնարկից) մինչ երեկոյան ժամը 20:00-ը (քվեարկության պրոցեսի ավարտը) միմյանց հետեւից շարված լինեն ընտրատեղամասերի մոտ եւ քվեարկելիս յուրահատուկ ճարպկություն դրսեւորեն: Բայց արի ու տես, որ համաձայն ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների, մայիսի 12-ին կայացած քվեարկությանը մասնակցել է մոտ 1 միլիոն 390 հազար մարդ: Սակայն, ինչպես համոզվեցինք, իրականում նման բան պարզապես չէր կարող լինել, որովհետեւ ուղղակի դա ֆիզիկապես հնարավոր չէ: Այսինքն՝ ըստ ԿԸՀ-ի, ընտրությանը մասնակցել է զգալիորեն ավելի շատ մարդ, քան դա ֆիզիկապես հնարավոր էր: Իսկ տարբերություն զգալի է՝ ավելի քան 465 հազար: Այսինքն՝ ընտրության իրական մասնակիցների թվին հավելագրվել է առնվազն 465 հազար ձայն: Այն, ինչի մասին խոսվում էր հոդվածի սկզբում: Թե ինչպե՞ս է դա արվել, որ ստացել է համեմատաբար քաղաքակիրթ տեսք, այլ հարց է: Զավեշտալի բան է ստացվում, երբ այս հաշվարկներն անում ենք հակադարձ տրամաբանությամբ, այսինքն՝ երբ փորձում ենք հաշվել, թե մարդիկ միջինում ի՞նչ արագությամբ պետք է քվեարկեին, որպեսզի ապահովվեր ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության ցուցանիշը: Նյութը թվերով չծանրաբեռնելու համար ներկայացնենք այդ հաշվարկի արդյունքը. որպեսզի քվեարկությանը մասնակցեր մոտ 1 միլիոն 390 հազար մարդ, ինչպես հայտարարել է ԿԸՀ-ն, պետք է հանրապետության առանց բացառության բոլոր ընտրատեղամասերում միջինում յուրաքանչյուր 59 վայրկյանում քվեարկեր գոնե մեկ ընտրող, ընդ որում, քվեարկության նման հրթիռային արագություն պետք է պահպանվեր քվեարկության ողջ ժամանակահատվածում՝ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը: Համաձայնեք, որ սա, մեղմ ասած, խելքին մոտ բան չի: Իսկ ընտրությանը մոտ 1 միլիոն 390 հազար ընտրողի մասնակցությունը գոնե ֆիզիկապես հնարավոր կլիներ, եթե ՀՀ-ում լիներ ոչ թե 1923, այլ ավելի, քան 2800 ընտրատեղամաս: Ու քանի որ, ինչպես համոզվեցինք, ֆիզիկապես հնարավոր չէր, որ ընտրությանը մասնակցեր 1 միլիոն 390 հազար մարդ, ենթադրվում է, որ վերոնշյալ առնվազն 465 հազար ընտրողը քվեարկել է «հոգեպես», այսինքն՝ մի կես միլիոն մարդ մայիսի 12-ին հոգով ընտրատեղամասերում են եղել ու քվեարկել: Հավանաբար, ընտրատեղամասերում հոգիների կուտակումն էր եղել պատճառը, որ Դիտավան գյուղում ընտրության մեկնարկից մի քանի ժամ անց վերջացել էին քվեաթերթիկները: Այս ամենի հետ մեկտեղ չի կարելի չփաստել, որ օրերս կայացած քվեարկությունը մի քանի քայլանոց նշանակալի առաջընթաց էր նախորդ ընտրությունների համեմատ. առաջընթաց ոչ թե ՀՀ քաղաքացիների կամքի արտահայտման, այլ կեղծիքների մեխանիզմները կատարելագործելու տեսակետից: