«Ընտրությունները կեղծվել են: Եվ կեղծվել են այլանդակ ձեւով»

15/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մայիսի 13-ին Ազատության հրապարակում կայացավ «Իմպիչմենտ» դաշինքի ու «Հանրապետություն» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունների հրավիրած համատեղ հերթական հանրահավաքը, որին մասնակցում էր մոտ 3-4.000 մարդ:

Հանրահավաքն ուղեկցվում էր անձրեւով: Այս անգամ ընդդիմադիր եռյակի հետ հարթակում էին նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ներկայացուցիչները՝ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ: Միացել էր նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը՝ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ: Հանրահավաքի ժամանակ «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ «մայիսի 12-ին խորհրդարանի ընտրությունները կեղծվել են: Եվ կեղծվել են այլանդակ ձեւով»: Նա մանրամասն ներկայացրեց կեղծիքի նոր՝ կատարելագործված մեխանիզմը: Ըստ Ն. Փաշինյանի, կիրառվել է բոլորովին նոր մեթոդ: «Բոլոր վստահված անձինք, դիտորդները տեսել են, որ ահավոր մեծ թիվ է կազմում բացարձակապես նոր անձնագրերով ընտրություններին ներկայացած քաղաքացիների թիվը: Գործել է հետեւյալ մեխանիզմը: Ասենք՝ իշխանությունները վերջին ամիսներին թողարկել են 400 հազար նոր անձնագիր, որոնք եղել են այն մարդկանց անուններով, որոնք բացակայում են հանրապետությունից կամ մահացած են: Այդ անձնագրերում եղել են իրական անուն-ազգանուններ, սակայն այլ մարդկանց լուսանկարներ»,- բացատրեց նա եւ, հիշեցնելով, որ ժամանակին մարդկանցից համատարած անձնագրեր էին հավաքում, հավելեց. «Մարդկանց հավաքագրել են եւ ունեցել են շրջիկ մարդկանց խմբեր: Այդ խմբի անձանցից յուրաքանչյուրն ունեցել է մոտավորապես 10 անձնագիր: Այդ մարդիկ քվեարկել են իրենց անձնագրով եւ հետո գնացել ՀՀԿ-ի շտաբ: Այնտեղ հանձնել է իր անձնագիրը եւ ստացել նորը՝ իր լուսանկարով եւ բոլորովին ուրիշ անուն-ազգանունով եւ հասցեով: Ես անձամբ ՀՀԿ-ի շտաբում տեսել եմ ինչ-որ ընտրացուցակներ, որոնք եղել են ոչ ամբողջական՝ մահացածների եւ երկրից բացակայողների»: Հանրահավաքի ընթացքում նշվեց նաեւ ընտրակեղծիքների բազմաթիվ այլ դեպքերի մասին: Հայտարարվեց, որ մամուլում տպագրված խախտումների կապակցությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն: Ն. Փաշինյանը գտնում է, որ մայիսի 12-ի ընտրությունը կեղծելու համար պետք է պատժվեն երկու մարդ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: «Նրանք չէին կարող տեղյակ չլինել այդ մասին: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են գծել այդ մեխանիզմը եւ կանգնած են եղել այդ հանցավոր բուրգի գագաթին: Տեղի է ունեցել աղաղակող հանցագործություն: Երեկ տեղի է ունեցել ոչ թե ընտրություն, այլ՝ պետական հեղաշրջում, որը գլխավորում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իրենց խամաճիկները»,- շարունակեց նա: Կեղծված ընտրությունների մեղավորներին պատժելու համար նա առաջարկեց ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ ծանոթանալ փաստերին: Ընդդիմադիրները պահանջում են ԱԺ ընտրության վերաքվեարկություն՝ նաեւ նկատի ունենալով այն, որ արտերկրում բնակվող ՀՀ մոտ 800 հազար քաղաքացիներ մայիսի 12-ին զրկված են եղել ընտրելու իրավունքից, քանզի մայիսի 12-ին առաջին անգամ արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել, եւ քվեարկելու հնարավորություն չեն ունեցել անգամ այլ երկրներում ՀՀ դեսպանությունների աշխատակիցները: Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ Արամ Զ. Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ այլք: Հանրահավաքն ավարտվեց առանց երթի: Հաջորդ հանրահավաքը կկայանա ուրբաթ օրը, ժամը 19.00-ին՝ Ազատության հրապարակում: Ն. Փաշինյանը ներկաներին կոչ արեց չվախենալ: «Մենք չպետք է փախնենք: Այսօր փախնում ենք սրանց առաջ, երեկ փախել ենք թուրքերի առաջ, հարկավոր է կանգնել: Մենք պետք է պատրաստ լինենք զոհաբերության, այստեղ որեւէ մեկը չպետք է գա հանուն իր հաղթանակի: Մենք այստեղ պետք է գանք ծառայելու, տուժվելու, ծեծ ուտելու, նվաստանալու, ստորանալու, եւ մեր մեջքի վրայով ժողովուրդը պետք է գա իշխանության»,- նշեց նա: