ՀԺԿ-ն շատերի կոկորդում էր

15/05/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը` հակադարձելով միջազգային դիտորդների գնահատականներին, թե շաբաթ օրը Հայաստանում տեղի ունեցած ԱԺ ընտրությունները մեկ քայլ առաջ են նախորդից, երեկվա ասուլիսում նկատեց. «Այս ընտրություններն աննախադեպ էին ընտրակաշառքներ բաժանելու առումով: Եթե խոսում են առաջընթացի մասին, ապա պետք է ասել, որ կեղծիքների հարցում այս ընտրությունները մի քայլ առաջ էին»: Այն, որ ՀԺԿ-ն չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու համար սահմանված հինգ տոկոսի շեմը, ըստ Ստեփան Դեմիրճյանի, տարիներ շարունակ իրենց դեմ աշխատած քաղաքական ուժերի «ջանքերի» շնորհիվ է: Ընդ որում, նրա հավաստմամբ, իրենց դեմ հակաքարոզչություն են իրականացրել թե իշխանամետ քաղաքական ուժերը, թե ընդդիմությունը: Եվ եթե իշխանություններն իրեն խորհրդարանից դուրս թողնելով երկու խնդիր են լուծել, ապա ընդդիմադիր իր գործընկերներն աջակցել են իշխանություններին` իրենց վարկանիշը գցելու գործում. «ՀԺԿ-ին վարկաբեկելու փորձերն աննախադեպ չափերի հասան: Երեւի ոչ մի կուսակցության նկատմամբ այսքան սեւ PR չի օգտագործվել, որքան ՀԺԿ-ի: Ուղղակի շատ-շատերի կոկորդում է ՀԺԿ-ն, եւ մշտապես թիրախ է եղել տարբեր ուժերի եւ գործիչների համար: Ստահոդ լուրեր են տարածում ՀԺԿ-ի նկատմամբ, որովհետեւ հասկանում են, որ սկզբունքային ուժ է, որին վստահում է ժողովուրդը, եւ ամեն գնով պետք է շարքից հանեն,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` հավելելով,- Գործող վարչակարգը ընտրությունները կեղծելով փորձել է լուծել երկու խնդիր: Ամեն ինչ արվել է, որ խորհրդարանում չհայտնվի ՀԺԿ-ն, եւ երկրորդ նպատակը հեռահար է, որը կապված է ոչ միայն ՀԺԿ-ի հետ, այն է, որ փորձում են թուլացնել նախագահի հնարավոր թեկնածուներին»: Նրա համոզմամբ, ընտրությունները չեն կարող համարվել ազատ, արդար եւ թափանցիկ, եւ այս խորհրդարանը չի ձեւավորվել ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով: «ՀԺԿ-ին տրված, նկարված թվերն իրականությանը չեն համապատասխանում: Ակնհայտ է, որ այստեղ ահաբեկումներ էլ են եղել, մարդկանց վրա ճնշումներ էլ են գործադրել: Բոլոր հայտնի մեթոդները կիրառվել են: Մարդիկ նույնիսկ վախենում էին մեզ մոտ գալ: Իհարկե, աննախադեպ էր ընտրակաշառքների բաժանումը: Այս երկրում վաղուց արդեն ստեղծվել է կեղծարարների բանակ, բայց գնալով ընդլայնվում է այն, ու հիմա ուզում են մասնակից դարձնել սոցիալական ծանր պայմաններում ապրող ժողովրդի մի զգալի հատվածին, ինչը, ցավոք, հաջողվեց եւ էական դեր խաղաց ընտրություններին»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` հավելելով, թե կոնկրետ ՀԺԿ-ն չի պատրաստվում ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում: Անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականներին, Ս.Դեմիրճյանն ասաց. «Առաջին անգամ չէ, երբ դիտորդներն ավելի շատ աշխարհաքաղաքական շահերն են հետապնդում, քան ժողովրդավարությունը: Ես հասկանում եմ դիտորդներին: Արտաքուստ թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց ես բազմիցս եմ ասել, որ այդ ճնշումներն առերեւույթ չեն երեւում: Բայց շատ դեպքերում էլ ամեն ինչ շատ բացահայտ է արվում: Այս անգամ ամեն ինչ տեղի է ունեցել ընտրատեղամասից դուրս: Իշխանությունն ամեն ինչ կազմակերպել էր շատ լավ, եւ գործում էր հստակ մշակված ցանց»: