Ընտրություններն արդեն ետեւում են։
Թե որքանով են դրանք անցել արդար եւ թափանցիկ, ամեն մարդ թող որոշի ինքնուրույն։
Մենք ամենեւին էլ նպատակ չունենք ստորեւ բերվող թվերը ներկայացնել որպես վերին ատյանի ճշմարտություն։ Սրանք պարզապես պաշտոնական թվերն են, որոնք ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Իհարկե, դրանք նախնական են, սակայն փորձը ցույց է տվել, որ վերջնականը շատ չի տարբերվում։ Փորձը նաեւ ցույց է տվել, որ Սահմանադրական դատարան դիմելն էլ ոչ մի կերպ չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են Երեւանի բոլոր 13 ընտրատարածքների տվյալները՝ առանձին-առանձին, ինչպես նաեւ՝ մարզերի ընտրությունների արդյունքները։
Համեմատության մեջ դիտարկելու դեպքում հետաքրքիր պատկեր է ստացվում։ Օրինակ, կարելի է կուսակցություններին տարբերակել «մարզային» եւ «մայրաքաղաքային»։ Այս առումով «մայրաքաղաքային» կոչմանը կարող է հավակնել առաջին հերթին «Ժառանգություն» կուսակցությունը։ Երեւանում այն ստացել է 13.26%, իսկ մարզերում՝ ընդամենը 2.78%։ «Նոր Ժամանակների» դեպքում տարբերությունը նույնպես ակնհայտ է։ ՆԺԿ-ի օգտին Երեւանում քվեարկել է ընտրողների 4.75%-ը, մարզերում՝ 2.83%-ը։
«Իմպիչմենտը» նույնպես Երեւանում ավելի մեծ նախապատվություն է ստացել՝ 2.15%։ Մարզերում այդ ցուցանիշը կազմել է 0.92։
Որքան էլ զարմանալի լինի, «մայրաքաղաքային» կարելի է համարել նաեւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությանը. Երեւանում այն հավաքել է 2.9%, մարզերում՝ ավելի քիչ՝ 2.57%։
Հետաքրքիր զուգադիպությամբ, բոլոր այն կուսակցությունները, որոնց Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր տեսնել ԱԺ-ում, ավելի շատ մարզային են։
Այսպես, ՀՅԴ-ն Երեւանում հավաքել է 8.65%, մարզերում՝ 14.43%, ՀՀԿ-ն Երեւանում՝ 27.07%, մարզերում՝ 35.27%, ԲՀԿ-ն Երեւանում՝ 14.22%, մարզերում՝ 14.91%, ՄԱԿ-ը Երեւանում՝ 2.81%, մարզերում՝ 4.87%։
Այս օրինաչափությունը կարելի է մի քանի կերպ բացատրել. կա՛մ մարզերում իշխանական կուսակցություններին ավելի շատ են սիրում, կամ էլ ընտրությունների ցանկալի արդյունքներ «ստանալն» այնտեղ ավելի հեշտ է։
ԿԸՀ ներկայացրած թվերով կարելի է անել եւս մի քանի հաշվարկ։ Օրինակ՝ եթե գումարում ենք «Իմպիչմենտ» դաշինքի, ՆԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ստացած ձայները, ապա ստացվում է 87.435 քվե կամ ձայների 6.29%-ը։ Կարելի ենթադրել, որ եթե այս կուսակցությունները միավորվեին մինչեւ ընտրությունները եւ հանդես գային մեկ միասնական ցուցակով, նրանք կստանային նվազագույնը 6%։
Եվս մի թվաբանական գործողություն. գումարենք իրար այն ընդդիմադիր ուժերի ձայները, ովքեր չմտան խորհրդարան. ԱԺԿ, «Ազգային Միաբանություն», ԺՈՒԿ, «Իմպիչմենտ», ՀԴԿ, ՀԺԿ, «Հանրապետություն», «Նոր Ժամանակներ»։ Սրանք այն ուժերն էին, որոնց միավորմանը (մինչեւ ընտրությունները) սպասում էին ընդդիմադիր տրամադրված ընտրողները։ Եվ այսպես, այդ ուժերի ստացած ընդհանուր քվեները կազմում են 181 հազար 766 կամ ընտրության մասնակցածների 13%-ը։ Ստացվում է, 13%-անոց ընտրազանգված ունեցող ընդդիմադիր դաշտը ներկայացված չի Ազգային ժողովում։ Եվ սա հենց այն թույլ կետն է, որի միջոցով իշխանությունները «բացատրելու» են ընդդիմության անհաջողության պատճառները։ Այսինքն՝ տեսա՞ք չմիավորվելն ինչի հանգեցրեց։
Ամեն դեպքում, այս «հաշվարկները» շատ պայմանական են, քանի որ, ինչպես ասում են, «հիմքը խախուտ է»։ Հիմքը այն թվերն են, որոնք ներկայացրել է ԿԸՀ-ն։ Իսկ այդ թվերի հիման վրա լուրջ հաշվարկներ անելն ու ներկայացնելը նման է ավազի վրա տուն կառուցելուն։ Առավել եւս, տպագիր մամուլի միջոցները տեխնիկապես զուրկ են ԿԸՀ-ի թվերը գեղեցիկ ու գունավոր անիմացիաների տեսքով ներկայացնելուց՝ մանավանդ, որ վիրտուալ ստուդիաներ չունեն, եւ լրագրողն էլ չի կարող պայծառ ժպիտով ցույց տալ ուրախությունը՝ ՀՀԿ կամ ԲՀԿ փառավոր քվեները ներկայացնելիս։