Էներգամիավորում՝ ընդդեմ Եվրոպայի

15/05/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Տրանսկասպյան էներգետիկ մայրուղու ճակատագիրը մեծ հարցականի տակ է հայտնվել: Մայիսի 11-ին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքմենիայի նախագահներն Աշգաբադում ստորագրեցին նոր գազամուղ կառուցելու մասին համաձայնագիր, որն անցնելու է Կասպից ծովի արեւելյան ափով: Նոր գազամուղը կոչված է գազով ապահովելու եվրոպական շուկան: Իսկ դա իր հերթին լրջորեն նվազեցնում է նախատեսված Տրանսկասպյան գազամուղի նշանակությունը, որը, համաձայն ծրագրի, աշխարհի ամենամեծ լճի հատակով իրար է կապելու աջ եւ ձախ ափերը եւ ապա Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով դուրս է գալու դեպի Եվրոպա: Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանն ամեն ինչի պատրաստ է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վրա ազդեցությունը պահպանելու համար:

Երեք նախագահների՝ Թուրքմենիայում կայացած հանդիպումը եվրոպական մամուլը անվանել է էներգետիկ միավորում: Պարզ է, որ մայիսի 11-ին ծնված նախագիծը արմատապես հակասում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի էներգետիկ շահերին: Էներգետիկ հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին ասում է, որ Ռուսաստանն օգտագործում է բոլոր ռեսուրսները՝ քաղաքական ազդեցությունը պահպանելու համար: «Կրեմլը շատ արագ է գործում, քանի որ նրա համար վերոհիշյալ հարցն ավելի շատ քաղաքական, քան թե տնտեսական բնույթ ունի: Փաստ է, որ այսօր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաճակատի գիծն անցնում է հենց ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում: Սա հսկաների բախում է՝ հանուն ազդեցությունների պահպանման եւ ընդլայնման»,- կարծում է Խուխաշվիլին:

Փորձագետը զգուշավոր է վերաբերվում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությանը: Վերջինս հայտարարեց, որ իր երկիրը չի մասնակցելու Տրանսկասպյան նախագծին: «Այդ մայրուղու շինարարությունը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանն կկորցնի մենատիրական դիրքը: Դրանից խուսափելու համար Ռուսաստանը Արեւմուտքի հետ էներգետիկ հակամարտությանը դիմակայելու համար ներքաշել է Ղազախստանին եւ Թուրքմենիային: Դա է հաստատում Նազարբաեւի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը ձեռնպահ է մնում Տրանսկասպյան նախագծին մասնակցելուց»,- ընդգծեց Խուխաշվիլին:

Հասկանալի է, որ ԵՄ երկրները մեծ հույսեր են կապում հենց Տրանսկասպյան նախագծի հետ: Ռուսաստանն անմիջապես զգաց այդ նախագծի վտանգավորությունը: Վերին ատյաններում խոսում են, որ Մոսկվան օգտագործել է բոլոր հնարավորությունները՝ այդ նախագծի իրագործմանը խոչընդոտելու համար, ընդհուպ մինչեւ նախագծի մասնակիցների՝ Ղազախստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ հակասություններ առաջացնելը:

Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ղազախական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով չի անցնելու: «Այդ նավթամուղը նախատեսված է ադրբեջանական նավթի համար»,- հայտարարել էր նա կառավարության նիստի ժամանակ: Մասնագետներն ասում են, որ ռուս-ղազախ-թուրքմենական պայմանագրի կնքումից հետո Եվրոպան առաջվա պես կախված է լինելու Ռուսաստանի անկանխատեսելի գազային քաղաքականությունից եւ, հետեւաբար, Կրեմլի ճնշման տակ է լինելու: Ճիշտ է, Եվրոպային որոշակի լավատեսության հիմք է տալիս Թուրքմենիայի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի հայտարարությունն այն մասին, թե Աշգաբադը աշխարհի շատ երկրների նման ձգտում է իր էներգետիկ ենթակառույցների դիֆերենցիացմանը: Այլ կերպ ասած՝ «երկնագույն վառելիքի» հսկայական պաշարներ ունեցող Թուրքմենիան Արեւմուտքին հաղորդագրություն է ուղարկում, որը վկայում է, որ նա պատրաստ է համագործակցության: Կասկած չկա, որ նրա հայտարարությունը կլսեն, եւ շուտով կսկսվեն դեպի Աշգաբադ եվրոպական առաջնորդների այցերը: