Դիտորդական առաքելությունների կարծիքներ

15/05/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

ԵԱՀԿ-ն առաջին անգամ Հայաստանում կայացած ընտրություններն ընդհանուր առմամբ անվանել է ժողովրդավարական

«Հայաստանում անցած ընտրություններն ընդհանուր առմամբ ժողովրդավարական են եղել»,- հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Թոնե Թինսգաարդը: Նրա խոսքերով, նախորդ ընտրությունների համեմատ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին:

Եվրախորհրդարանը նշում է Հայաստանում ընտրությունների անցկացման մեծ առաջընթացը

«Եվրախորհրդարանը միշտ շահագրգռված է եղել, որ Հայաստանում ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ, եւ մենք ուրախությամբ նշում ենք նվաճված առաջընթացը»,- հայտարարել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարի Անն Իսլեր Բեգինը: Նրա խոսքերով, տեղական դիտորդների ներկայությունը խորհրդարանական ընտրություններին ավելի դյուրին դարձրեց միջազգային առաքելությունների աշխատանքը: «Մենք ողջունում ենք հայ ժողովրդի ձգտումն արդար եւ թափանցիկ ընտրություններին եւ, հուսով ենք, որ գրանցված առաջընթացը կամրագրվի 2008 թվականի նախագահական ընտրություններին»,- ասել է նա: Մարի Անն Իսլեր Բեգինը նշել է նաեւ, որ հայ հասարակության ժողովրդավարացման գործընթացը կապված է նաեւ Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ՝ երկրի մասնակցության հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ԵԱՀԿ-ից թուրք դիտորդներին մուտքի արտոնագիր չի տրվել, ապա Եվրախորհրդարանի ներկայացուցիչը նշել է, որ նրանց բացակայությունը չի ազդել առաքելության աշխատանքի վրա, սակայն ցանկություն է հայտնել, որ նախագահական ընտրություններին ներկայացված լինեն ԵԱՀԿ բոլոր երկրները ներկայացնող դիտորդներ: «Հայաստանը Եվրոպայի մի մասն է, ինչպես նաեւ՝ Թուրքիան, եւ մենք հուսով ենք, որ երկու երկրների հարաբերությունները կնորմալանան Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում»,- ընդգծել է Բեգինը:

Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար

«Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- այս մասին հայտարարել է ԵԱՀԿ/ՄԻԺԻԲ-ի առաքելության ղեկավար Բորիս Ֆրլեցը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունների հիմնական խնդիրն է` ներկայումս վերականգնել ժողովրդի վստահությունը, որ խարխլվել էր նախորդ ընտրությունների ժամանակ: «Մեր առաքելությունն ավարտված չէ, մենք մեր զեկույցը կներկայացնենք ԵԱՀԿ, եւ այնտեղ վերջնական որոշում կկայացվի: Սակայն ես ընդգծում եմ, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային չափանիշներին: Առաջնահերթ խնդիրների թվում է քվեաթերթիկների հաշվառման համակարգի կանոնակարգումը, ԿԸՀ վերջին տվյալների ժամանակին հրապարակումը ինտերնետ-կայքում: Խախտումներ եղել են, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքների վրա»,- ընդգծել է Ֆրլեցը:

Հայաստան. ԱՊՀ դիտորդներն առաջարկում են իրենց գործընկերներին միանալ իրենց հայտարարությանը

ԱՊՀ Դիտորդական առաքելության խումբը բաղկացած էր 239 հոգուց: Նրանք ներկայացնում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզական Հանրապետության, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի օրենսդիր, գործադիր, ընտրական մարմինները: ԱՊՀ դիտորդների թվում են նաեւ Բելառուսի եւ Ռուսաստանի միության Խորհրդարանական ժողովի եւ Համագործակցության մարմինների՝ ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, Համագործակցության գործադիր տնօրեն Վլադիմիր Ռուշայլոն: Նա նշել է, որ ԱՊՀ միջազգային դիտորդները կատարել են իրենց ֆունկցիաները Հայաստանի օրենսդրության համաձայն, չեն միջամտել ընտրական գործընթացին եւ ղեկավարվել են ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ քաղաքական չեզոքության սկզբունքով: «Դիտորդներին իրավունք է ընձեռվել շփվել ընտրական գործընթացի մասնակիցների, գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների հետ: ԱՊՀ Դիտորդական առաքելության շտաբը հանդիպումներ է անցկացրել ԿԸՀ-ում, Դատախազությունում, Ոստիկանությունում եւ Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում:

Շտաբի անդամները տեղեկատվություն են փոխանակել քաղաքական կուսակցությունների եւ նրանց նախընտրական շտաբների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում էին ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուների, նրանց վստահված անձանց հետ»,- ասել է Ռուշայլոն:

Նրա խոսքերով, ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովն առաջին անգամ Լրատվական-խորհրդատվական կենտրոն էր կազմավորել, որը թույլ կտար Համագործակցության Դիտորդական առաքելությանը լիարժեք գնահատել ընտրարշավի ընթացքը: Իր գործունեության ընթացքում ԱՊՀ երկարաժամկետ դիտորդներն այցելել են բոլոր ընտրատարածքները:

«ԱՊՀ Դիտորդական առաքելությունն աշխատել է բաց եւ հրապարակային: Թողարկվել են երեք տեղեկատվական հաղորդագրություններ, մամլո հաղորդագրություն եւ միջանկյալ զեկույց: Երկարաժամկետ դիտարկման ընթացքում նկատվել են առանձին թերություններ ընտրարշավի կազմակերպման եւ հանձնաժողովների աշխատանքում: Դրանք վերաբերել են, օրինակ, ցուցակների վիճակին, ընտրական կենտրոնների համարներով ցուցանակների եւ տեղամասերի սահմանների մասին տեղեկության բացակայությանը, տեղական ընտրական հանձնաժողովների կազմին: Նման թերություններ են արձանագրվել թիվ 9, 10, 16, 25 տարածքներում, սակայն կրել են տեխնիկական բնույթ եւ չեն եղել զանգվածային, անմիջապես շտկվել են դիտորդների առաջարկով: Դիտարկման ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակումը նախընտրական քարոզարշավի մասին ԱՊՀ Դիտորդական առաքելության շտաբի ղեկավարության եւ ԵԱՀԿ Դիտորդական առաքելության ղեկավարության, երկու առաքելությունների երկարաժամկետ դիտորդների հանդիպումների ժամանակ»,- ընդգծել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը: