Չեն համապատասխանում ժողովրդավարության արժեքներին

15/05/2007

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում նախընտրական շրջանի եւ ընտրաշրջանի կապակցությամբ: Այս ընտրությունները եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը հատկապես կարեւորվում էին հասարակության կողմից փոփոխությունների ակնկալիքի համատեքստում: Կառավարությունն իր հերթին լիովին գիտակցում էր, որ երկրի միջազգային վարկանիշը եւ հնարավորությունները՝ մասնակցել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Հազարամյակների մարտահրավերների ծրագրերին, մեծապես վտանգված կլինեն` եւս մեկ` միջազգային չափանիշներին անհամապատասխան ընտրությունների պարագայում: Այնուամենայնիվ, դա չկանգնեցրեց իշխանություններին` նախընտրական տարվա ընթացքում ուժեղացնելու գերատեսչությունների եւ վարչական ռեսուրսների ու դրանց անօրինական օգտագործման հանդեպ գոյություն ունեցող վերահսկողությունը:

Մենք մեր խոր մտահոգությունն ենք հայտնում լրատվամիջոցների ազատության եւ լրատվամիջոցներից օգտվելու իրավունքի, հավաքների ազատության, մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի խախտումների, ընտրաշրջանից առաջ եւ դրա ընթացքում գործադրված բռնությունների եւ սպանությունների կամ մահափորձերի, ինչպես նաեւ՝ լայնատարած կոռուպցիայի եւ վարչական ռեսուրսի օգտագործման կապակցությամբ: Ընտրապայքարում օգտագործվել են այնպիսի մեթոդներ եւ գործելակերպ, որոնք ձեւավորում են վախի, կասկածի եւ անձի վտանգվածության մթնոլորտ: Այս մտահոգությունը հիմնված է մեր դիտարկումների եւ տարվա ընթացքում մեր կողմից իրականացրած մոնիտորինգային աշխատանքների վրա:

– Լրատվամիջոցների ազատություն/լրատվամիջոցներից օգտվելու իրավունք. չնայած, որ ընդդիմությունը ստացել է ընտրարշավի եւ դրան նախորդող մի քանի օրվա ընթացքում լրատվամիջոցներից օգտվելու հնարավորություն, հայտնի փաստ է, որ դրանից առաջ նրանք գրեթե զրկված էին եթերից: Իշխանությունների կողմից վերահսկվող Հանրային հեռուստատեսությունը եւ լրատվական այլ ալիքներ համեմատաբար հավասարակշիռ կերպով լուսաբանել են ընտրարշավը, այնուհանդերձ, ընտրարշավի մեկնարկից առաջ ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցների կողմնապահ մոտեցմամբ, արդեն իսկ, մեծ վնաս էր պատճառված: Մեզ` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտահոգում են նաեւ հետեւյալ կարեւոր հիմնախնդիրները.

ա. Չնայած, որ 2005թ. սահմանադրական փոփոխություններն ընձեռել են ավելի ներկայացուցչական եւ, ուստի, ավելի անկախ կարգավորող մարմին ունենալու հնարավորություն, 2007թ. փետրվարին ընդունված օրենսդրական «բարեփոխումների» հետեւանքով, երաշխավորվել է կարգավորող մարմնի` մինչեւ 2011թ. նախագահի հսկողության ներքո մնալը (նշենք, որ մինչ այդ արդեն կսպառվեն հեռուստալիցենզիաների ժամկետները եւ կտրամադրվեն նորերը):

բ. ՀՌԱՀ նախագահը, ում անվան հետ է կապվում ընդդիմադիր միակ հեռուստաալիքի փակումը եւ 12 տենդերային մրցույթներում «Ա1+»-ին լիցենզիայի տրամադրման շարունակական մերժումը, կրկին նշանակվել է նույն պաշտոնին, ինչը վկայում է այն մասին, որ նրա կողմից տվյալ մարմինը ղեկավարելու ընթացքում իրականացված եւ իրականացվելիք քաղաքականություններին «կանաչ լույս» է տրվում:

գ. Տարին «նշանավորվել» է լրագրողների դեմ բռնության դեպքերով: Օրինակ՝ Նարինե Ավետիսյանի («Լոռի» հեռուստակայանի գործադիր տնօրեն) ահաբեկումը, Գագիկ Շամշյանի (արտահաստիքային լրագրող) ահաբեկումը, որին հաջորդել է նրա քրեական հետապնդումը, հարձակումը Հովհաննես Գալաջյանի («Իրավունք») վրա եւ Արման Բաբաջանյանին («Ժամանակ Երեւան») անհիմն խիստ ազատազրկման դատապարտումը:

– Հավաքների ազատություն. ընտրարշավի վրա իրենց բիծն են թողել ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության, օրինակ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Իմպիչմենտ» եւ այլ կուսակցությունների ցույցերի եւ հրապարակային ժողովների արգելման բազմաթիվ դեպքերը Երեւանում եւ հատկապես շրջաններում:

– Անդամակցության ազատություն. կիրառվել է կուսակցություններին կամավոր անդամակցելու իրավունքի ոտնահարում եւ հատկապես լայն տարածում է ունեցել նախընտրական շրջանում, մասնավորապես՝ պետական հաստատություններում եւ մարզային փոքր համայնքներում:

– Բռնություն. Ընտրությունների մասնակցող խոշորագույն քաղաքական կուսակցությունների հետ կապեր ունեցող պաշտոնյաների սպանություններ կամ մահափորձեր, ինչպես նաեւ՝ համայնքային «հեղինակությունների» սպանություններ են տեղի ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում: Ոստիկանությունը ծեծի է ենթարկել մայիսի 9-ի ընդդիմության երթի մասնակիցներին` փորձելով վախ եւ քաոս սերմանել ցուցարարների շրջանում, չնայած այդ փորձը մեծ մասամբ տապալվել է: Տարբեր պատրվակներով խուզարկություններ են անցկացվել ընդդիմության ակտիվիստների բնակարաններում, եւ կալանավորվել են ընդդիմության առաջնորդներ:

– Մասնավոր կյանքի գաղտնիության իրավունք. կիրառվել է ՊԱԿ-ի գործիքակազմից ժառանգված մեթոդ, այն է` մասնավոր զրույցի գաղտնալսում, սակայն այդ արարքը չի դատապարտվել իշխանությունների կողմից եւ դրան չի հետեւել քրեական գործի հարուցում: Ավելին, նաեւ նշվել է Հանրապետության Նախագահի կողմից, որը համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում դատողություններ է արել ձայնագրության վերաբերյալ` այդ կերպ տեղիք տալով ընդդիմադիր առաջնորդի կերպարի վերաբերյալ որոշակի կարծիքի ձեւավորմանը:

– Կոռուպցիա. ընտրողներին կաշառելու պրակտիկան ընտրարշավից առաջ, ընտրարշավի ժամանակ, ինչպես նաեւ՝ բուն ընտրության օրը Հայաստանում ինստիտուցիոնալիզացվել է, եւ այս ընտրությունները բացառություն չդարձան: Կաշառումը տեղի է ունեցել «բարեգործության» քողի ներքո, այսինքն՝ որոշակի քաղաքական կուսակցությունների պատկանող, այսպես կոչված, «բարեգործական» կազմակերպությունների միջոցով բաժանվել են գյուղատնտեսական ապրանքներ, պարարտանյութ, հեռուստացույցներ, ինչպես նաեւ՝ ուղղակի կաշառքի տեսքով: Կաշառք է առաջարկվել/տրվել նաեւ քվեարկողներին եւ հանձնաժողովների անդամներին:

– Վարչական ռեսուրսի օգտագործում. Պետական գերատեսչությունների եւ վարչական ռեսուրսների հանդեպ վերահսկման իրականացումը անհավասար պայմաններ է ստեղծել քաղաքական կուսակցությունների համար: Ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու կոչված կառույցները չկատարեցին իրենց պարտավորությունները: Պետական պաշտոնյաները, ընտրարշավից առաջ եւ դրա ընթացքում, իրենց աշխատանքային ժամերին ակտիվորեն զբաղվել են քարոզչությամբ: Իշխանությունների կողմից ճնշում է գործադրվել կառավարության, ինչպես նաեւ՝ պետական գերատեսչությունների աշխատակիցների վրա` կատարելու որոշակի քաղաքական ընտրություն` այդպիսով ստեղծելով վախի եւ ահաբեկության մթնոլորտ: Նրանց վրա ճնշում է գործադրվել նաեւ որոշ կուսակցությունների համար` քվեների որոշակի քանակի ապահովման նպատակով: Իրավապահ մարմինները, իրենց համապատասխան գործողություններով, օգտագործվել են որպես միջոց` նման մթնոլորտի ձեւավորման համար: Ընդդիմադիր կուսակցությունների հավաքների հաճախող շարքային քաղաքացիներն ահաբեկվել են տեղական իշխանությունների կողմից եւ դրա փոխարեն ստիպված են եղել մասնակցել իշխանամետ կուսակցությունների հավաքներին: Չնայած ընտրացուցակների բարելավման վերաբերյալ հայտարարությանը` բազմակի քվեարկության, ինչպես նաեւ՝ երկրից բացակայող ազգաբնակչության ձայների օգտագործման շատ դեպքեր են արձանագրվել:

Վերոհիշյալ փաստերից ելնելով` մենք հայտարարում ենք, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարության արժեքների եւ կիրառման մեր ընկալմանը: Այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում ՀՀ ընտրած ուղու վերաբերյալ:

«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան
ԵՄԱ, Թրանսփերենսի ինտերնեյշնլ/Տարածաշրջանային զարգացման կենտրոն
«Թիմ» հետազոտությունների կենտրոն
Ժողովրդավարություն. քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոն
Իրավունքի եւ տեղեկատվության կենտրոն
«Ինտերնյուս» Մամուլի աջակցության հ/կ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Համագործակցություն հանուն ժողովրդավարության
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի գրասենյակ
Հոգեկան առողջության հիմնադրամ
Հոգեւոր Հայաստան
Մամուլի բազմազանության ինստիտուտ
Սոցիալական քաղաքականության եւ զարգացման կենտրոն
Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների միջազգային կենտրոն